Jump to content

Բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանակը լայն, առավել խոսակցական իմաստով՝ որևէ պետության զինված ուժերի ամբողջությունն է, կամ նեղ, ճշգրիտ՝ ռազմագիտական իմաստով՝ այդ զինված ուժերի ցամաքային զորքերը, որպես պետության զինված ուժերի բաղկացուցիչ մասը։ Առավել նեղ իմաստով բանակ տերմինը, բառեզրը կամ գիտաբառը նշանակում է նաև զորային միավորում, որը բաղկացած է մի քանի բանակային կորպուսներից, դիվիզիաներից, բրիգադներից[1][2][3][4][5]։

Տերմինի ծագումն ու ստուգաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակ տերմինը ծագում է գրաբարյան «բանակ» բառից, որն ունեցել է մի քանի նշանակություն, այդ թվում՝

1) «զօրքի խումբ»[6],
2) «ուղևորների կարաւան»[6],
2) «զօրքի խումբ իմաստով բանակի իջած, դադարած, իջևանած տեղը»[6]։

18-րդ դարում Վենետիկի Մխիթարյանների հրատարակած և ցայսօր իր արժեքը չկորցրած «Հայկազեան Բառարանը» (Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի) «բանակ» բառի մասին համապատասխան բառահոդվածում տալիս է հետևյալ տեղեկությունները. «Բանակ», եզակի սեռական հոլով՝ «բանակի», հոգնակի սեռականի ձևը՝ «բանակաց»։ Գոյական անուն է։ Հունարեն զուգահեռն է «պարեմբոլե՛» (Παρεμβολη՛), լատիներենը՝ «կա՛ստրա» (Castra): Նշանակել է՝ «1. Միաբան բազմութիւն զօրու ի չու, ի ճակատս և ի կայանս, 2. որպէս և կարաւան ուղևորաց և 3. տեղի իջևանելոյ, դադարք»։ Թուրքերեն և արաբերեն զուգահեռներն են՝ «օրդու», «մուասկեր», «ասկերգյահ»[7]։

XX դարի խոշորագույն հայագետներից մեկի՝ ակադեմիկոս Ստեփան Մալխասեանցի հեղինակած «Հայերէն բացատրական բառարանը»՝ շարունակելով Մխիթարյանների մշակած հայկական լեզվագիտության գրաբարյան-դասական ավանդույթները (այդ թվում՝ հայերենի մաշտոցյան, ավանդական կամ դասական ուղղագրությունը՝ ընդ որում Ստալինյան դիկտատուրայի պայմաններում) և միաժամանակ դնելով արդի հայերենի բառարանագիտական հիմքերը, տալիս է «բանակ» բառի հետևյալ բացատրությունները.

1) Բանակ - «Մարդկանց բազմութիւն, որը համախմբուած է ճանապարհ գնալու»[8]։
2) Բանակ - «Զօրքի գունդ՝ չուի ժամանակ կամ պատերազմի դաշտում»[8]։ Այսինքն՝ եթե ակադեմիկոս Մալխասեանցի միտքը արտահայտենք ժամանակակից հայերեն ռազմական տերմիններով, կստացվի հետևյալը՝ «Բանակ - զորամիավորում՝ ռազմերթ կատարելիս կամ ռազմական գործողություններ վարելիս»։
3) Բանակ - «Պետութեան զօրքը»[8]։
4) Բանակ - «Մի քանի կորպուսից բաղկացած զօրախումբ, որ գործում է պատերազմի միևնոյն ճակատի վրայ, մի անձի գլխաւոր հրամանատարութեան տակ»[8]։
5) Բանակ - «Այն տեղը, որտեղ զօրքը դադար է առնում, զօրքի կայան պատերազմի ժամանակ»[8]։
6) Բանակ - «Այգիներում թումբերի շարքերը, որոնց վրայ վազները տնկւում են»[8]։

Արդի հայերենում բանակ բառը կարող է ունենալ մի շարք նշանակություններ, այդ թվում՝

1) «որևէ պետության զինված ուժերի ամբողջությունը»[9][10]։
2) ցամաքային զորքեր, որպես պետության զինված ուժերի բաղկացուցիչ մասը[11],
3) «Մի քանի կորպուսների ու դիվիզիաների միավորում՝ ռազմական գործողություններ վարելու համար»[9][10]։
4) «Ընդհանրապես՝ զորք»[10]։
5) Փոխաբերական իմաստով՝ «Մարտականորեն աշխատող մարդկային զանգված»[9]։
6) Փոխաբերական իմաստով՝ «Քաղաքական խմբակցություն, ուղղություն»[9]։
7) Փոխաբերական իմաստով՝ «Որևէ ընդհանուր գործով՝ հատկանիշով՝ զբաղմունքով իրար հետ կապված մարդկանց մեծ բազմություն»[10]։
8) Փոխաբերական իմաստով՝ «Խումբ, բազմություն»[9]։
9) Փոխաբերական իմաստով՝ նաև՝ «խումբ, երամ, վտառ»[10]։

Գևորգ Ջահուկյանի հեղինակած «Հայերեն ստուգաբանական բառարանը» բանակ բառը մեկնաբանում է որպես

1) բանակ[12],
2) զորաբանակ[12],
3) ուղևորների խումբ[12],
4) բանակատեղ[12]։

«Հայոց լեզվի հոմանիշների բառարանը», նշելով, որ «բանակը» գոյական անուն է և ռազմական տերմին, տալիս է բանակ բառի հետևյալ հոմանիշները.

1) Զորք, զորաբանակ, ղակիշ, լակիշ (հնացած ձևեր), զինված ուժեր[13],
2) Բանակատեղ, բանակատեղի, ճամբար[13]։

Հրաչյա Աճառյանը նշում է, որ վրացերեն բանակի (բանակ), բանակեբա (բանակել), դաբանակեբա (ճակատ յարդարել, բանակել և կռուի պատրաստուել), սաբանակէ (բանակ, վաշտ), նաբանակևի (բանակատեղի) բառերը փոխառություն են հայերենից։ Միաժամանակ, իր սովորության համաձայն, կասկած է հայտնում, թե հայերեն «բանակ» բառը, հավանաբար, իր հերթին փոխառություն է պահլավերենից (միջին պարսկերեն), ինչը, սակայն, առնվազն զարմանալի պիտի թվա, քանզի հայկական պետականության (տե՛ս Հայկական պետականությունների ղեկավարների ցանկ, Հայկական պետությունների և տարածքների ցանկ, Հայասա` Ք.ա. XVI-XIII դարեր, Նաիրի` Ք.ա. XIV-X դարեր, Վանի թագավորություն` Ք.ա. 860-590 թթ., Երվանդունիների թագավորություն՝ Ք.ա. 570-201 թթ., Մեծ Հայք` Ք.ա. 331 թ. - Ք.հ. 428) և ռազմական ուժերի ու բանակաշինության պատմությունը առնվազն ավելի քան կես հազարամյակով, իսկ իրականում մեկ ու կես հազարամյակով ավելի հին է, քան պարթևականը (Ք.ա. 250 թ. - Ք.հ. 226 թ.), ուստի և կայացած հայկական պետությունը, նրա զինված ուժերը և նրա պաշտոնական լեզուն՝ հայերենը կարիք չունեին ավելի երիտասարդ պարթևական պետությունից, նրա զինված ուժերից և նրա խոսակցական լեզվից՝ պարթևերենից և պաշտոնական լեզվից՝ պահլավերենից, փոխառելու վաղուց ունեցած հայկական ռազմական տերմինները, այդ թվում դրանցից հիմնականներից ու կարևորագույններից մեկը՝ բանակը։

Հայերենի «բանակ» ռազմական տերմինին համապատասխանում են լատիներենից ծագող (լատին․՝ armare՝ «զինել»)[14] անգլ.՝ Army, ֆր.՝ armée, գերմ.՝ Armee, ռուս.՝ А́рмия տերմինները։

Վերը նշված համապատասխան լեզուներում «բանակ» ռազմական տերմինը ունի հետևյալ նշանակությունները.

1) որևէ պետության զինված ուժերի ամբողջությունը[9][10][14]։
2) ցամաքային զորքեր, որպես պետության զինված ուժերի բաղկացուցիչ մասը[10][14][15],
3) Զինված ուժերի զգալի զանգվածի միավորում՝ սովորաբար՝ միևնույն ռազմաբեմում, որոշակի նպատակ հասնելու համար, մեկ անձի հրամանատարության ներքո[14][15]։

Մեկ ռազմաբեմում հույժ զգալի ուժերի համակենտրոնացման դեպքում, դրանց բոլորի անմիջական հրամանատարությունը անհնար է դառնում մեկ զորահրամանատարի համար, ուստի զորքերի թվաքանակի հայտնի սահմանին հասնելուց հետո, կամ, զորքերի՝ մեծ տարածության վրա սփռված լինելու դեպքում, անհրաժեշտություն է դառնում զորքերի բաժանումը առանձին ինքնուրույն բանակների (բանակ (զորային միավորում)), որպես զորային միավորումների։

Բանակների կազմակերպման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհի բանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնադարյան հասարակությունում ը և զորքը համընկնող հասկացություններ էին։ Արական սեռի բոլոր ազատ անձինք, որոնք ընդունակ էին զենք կրելու, ռազմիկներ էին։

Սակայն զբաղմունքների մասնագիտացումը, առանձնացումը, մասնագիտությունների խորացումն ու բարդացումը, ինչը ուղեկցում էր ժողովուրդների՝ նստակեցության անցման բնական գործընթացին, մշակույթի զարգացման հատուկ բնույթը և ծագած պետությունների քաղաքական կազմակերպվածքի հիմնական գծերը անդիմադրելի ազդեցություն գործեցին ժողովուրդների ռազմական գործի և ռազմական կազմակերպվածքի վրա։

Հին Արևելքի բանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հնդկաստանում և Հին Եգիպտոսում ռազմիկները վերածվեցին հատուկ ժառանգական կաստաների։

Հին Հայաստանի բանակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում ստեղծվել է ուժեղ բանակ, որի միջուկը «արքայական» կոչված զորագունդն էր, հիմնական զորատեսակները՝ հետևակը, այրուձին և մարտակառքերը։ Հետևակազորի կազմում եղել են սակրավորների, նիզակավորների, աղեղնավորների, հետախույզների և այլ միավորումներ։ Հետևակ զինվորները կրել են զրահներ, սաղավարտներ և վահաններ։ Ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշվում է զորքի գլխավոր հրամանատարը («թուրթան») և այլ զինվորական պաշտոնյաներ։

Արտաշեսյանների օրոք (Ք․ ա․ 189թ. – Ք. հ․ 1 թ.) հաճախակի պատերազմների պատճառով Հայաստանը ստիպված Էր պահել մոտ 100 հազարանոց բանակ, որի կորիզն էր զրահավոր (ծանր) հեծելազորը։ Ստվարաթիվ էր թեթև հեծելազորը։ Զորքի գերակշիռ մասը պարսաձիգներից, նետաձիգներից և զրահավոր նիզակակիրներից բաղկացած հետևակն էր։ Կային նաև պաշարողական տեխնիկա, սակրավոր զորամասեր, գումակ և այլն։ Քաղաքներում ու բերդերում տեղակայվել են կայազորներ։ Զինվորներին մշտական ծառայության դիմաց տրվել են հողաբաժիններ։ Զորքի գլխավոր հրամանատարը թագավորն էր, որն ուներ իր գվարդիան, դրանիկ գունդը և հեծելակներից կազմված թիկնազորը։

OԱրշակունիների օրոք (66–428 թթ.) բանակի կորիզը արքունի գվարդիան Էր։ Տրդատ III կատարեց ռազմական բարեփոխումներ և Հռոմեական կայսրության օրինակով հայոց զորքի հրամանատարությունը հանձնեց չորս զորապետների (նախկին մեկ գլխավոր հրամանատարի փոխարեն)։ Այս բարեփոխումից հետո, ինչպես երևում է նույն դարի Զորանամակից, Մեծ Հայքի զինված ուժերը բաղկացած են եղել սահմանակալ չորս (80 հազար հեծյալ) և մեկ արքունի (40 հազար հեծյալ) բանակներից։ Հայոց մշտական զորքը համալրվել է ազատներից, որոնց համար զինվորական ծառայությունը եղել է ժառանգական, ծառայության դիմաց նրանք ստացել են կալվածներ և անշարժ գույք։ Երկրում գործել են ռազմական դպրոցներ։ Պատերազմների ժամանակ հետևակազորը համալրվել է ռամիկներից։

Հին Հունաստանի բանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնպիսի կաստային բնույթ էր կրում նաև Սպարտայի բանակը, Սպարտական պետության ռազմական կազմակերպվածքը, սակայն այստեղ ռազմական կաստան կազմում էր ամբողջ ժողովուրդը՝ իր լրիվ կազմով՝ (դորիացիներ), որպես Պելոպոնես թերակղզու հարավային այդ մարզը` Լակեդեմոնը (հին հունարեն՝ Λακεδαίμων, լատին․՝ Lacedaemon) նվաճածներ։ Սպարտայում (հին հունարեն՝ Σπάρτη, լատին․՝ Sparta) զենքի իրավունքը պատկանում էր միայն դորիացիներին։ Մնացած ազատ բնակչությունը՝ (պերիէկներ), ինչպես նաև անազատ բնակչությունը՝ ստրուկները (իլոտներ) կարող էին սոսկ զենքի կոչվել։

Հունական փաղանգ:

Հին Հունաստանի կամ Հելլադայի մեկ այլ կարևոր պետությունում՝ Աթենքում և այլ հին հունական հանրապետություններում պետության զինված ուժերը կազմվում էին ազատ քաղաքացիներից։

Հաշվի առնելով այն, որ քաղաքացիները զենքի էին կոչվում միայն պատերազմի դեպքում, ապա այդ հանրապետությունների զինված ուժերը՝ բանակները, կրում էին քաղաքացիական աշխարհազորի՝ միլիցիայի բնույթ։

Այդ պետություններում մշտական զորքերը առկա էին ամենաաննշան քանակությամբ և նախատեսվում էին խաղաղ ժամանակ գերազանցապես պահակային ծառայություն կատարելու համար, որը միևնույն ժամանակ նախապատրաստական ռազմական դպրոցի դեր էր կատարում պատանիների համար։ Նման մի երևույթ (սոցիալական շերտ՝ «թուխ մանուկ» անվամբ) գրանցվել է նաև Հին և Միջնադարյան Հայաստանում, որն ունի բազմադարյան արմատներ և լուսաբանված է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի կողմից հրապարակված համապատասխան աշխատությունում[16][17]։

Սակայն պատերազմների տևողության մեծացման և ժողովրդի մեջ ռազմաշունչ ոգու անկման հետ միասին, հելլենական հանրապետությունների քաղաքացիական աշխարհազորը աստիճանաբար փոխարինվում էր վարձկաններով, որոնք դարձան բանակի համալրման գլխավոր աղբյուրը կամ այսպես ասած՝ մարդկային նյութը։

Արևմտյան Միջերկրածովքի բանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերը դիտարկվեց Հին Հունաստանի հանրապետություններում վարձկանության առաջացման անհրաժեշտությունը։ Մինչդեռ Արևմտյան Միջերկրածովքում գտնվող փյունիկյան ծագմամբ պետությունում՝ Կարթագենում (Կարթագենի հանրապետություն, Ք.ա. IX-II դդ.) նույն այդ վարձկանությունը անհրաժեշտ դարձավ մեկ այլ պատճառով։ Բանն այն է, որ Կարթագենի այսպես կոչված, բնական քաղաքացիների (անգլ.՝ Natural-born-citizen clause) թվաքանակը աննշան էր, իսկ նրանք էլ իրենց բոլոր հետաքրքրություններն ու շահերը կենտրոնացրել էին լայնարձակ առևտրի վրա։ Ստացված վիթխարի դրամագլուխների՝ կապիտալների կուտակումը հնարավորություն տվեց Կարթագենի հանրապետությանը՝ ռազմական ուժեր գնելու ո՛չ միայն իր գտնվելու աշխարհամասում՝ Աֆրիկայում, այլև Եվրոպայի մեծ մասում։

Հին Հռոմում (Հռոմի թագավորություն, Ք.ա. VIII-VI դդ., Հռոմեական հանրապետություն, Ք.ա. VI-I դդ.) զենք կրելու իրավունքը պատկանում էր բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ թե՛ պատրիկներին, թե՛ պլեբեյներին։ Պատերազմի դեպքում բանակ էր կազմավորում կա՛մ հերթական տրիբան, այսինքն՝ ցեղը, ում հերթն էր զորք հանելու, կա՛մ ամբողջ ժողովուրդը, իր ամբողջությամբ մեջ։

Ք.ա. VIII դարի կեսից մինչև Ք.ա. VI դարի վերջը (ավելի կոնկրետ՝ Ք.ա. 753-509 թթ.) դեռևս իր վաղ միապետական՝ թագավորական ժամանակաշրջանն (Regal period) ապրող Հին Հռոմում[18], Ք.ա. VI դարում, փաստորեն, հսկայական պատմական և քաղաքագիտական նշանակություն ունեցող սոցիալ-տնտեսական և ռազմա-քաղաքական բարեփոխում կատարվեց, որը հանգեցրեց այդ փոքր թագավորության ռազմական կազմակերպվածքի արմատական փոփոխությանը։ Մասնավորապես՝ հռոմեական պատմական ավանդույթը վկայում է, թե, իբր, ժողովրդին «տրիբա»-ների բաժանելու փոխարեն Հռոմի ժամանակագրորեն 6-րդ, ընդ որում՝ նախավերջին արքայի՝ ռեքսի՝ Սերվիոս Տուլիոսի (գահակալել է Ք. ա. 578–535 թթ.) առաջարկով հռոմեական ամբողջ ժողովուրդը բաժանվեց «ցենզային» դասերի[19]։ «Ցենզը» նշանակում էր տվյալ անձի եկամտի մեծությունը։ Արդյունքում աղքատագույն քաղաքացիները ազատվեցին ռազմական ծառայություն կատարելու պարտականությունից և զենքի էին կոչվում սոսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Ընդ որում, աղքատագույնները, ամենաաղքատները, որոնք գրեթե ունեզուրկ էին (պրոլետարներ), ռազմական դրոշների ներքո գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար կառավարությունից պարգև էին ստանում։

Թագավորական ժամանակաշրջանի Հռոմեական պետությունը դեռ մշտական զորքեր չուներ։ Քաղաքացիները զենքի տակ էին դրվում, միայն պատերազմի դեպքում և հաշտություն կնքելուց հետո ազատ էին արձակվում բանակից դեպի իրենց տները։ Ուստի և Հին հռոմեական բանակը կրում էր ժողովրդական աշխարհազորի, այսինքն՝ միլիցիոն բնույթ։

Հռոմեական բանակը գետանցում է կատարում։ Բարձրաքանդակ Տրայանոսի սյունից:

Անընդհատ պատերազմները, որը վարում էր Հռոմը, շուտով փոփոխեցին նաև Սերվիոս Տուլիոս արքայի բարեփոխած ռազմական կազմակերպության բնույթը։ Արմատական փոփոխություններ տեղի ունեցան հատկապես հռոմեական նշանավոր քաղաքական գործիչ և զորահրամանատար Մարիոսի օրոք (Ք.ա. II դարի վերջերին - Ք.ա. I դարի սկզբներին)։ Հռոմը այդ ժամանակ վաղուց արդեն հանրապետություն էր (միապետությունը՝ ի դեմս արքայի՝ ռեքսի, տապալվել էր դեռևս Ք.ա. 6-րդ դարի վերջին՝ 509 թվականին)։

Հեծյալների դասից սերող Գայոս Մարիոսը (Ք.ա. 157թ. - Ք.ա. 86 թ.), որը 7 անգամ Հռոմեական հանրապետության ամենաբարձր պաշտոնին էր հասել՝ կոնսուլ էր ընտրվել (Ք.ա. 107, 104-100, 86 թվականներին)[20], Յուգուրթական պատերազմում իր տարած հաղթանակներով արտակարգ ժողովրդականություն էր ձեռք բերել իր պետությունում։ Մարիոսը բանակը համալրեց միայն զինծառայություն կատարելու ցանկություն ունեցողներով և, ընդ որում՝ գերազանցապես՝ ամենաաղքատ դասերի ներկայացուցիչներից՝ այսպես կոչված պրոլետարներից։ Դրա հետևանքով Հռոմեական հանրապետության ռազմական կազմակերպվածքը կտրուկ առանձնացավ Հռոմեական հանրապետության քաղաքացիական կազմակերպվածքից։ Բացի այդ, դա նպաստեց հատուկ ռազմական խավի առաջացմանը, որի համար պատերազմը դարձավ մասնագիտություն։

Զենքի տակ դրված քաղաքացիների կոփումը բանակի շարքերում և Հռոմեական հանրապետության ներսում 20 տարի շարունակվող փաստացի ներքին` քաղաքացիական պատերազմները բանակի դրոշների տակ բերեցին մարդկանց վիթխարի քանակություն, որոնք սովորելով մարտական կյանքին, արդեն սկսեցին իրենցից ներկայացնել պատրաստի նյութ մշտական բանակի կազմավորման համար։ Այսպիսով՝ Հռոմեական հանրապետության վերջին ժամանակաշրջանում հռոմեական ռազմական ուժերը սկսեցին վերածվել մշտական բանակի։

Հռոմեական պատմության կայսերական ժամանակաշրջանի (Ք.ա. I դ. - Ք.հ. V դ.) սկսվելով հռոմեական զորքերն այլևս չէին զորակոչում մեկ ռազմարշավի համար, այլ մնում էին զինծառայության մեջ նաև խաղաղ ժամանակ։ Նրանք համալրվում էին պրոլետարներից, իսկ ռոճիկի վճարումը, որը նախկինում համարվում էր ժամանակավոր օժանդակություն, դառնում է սովորական կանոն։

Հին հռոմեական սկզբունքը, ըստ որի բանակի շարքերը կարող էին մտնել միայն հռոմեական քաղաքացիները, ժամանակի հետ ենթարկվեց զգալի աղճատման։ Դեռևս Օգոստոսի կայսեր օրոք (գահակալել է Ք.ա. 27 թ. - Ք.հ. 14 թ.)[21] խստորեն սահմանազատում էին քաղաքացիներից կազմված լեգեոնը օտարերկրացիների օժանդակ զորքերից։ Սակայն Վեսպասիանոս կայսեր ժամանակներից (Ք.հ. 69-79 թթ.)[22] իտալիկները փաստացի ազատվեցին ռազմական ծառայությունից, և լեգեոնները սկսեցին համալրումներ ստանալ պրովինցիաներից՝ Իտալիայից դուրս գտնվող նահանգներից, որի հետևանքով տարբերությունը լեգեոնների և օժանդակ կոհորտաների միջև ավելի ու ավելի էր ջնջվում։ Չնայած համընդհանուր զինապարտության սկզբունքի գոյությանը՝ բանակի համալրումը հիմնվում էր կամավոր ծառայության անցնելու և հավաքագրման (տե՛ս ru:вербовать) վրա։

Հին Հռոմի այդպիսի բանակը, որն արդեն կորցրել էր իր մոնոէթնիկ՝ միազգ բնույթը և կազմված էր զանազան ազգերի ներկայացուցիչներից (դառնալով էթնիկական խառնարան), պետական օրգանիզմին կապվում էր միայն ի դեմս կայսեր, որպես բանակի հրամանատարի։ Նման բանակն ուներ նույնիսկ իր հատուկ, քաղաքացիականից տարբերվող սովորույթները։ Այս նոր հռոմեական բանակն արդեն ուժ էր ինքնըստինքյան, և այդ ուժը, օրենքում գահաժառանգության մասին կանոնների բացակայության պայմաններում՝ ինքն էր գահին բարձրացնում կայսրերին։

Բարբարոսական, գերմանական ժողովուրդների ամբողջ ամբոխներ սկսեցին մտցվել Հռոմեական բանակի շարքերը և Վալենտինիանոս I կայսեր օրոք (364-375 թթ.)[23] վարձկան գերմանական զորաջոկատներն արդեն իսկ կազմում էին Հռոմեական կայսրության զորքերի կեսը։

Միջնադարի բանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացիները, որոնք կործանեցին Արևմտյան հռոմեական կայսրությունը և նրա ավերակների վրա հիմնեցին իրենց պետությունները, իրենց զորքերի բնույթով աշխարհազորային էին (գերմ.՝ Heerbann):

Եվ այստեղ էլ, ինչպես հին կամ նախնադարյան շատ ժողովուրդների դեպքում՝ «զորք» և «ժողովուրդ» հասկացությունները համընկնում էին։

Հին գերմանների ռազմական կազմակերպվածքը հիմնված էր տոհմական կապերի վրա։

Սակայն քաղաքական միավորումների՝ մեծ ցեղային միությունների վերածվելը, ժողովուրդների ռազմաշունչ գաղթերի սկիզբը և ցեղերի նվաճողական շարժումը դեպի հռոմեական սահմանները և կայսրության տարածքի խորքերը, հանգերեց գերմանական ցեղերի մեջ թագավորական կամ արքայական իշխանության ամրապնդմանը։

Արքաները պարգևական հողատարածքների՝ ֆեոդների կամ լեների, այսինքն՝ ավատների բաժանումը համարում էին հպատակներին իրենց ծառայության մեջ ներգրավելու միակ միջոցը։ Հողատարածքի նվիրումը կապված էր այդ «պարգևական հողատարածքի»՝ ավատի նոր տիրոջ` ավատատիրջ կողմից ավատական պարտականության ստանձնման հետ։ Այժմ նա պարտավոր էր զենքը ձեռքին ներկայանալ արքային, երբ որ վերջինս կպահանջեր դա։ Դա կոչվում էր ռազմական ավատական պարտավորություն։ Կար նաև պալատական ավատական պարտավորություն, երբ ստորակա ավատատերը իր գերակայի համար կատարում էր որոշակի պալատական պաշտոններ։

Թագավորական վասալները՝ ստորակաները պարտավոր էին արքայի մոտ ծառայության գալ ոչ միայն անձամբ, այլև՝ իրենց հետ բերել զորքեր, որոնց թվաքանակը կախված էր իրենց ավատի չափից։

Իրերի այդպիսի դրության անհրաժեշտ հետևանքը դարձավ այն, որ խոշոր ավատատերերը՝ սենյորները, որոնք որպես ավատ ստացել էին թագավորական կալվածքները, իրենց հերթին սկսեցին դրանց առանձին մասերը փոխանցել այլ անձանց՝ նույն այն պայմաններով, որոնցով հենց իրենք էին ստացել արքայից։

Արդյունքում խոշոր ավատատերերից ավատներ ստացածները իրենց հերթին դառնում էին իրենց գերակաների՝ սյուզերենների վասալները՝ ստորակաները կամ ենթակաները։

Վասալականության այդ միացումը հողաբաշխմանը՝ ավատատիրական կամ ֆեոդալական Եվրոպայի զինված ուժերին տալիս էր լիովին առանձնահատուկ բնույթ։ Այն առաջ բերեց ժամանակավոր տեղական աշխարհազորային զորքեր՝ ավատատերերի գլխավորությամբ, որոնք պարտավոր էին ռազմական ծառայության ներկայանալու՝ իրենց գերակայի՝ արքայի կամ այլ խոշոր կամ միջին ավատատիրոջ՝ դքսի, կոմսի, բարոնի առաջին իսկ պահանջով։ Ավատատիրական սանդուղքի ստորին աստիճանում կանգնած էին մանր ավատատերերը՝ ասպետները, որոնք, սովորաբար, գլխավորում էին ավատատիրական բանակի կազմակերպչական և մարտավարական փոքրագույն միավորը հանդիսացող շուրջ 3-12 զինված մարդուց բաղկացած ստորաբաժանումը՝ այսպես կոչված «նիզակը»։ Վերջինիս կազմում ասպետի հետ միասին, որը որպես հրամանատար և տեր գլխավորում էր այդ ստորաբաժանումը և միաժամանակ նրա հարվածային միջուկն էր, մտնում էին նրա մեկ կամ մի քանի հեծյալ զինակիրները, մեկ կամ երկու հետևակային նետաձիգ կամ նիզակակիր, մեկ կամ երկու մանկլավիկ կամ պաժ։ Տեսականորեն բարոնը կարող էր պատերազմի ժամանակ իր ստորակա ասպետներից կազմել մի քանի «նիզակից» բաղկացած զորք՝ դասակից մինչև վաշտի մեծության։ Այդ նույն կերպ կոմսը կարող էր իր հերթին ենթակա բարոնների վաշտերից հավաքել ավատատեր ասպետներից ու նրանց զինակիրներից կազմված գումարտակ, իսկ դուքսը՝ մի քանի նման գումարտակից բաղկացած զորագունդ։

Նորմանդացիները գրոհում են հետևակ անգլոսաքսերին՝ Հասթինգսի ճակատամարտի ժամանակ։ «Գոբելեն Բայոյից», XI դար:

Ռազմական առումով ավատատիրական կամ ֆեոդալական համակարգը նախ և առաջ հանգեցրեց նրան, որ ժողովրդական աշխարհազորը դուրս մղվեց։ Հայտնի է, որ ժողովրդական աշխարհազորը գլխավորապես կազմված էր հետևակից։ Արդյունքում ավատաիրական Եվրոպայում մարտադաշտերում դարեր շարունակ անմրցակից ձևով տեր ու տնօրինություն էր անում ասպետական ծանրազեն հեծելազորը։ Ընդ որում, վերջինս ռազմական հաջողությունների է հասնում ո՛չ թէ մարտավարական կազմակերպություններում, որոնք նախատեսված են զանգվածաբար գրոհելու համար, այլ մենամարտում («դուէլ», ֆր.՝ duel < լատիներեն՝ duellum — «մենամարտ», «երկուսի պայքար», ռուս.՝ дуэ́ль, ռուս.՝ одино'чный бой): Մենամարտում հաջողությունը կախված էր անձնական մարտարվեստից, անձնական քաջությունից։ Այսպիսով ժողովրդական աշխարհազորը կորցրեց իր նախկին ռազմական նշանակությունը, իսկ հետևակը՝ վերածվելով հեծելազորի հանդեպ երկրորդական ու նույնիսկ՝ սպասարկող, ենթակա զորատեսակի կարգավիճակում, ընդհանրապես պահպանվեց միայն միջնադարյան քաղաքներում, որտեղ արհեստավորական միությունները, համքարությունները (guilds), իսկ Միջնադարյան Հայաստանում՝ կտրիճվորաց միությունները աստիճանաբար սկսեցին իրենց ռազմական կազմակերպվածքը ստեղծել։

Ստորակա ավատատերերի հարստության աճման, այսինքն նրանց տնտեսական հզորացման հետ միասին մեծանում էր նաև նրանց ռազմական հզորությունը։ Հաճախ էր պատահում, որ ստորակա ավատատերերը չէին ներկայանում իրենց գերիշխանին կամ գերակային՝ այս կամ այն ծառայությունը, այդ թվում՝ ռազմական ծառայությունը կատարելու համար։ Ավելին, հատկապես խոշոր ու հզոր ավատատեր ստորակաները պայքարի մեջ էին ելնում ընդդեմ արքայի։ Այս երևույթը, որը տեղի էր ունենում միջնադարյան Եվրոպայում, ավելի շուտ ի հայտ է եկել վաղ միջնադարյան Հայաստանում, որտեղ ներից ոմանք երբեմն ապստամբում էին արքայի, իսկ սեպուհները՝ իրենց նախարարների դեմ։

Միջնադարյան Եվրոպայում ստորակա ավատատերերի հզորացման պատճառով թուլացած արքայական իշխանությունը գտնվում էր ճգնաժամային վիճակում։ Առավել կամ պակաս հուսալի որևէ զինված ուժ ունենալու նկատառումով թագավորական իշխանությունը հաճախ ստիպված էր լինում դիմելու վարձկան զորքի ստեղծմանը։

XIV—XV դարերում Եվրոպայի միապետներն ամենուրեք ձգտում էին իրենց ստորակա ավատատերերից և այլ հպատակներից անձնական ռազմական ծառայության փոխարեն ստանալ կա՛մ դրամական միջոցներ կա՛մ գոնե պարենամթերք ու այլ բնամթերքներ, և այդ ամենն օգտագործել առավել հուսալի սեփական վարձկան զորք հավաքագրելու և զինելու ու հանդերձելու նպատակով։ Վարձու զինվորականների պահանջարկը «ծնեց» համապատասխան առաջարկ։ Այդ ժամանակներում Արևմտյան Եվրոպայում հայտնվեցին ոչ թե պարզապես վարձու զինվորականներ, այլ նույնիսկ՝ ամբողջական թափառող զորաջոկատներ, որոնք իրենց ծառայություններն էին առաջարկում նրանց, ունից առավել մեծ շահ էին ակնկալում։ Ընդ որում, եթե պատերազմներ չկային, ապա այդ վարձու ռազմաջոկատները իրենց իրենց պահում էին ավազակություն անելով և զինված կողոպուտով։

Վարձկանությունը առավել վաղ ի հայտ եկավ Ֆրանսիայում։ Արդեն XI դարից սկսած այդ երկրում սկսեցին հայտնվել զգալի քանակությամբ վարձկան զորաջոկատներ, կազմված բրաբանսոններից, շվեյցարացիներից, շոտլանդացիներից և այլն։ Սկզբում այդ վարձկան ռազմաջոկատերը կիրառվում էին ի հավելումն ավատատիրական, ասպետական զորքերին, իսկ այնուհետև ինքնուրույն նշանակություն ստացան։

Ավատատիրության այսինքն ֆեոդալիզմի անկումը գնալով մեծանում էր, դրա հետ միասին մեծանում էր նաև վարձկան ռազմուժ ունենալու պահանջարկը։ Արդյունքում օտարերկրյա վարձկան զորքերի կողքին XIII դարի վերջին ի հայտ եկան նաև տեղական վարձու ռազմաձոկատները, այսպես կոչված «ազատ վաշտերը» կամ «ազատ ջոկատները»՝ ֆր.՝ compagnies franches, ռուս.՝ вольные роты, вольные банды:

Առաջին միապետը, որը եռանդուն միջոցներ ձեռնարկեց «ազատ վաշտերը» ոչնչացնելու համար, Վալուաների գահատոհմին պատկանող ֆրանսիական արքա Կարլոս VII Հաղթականն էր (ֆր.՝ Charles VII le Victorieux, ծնվ. 22 փետրվարի 1403թ., Փարիզ — վախճ.՝ 22 հուլիսի 1461թ., Մեէն-սյուր-Յեվր, արքա է հռչակվել 1422-ին, պաշտոնապես գահ բարձրացել՝ 1429-ին)[24]։ Այս տաղանդավոր ռազմաքաղաքական բարեփոխիչը՝ լինելով Կարլոս VI Խելահեղ անվանյալ արքայի և Իզաբելլա Բավարուհի թագուհու որդին՝ լուրջ փոփոխություններ կատարեց Ֆրանսիայի, և փաստորեն, նաև միջնադարյան Եվրոպայի ռազմական համակարգում։ Կարլոս (Շարլ) VII Հաղթականը սահմանեց հատուկ հարկ՝ զորքեր պահելու համար, որի արդյունքում հնարավորություն ստացավ կտրուկ միջոցներ ձեռնարկել և խստորեն փոխել իրեր նախկին դրությունը։ Նախ և առաջ մի ամբողջ շարք արքայական հրովարտակներով՝ օրդոնանսներով Շարլ VII-ը մասնավոր անձանց զրկեց զինված ջոկատներ կազմելու իրավունքից և այդ իրավունքը վերապահվեց բացառապես ֆրանսիական թագավորին։ Այդուհետև Ֆրանսիայում այն անձը, որը կկամենար իրեն նվիրել ռազմական արհեստին, պարտավոր էր երկրի կառավարությունից հայցել ռազմական վաշտ ստեղծելու արտոնագիր (այդ արտոնագիրը տրվում էր հատուկ հրովարտակով՝ օրդոնանսով)։ Ընդ որում՝ արտոնագիր շնորհելու հետ մեկտեղ սահմանվում էր նաև տվյալ թույլատրված ռազմական վաշտի մեծությունը, այսինքն՝ անձնակազմի թվաքանակը։ Տվյալ վաշտի կապիտանը (լատիներեն՝ caput, գլուխ բառից), այսինքն՝ «գլխապետը» կամ վաշտապետը, ստանալով կառավարական արտոնագիրը՝ պատասխանատու էր դառնում գերագույն իշխանության առջև՝ այն բոլոր անօրինությունների և օրինախախտումների համար, որոնք կատարում էր իր ենթակա վաշտը։

Կառլոս (Շարլ) VII Հաղթական, Արքա Ֆրանսիայի, 1422-1461թթ.:

Այդ վաշտերը ստացան «հրովարտակային վաշտեր» կամ «օրդոնանսային վաշտեր» (ֆր.՝ compagnies d’ordonance) անվանումը[25]։

Փաստացի կերպով օրդոնանսային վաշտերը դարձան այդ ժամանակվա Եվրոպայի առաջին մշտական բանակը, այն հեռավոր ժամանակից ի վեր, ինչ վերացել էր Հռոմեական կայսրության մշտական բանակը։

Օրդոնանսային վաշտերի հիման վրա կազմված մշտական բանակը կազմակերպված էր արքայի ռազմական գերակայության սկզբունքով։

Օրդոնանսային վաշտերը կազմում էին Ֆրանսիական թագավորության այդ ժամանակվա մշտական բանակի հեծելազորը։

Դրա հետ միասին Կարլոս VII Վալուան փորձում էր կազմակերպել նաև հետևակի զորատեսակը։ Այն իրենից ներկայացնելու էր հետևակ աշխարհազորը կամ հետևակային միլիցիան։ Սակայն ֆրանսիական այդ արքայի փորձերը հաջողությամբ չպսակվեցին։

Այն ժամանակներում գոյություն ունեցող հողատիրական հարաբերությունների պայմաններում գյուղացիների ձեռքը զենք տալը համարվում էր հույժ վտանգավոր գործ, ուստի և Կառլոս VII Վալուայի որդին և հաջորդը՝ Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XI կամ Լուի Ողջախոհը (1461-1483) պարզապես ոչնչացրեց գյուղացիական աշխարհազորը և սկսեց իր բանակի հետևակազորը համալրել ի հաշիվ շվեյցարական վարձկանների հավաքագրման։

Այսպիսով Վալուաների գահատոհմի այս արքաները՝ Շարլ VII Հաղթականը և Լուի XI Ողջախոհը ամեն ինչ անում էին միասնականացնելու և հզորացնելու 100-ամյա պատերազմից նոր դուրս եկող Ֆրանսիական թագավորությունը, և նրանց բարենորոգչական պետական ու ռազմական ստեղծարար գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը եղավ մշտական բանակի կազմակերպումը։

Այնուամենայնիվ, Լյուդովիկոսը մշտական բանակի ստեղծման իր քայլերում թույլ տվեց որոշակի սխալներ։ Այդ մասին հետաքրքիր է արտահայտվել իտալացի քաղաքագետ և ռազմագետ, նոր ժամանակների քաղաքագիտության «հայր» Նիկոլո Մաքիավելին իր «Տիրակալը» գրքում. «Լյուդովիկոս XI-ի հայրը՝ Կարլ VII-ը, բարեհաճ ճակատագրի և խիզախության շնորհիվ անգլիացներից Ֆրանսիան ազատագրելով, հասկացավ, թե որքան անհրաժեշտ է զինված լինել սեփական զենքով և հրամայեց ստեղծել մշտական հեծելազոր ու հետևակ։ Ավելի ուշ, նրա որդին՝ Լյուդովիկոսը, արձակեց հետևակն ու ծառայության վերցրեց շվեյցարացիներին։ Այս սխալն ավելի խորացրին նրա հետնորդները, և հիմա դա թանկ է նստում ֆրանսիական թագավորության վրա։ Որովհետև, գերադասությունը շվեյցարացիներին տալով, Ֆրանսիան կոտրեց իր զորքերի մարտական ոգին։ Հետևակի լուծարումից հետո, վարձկան զորքի աջակցությամբ կռվող հեծելազորն արդեն վստահ չէ, որ կարող է սեփական ուժերով ճակատամարտ շահել։ Ստացվում է այնպես, որ շվեյցարացիների դեմ ֆրանսիացիները չեն կարող կռվել, իսկ առանց շվեյցարացիների ուրիշների դեմ չեն համարձակվում։ Հետևաբար, Ֆրանսիայի զորքերը խառն են մասամբ սեփական, մասամբ վարձու և այդ տեսքով մեծապես գերազանցում են ամբողջությամբ վերցված դաշնակցային կամ ամբողջությամբ վերցված վարձու զորքին, բայց մեծապես զիջում են սեփական զինվորներից կազմված զորքին։ Սահմանափակվեմ արդեն հայտնի օրինակով. Ֆրանսիան անհաղթելի կլիներ, եթե կատարելագործեր կամ թեկուզ պահպաներ Կարլի օրոք ստեղծված զորքի կառուցվածքը։ Բայց մարդիկ անխելքության պատճառով հաճախ գեղեցիկ պաճուճանքի մեջ թույնը չեն տեսնում, ինչպես վերևում արդեն ասել եմ թոքախտային տենդի առիթով»[26]։

Շվեյցարական վարձկանները ճակատամարտում են ընդդեմ գերմանական լանդսկնեխտների՝ Մարինյանոյի ճակատամարտում (1515 թ.):

Վարձկանությունը Գերմանիայում կազմակերպվելով՝ վերածվեց մի ամբողջ համակարգի և XV դարի վերջին ավարտվեց՝ լանդսկնեխտական (գերմ.՝ Landsknecht) զորագնդերի ստեղծմամբ[27]։ Լանդսկնեխտական զորագնդերը ջանադրաբար սովորեցված էին ռազմական արհեստին կամ նեղ իմաստով ռազմական գործին։ Բացի այդ, լանդսկնեխտական զորագնդերը ստանում էին մշտական ռոճիկ։ Լանդսկնեխտները իրենց գոյության առաջին շրջանում յուրատեսակ ազնվականա-ասպետական ռազմական հաստատություն էին։ Նրանք ունեին հատուկ կազմակերպվածք՝ սեփական ներքին ինքնավարությամբ, սեփական դատավարությամբ, իրենց սեփական համայնքային սովորույթներով։ Լանդսկնեխտական զորաջոկատների ձևավորման իրավունքը համարվում էր պատվավոր իրավունք։ Այդ իրավունքից օգտնվում էին միայն այն անձինք, որոնք օծվել էին ասպետ և մարտական համբավ էին ձեռք բերել։

Հինգ լանդսկնեխտները։ Նկարի հեղինակ՝ Դանիել Հոպֆեր, XVI դար:

Հաբսբուրգների գահատոհմին պատկանող Մաքսիմիլիան I կայսեր (ծնվ.՝ մարտի 22, 1459 թ., Վիեներ Նոյշտադտ, Ավստրիա — վախճան.՝ հունվ. 12, 1519 թ., Ուելս)[28] մահից հետո լանդսկնեխտները փոխվեցին իրենց կազմի առումով, համալրվելով գլխավորապես ուժեղ արհեստավորներով, արհեստավորների ենթավարպետներով, և շուտով վերածվեցին սովորական վարձու զորաջոկատների, որոնք շվեյցարացիների նման, սկսեցին ծառայության անցնել գրեթե բոլոր եվրոպական պետություններին, ղեկավարվելով բացառապես իրենց սեփական օգուտի մասին իրենց ունեցած պատկերացումներից ելնելով։

Սակայն իր զարգացման համար առավել նպաստավոր հողը վարձկանությունը գտավ Իտալիայում, որտեղ այն վերածվեց մի հատուկ տեսակի՝ կոնդոտյերության։ Միջնադարում Իտալիայում գրեթե ամեն քաղաք առանձին պետություն էր կազմում։ Անվերջ եղբայրասպան կռիվներն ու պայքարը նրանց միջև, առաջացրեցին վարձու զինված ուժի կարիք։ Դա իր հերթի հանգեցրեց ազատ ռազմաջոկատների առաջացմանը, որոնց պետերը (կոնդոտյերները) կա՛մ իրենց զորաջոկատներով ծառայության էին անցնում քաղաքներին կամ առանձին տիրակալ իշխաններին, կա՛մ էլ պատերազմ էին վարում իրենց սեփական շահերից ելնելով՝ նվաճելով ամբողջ քաղաքներ ու գավառներ։ Իտալական պետությունների հզորության մշտական աճն ու փոքր քաղաք-հանրապետությունների բարձրացումը հանգեցրեց աստիճանաբար այն պայմանների վերացմանը, որոնք նպաստում էին կոնդոտյերության ծաղկմանը։ Արդյունքում կոնդոտյերական վարձկան զորաջոկատները սկսեցին վերանալ XVI դարի վերջից և աստիճանաբար փոխարինվեցին ժողովրդական աշխարհազորով՝ միլիցիայով։

Հին Ռուսիայում զորքը կազմված էր ա. իշխանական զորաջոկատներից, որոնք հիմնականում մշտական էին, և բ.աշխարհազորից, որը զորահավաքվում էր միայն պատերազմի ժամանակ։

Արաբական խալիֆայությունում IX դարից հայտնվեց ղուլյամների զորքը, որի մի մասը վարձկաններ էին, իսկ մյուս մասը՝ ստրուկներ, որոնց գնում էին գերիների շուկաներից։ Հետագայում՝ Ֆաթիմյան Եգիպտոսում հայտնվեց նաև մի տեսակ զորք, որը կազմված էր օտերարկրացի ստրուկներից և կոչվում էր մամելյուքներ։

Վաղ Նոր ժամանակաշրջանի բանակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուստավ II Ադոլֆի՝ Բրեյթենֆելդում տարած հաղթանակի տոնումը (1631):

XIX դարի բանակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նապոլեոնի բանակի զորատեսը Բուլոնյան ճամբարում 15 օգոստոսի 1804 թ.:

XX դարի բանակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

XXI դարի բանակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բունդեսվերի զինվորները՝ Աֆղանստանում (2009 թ.) «Դինգո» (Dingo ATF) զրահաավտոմոբիլների առջև:

Բանակը որպես պետության ամբողջ զինված ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակը որպես զինված ուժերի մի զորատեսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակը որպես զորային միավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառեզրի տարածված կիրառումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ըստ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության հրատարակած «Ռազմական և հարակից տերմինների բառարանի»՝ բանակ տերմինն ունի երեք հիմնական նշանակություն։ Army - 1. A formation larger than an army corps but smaller than an army group. It usually consists of two or more army corps. 2. In certain nations "army" is the land component of the armed forces. 3. In certain nations "armee" covers all the armed forces. Dictionary of Military and Associated Terms. US Department of Defense 2005.
  2. Տե՛ս նաև՝ «Քոլինզի անգլերեն բառարան», 12-րդ հրատարակություն, 2014թ.: Army (ˈɑːmɪ) n, pl -mies 1. (Military) the military land forces of a nation. 2. (Military) a military unit usually consisting of two or more corps with supporting arms and services. 3. (Military) (modifier) of, relating to, or characteristic of an army: army rations. 4. any large body of people united for some specific purpose. 5. a large number of people, animals, etc; multitude [C14: from Old French armee, from Medieval Latin armāta armed forces; see armada]. Collins English Dictionary – Complete and Unabridged, 12th Edition 2014 © HarperCollins Publishers 1991, 1994, 1998, 2000, 2003, 2006, 2007, 2009, 2011, 2014
  3. Մերիամ-Վեբսթերի բառարան. Definition of army. plural armies. 1. a : a large organized body of armed personnel trained for war especially on land. b : a unit capable of independent action and consisting usually of a headquarters, two or more corps, and auxiliary troops. c often capitalized : the complete military organization of a nation for land warfare. 2. : a great multitude <an army of birds>. 3. : a body of persons organized to advance a cause. [1].
  4. Բանակը բրիտանական անգլերենում։ Տե՛ս Քեմբրիջի բառարան։ "army" in British English. See all translations. Army. noun UK /ˈɑː.mi/ US /ˈɑːr.mi/. the army [ + sing/pl verb ]. More examples. The army recaptured the town from the rebels. He served in the army in India for 20 years. They're calling on all men and boys over the age of 14 to join the army. "Have you been in the army for a long time?" "I joined up as soon as I'd left school." They fought fearlessly against the invading armies. B1 a particular country's fighting force: When did you join the army? He has decided on a career in the British Army. The army was/were called out to enforce the curfew. B1 [ C ] a military force that has the training and equipment to fight on land: Both the armies suffered heavy losses in the battle. The minister is believed to have been killed by the rebel army. C2 [ C usually singular ] a large group of people who are involved in a particular activity: She brought an army of supporters with her. [ C usually singular ] informal the supporters of a football team, especially ones who travel to games in different towns, cities, or countries: Scotland's 1 - 0 victory over France gave the Tartan Army something to celebrate.[2]
  5. Oxford Living English. Definition of army in English: army. NOUN. 1[treated as singular or plural] An organized military force equipped for fighting on land: ‘the two armies were in position’ [as modifier] ‘army officers’. More example sentences. Synonyms. 1.1the army The part of a country's military force trained to fight on land: More example sentences. 2. an army of/armies of A large number of people or things: ‘an army of photographers’.
  6. 6,0 6,1 6,2 Հրաչեայ Աճառեան։ Հայերէն արմատական բառարան։ Հատոր 1, Էջ 405։ Երևանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երևան, 1926։[3]
  7. Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան։ Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836։ Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի։ Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 433։ [4]
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Ստեփան Մալխասեանց։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երևան, 1944։ Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 326։ [5]
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան։ Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երևան, 1969։ Հատոր 1, Էջ 280։ [6]
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Էդուարդ Բագրատի Աղայան։ Արդի հայերենի բացատրական բառարան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976։ Հատոր 1, Էջ 167։ [7]
  11. Արդի հայերենի բացատրական բառարանում բառացիորեն գրված է հետևյալը՝ «Ցամաքային զինված ուժերը»։ Էդուարդ Բագրատի Աղայան։ Արդի հայերենի բացատրական բառարան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976։ Հատոր 1, Էջ 167։ [8]
  12. 12,0 12,1 12,2 12,3 Գևորգ Ջահուկյան։ «Ասողիկ» Հրատարակչություն, Երևան, 2010։ Հայերեն ստուգաբանական բառարան։ Ցուցակ 1, Էջ 116։ [9]
  13. 13,0 13,1 Աշոտ Մուրադի Սուքիասյան։ Հայոց լեզվի հոմանիշների բառարան։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երևան, 1967։ Էջ 112։ [10]
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Военный энциклопедический словарь.» — М.: Военное издательство, 1984.
  15. 15,0 15,1 Army. Encyclopædia Britannica
  16. Հայկ Հակոբյան (հնագետ)։ էջում՝ Հ. Հակոբյան, Մ.Աշչյան, Ա.Պետրոսյան։ Թուխ Մանուկ։ 2001 | Գիրք/Book: Երևան, Հայաստան հրատ., 2001, 132 էջ։ [11]
  17. Հայկ Պիոնի Հակոբյան։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։ | Պատմության ֆակուլտետ - Հնագիտության և ազգագրության ամբիոն։ Էջում՝ Հ. Հակոբյան, Մ.Աշչյան, Ա.Պետրոսյան։ «Թուխ Մանուկ» | Երևան, Հայաստան հրատ., 2001, 132 էջ։ [12] Արխիվացված 2017-09-17 Wayback Machine
  18. Հին Հռոմ, Բրիտանական հանրագիտարան։ Ancient Rome. ANCIENT STATE, EUROPE, AFRICA, AND ASIA, Encyclopaedia Britannica. [13]
  19. Սերվիոս Տուլիոս, Արքա Հռոմի, տե՛ս «Բրիտանական հանրագիտարան»։ Servius Tullius KING OF ROME. Encyclopædia Britannica. [14]
  20. Գայոս Մարիոս, Հռոմեական զորավար, տե՛ս «Բրիտանական հանրագիտարան»։ Gaius Marius, ROMAN GENERAL. Encyclopaedia Britannica. [15]
  21. Օկտավիանոս Օգոստոս. Հռոմեական կայսր։ Բրիտանական հանրագիտարան։ Augustus ROMAN EMPEROR. Encyclopædia Britannica. [16]
  22. Վեսպասիանոս. Հռոմեական կայսր։ Բրիտանական հանրագիտարան։ Vespasian: ROMAN EMPEROR. Encyclopædia Britannica. [17]
  23. Վալենտինիանոս I. Հռոմեական կայսր։ Բրիտանական հանրագիտարան։ Valentinian I. ROMAN EMPEROR. Encyclopædia Britannica. [18]
  24. Շարլ VII, Արքա Ֆրանսիո։ Բրիտանական հանրագիտարան։ Charles VII. KING OF FRANCE. Encyclopaedia Britannica. [19]
  25. André Larané. Charles VII crée les Compagnies d'ordonnance
  26. Նիկոլո Մաքիավելի։ Տիրակալը։ Գլուխ XIII. Դաշնակցային, խառը և սեփական զորքերի մասին։ Երևան, 2010թ.: էջ 99։ [20] Արխիվացված 2020-07-28 Wayback Machine:
  27. Լանդսկնեխտ. գերմանական վարձու նիզակակիր հետևակ։ Landsknecht. GERMAN MERCENARY PIKEMAN. [21]:
  28. Մաքսիմիլիան I: Հռոմեական սրբազան կայսր։ Բրիտանական Հանրագիտարան։ Maximilian I. HOLY ROMAN EMPEROR. Encyclopaedia Britannica. [22]
  29. БСЭ. — М., «Советская энциклопедия», 1969—1978.
  30. 30,0 30,1 30,2 «Армия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Большая советская энциклопедия, Третье издание, М., «Советская энциклопедия», 1969—1978;
  • Կաղապար:Книга:Советская военная энциклопедия;
  • Военный энциклопедический словарь, М., Военное издательство Министерства обороны СССР, 1984, 863 с. с илл.;
  • Во Имя России: Российское государство, армия и воинское воспитание / под ред. В. А. Золотарева, В. В. Марущенко, С. С. Автюшина / учебное пособие по общественно-государственной подготовке (ОГП) для офицеров и прапорщиков Вооружённых Сил Российской Федерации. М. «Русь-РКБ», 1999, 336 с. ISBN 5-86273-020-6
  • Савинкова О. Социальный институт армии и его отражение в современной литературе / О. Савинкова // Слово — текст — смысл : сб. студен. науч. работ / Урал. гос. ун-т, [Филол. фак.]. — Екатеринбург, 2006. — Вып. 2. — С.55-58.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 269