Գահ
Գահ (թարգմանաբար պարսկերենից նշանակում է «նստելու տեղ», «բազմոց», «աթոռ» և ալյն)
1. Աշխարհիկ կամ հոգևոր իշխանություն խորհրդանշող բազկաթոռ։ Միապետները, իշխանները, հոգևոր առաջնորդները ընդունելություններն ու հանդիսավոր այլ արարողություններ կատարել են գահասենյակում՝ բազմած աստիճաններով բարձրացող գահին։ Շքեղությամբ ու ճոխությամբ աչքի են ընկել հատկապես թագավորական գահերը, որոնք քանդակվել են իշխանություն և հզորություն խորհրդանշող պատկերներով, ընդելուզվել ոսկե, արծաթե զարդերով, թանկարժեք քարերով։ Եզակի նմուշ է հայ վարպետների կերտած ադամանդակուռ գահը («Ալմսատե գահ»), որը 1660 թ.-ին Սպահանի հայ վաճառականները, ի նշան բարեկամության, նվիրել են ռուսական Ալեքսեյ Միխայլովիչ ցարին։
2. Վաղ միջնադարյան Հայաստանում գահ է կոչվել նաև այն տեղը (բարձ), որը հատկացվել է նախարարներին՝ արքունիքում հանդիսավոր ընդունելությունների, խնջույքների ժամանակ (սահմանված էր Գահնամակ կոչվող հատուկ փաստաթղթով)։ Տարբեր պատճառներով թագավորը կարող էր զրկել նախարարին գահից, կամ այն իջեցնել։ Նույն կերպ կարող էր բարձրացվել գահը։ Գահով սահմանված կարգը խստիվ պահպանվում էր, իսկ նախարարները նախանձախնդիր էին իրենց գահերի պահպանման կամ բարձրացման հարցերում։ Եղիշեն, երբ բերում է ցուցակ ուխտապահ նախարարների, որոնք Վարդան Մամիկոնյանի հետ միացան քրիստոնեությունը պաշտպանելու համար, չնայելով, որ Վարդանն իր պաշտելի հերոսն է, որ նա առաջնորդն է ապստամբության գործում, որ նա բոլոր հայ զորքերի սպարապետն է՝ այնուամենայնիվ նախարարների ցուցակում նրա անունը դնում է երրորդ տեղում՝ առաջին երկու տեղում նշանակելով Արծրունյաց և Խորխոռունյաց իշխաններին, որովհետև նրանք գահով ավագ էին։ Ստեփանոս Օրբելյանը պատմում է, թե Սյունյաց Անդովկ իշխանը պարսից արքունիքում վիրավորանք կրելով նրանով, որ Շապուհը նրան տասնչորսերորդ գահը տվեց հայ նախարարների շարքում՝ դառնացած կերակրի ձեռք չտվեց, և երբ Շապուհը պատերազմի գնաց՝ նա իր զորքերով վրեժխնդրության համար ավերեց նրա ապարանքը, ավար առավ նրա գանձերը և հեռացավ հույների մոտ[1]։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 1, 1990
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։
Ընթերցե՛ք «գահ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |