Ցամաքային զորքեր
Ցամաքային զորքեր, զինված ուժերի տեսակ, որոնք կոչված են լուծելու ստրատեգիական և օպերատիվ-տակտիկական խնդիրներ գործողությունների ցամաքային ռազմաբեմում։ Իրենց մարտական հնարավորություններով ցամաքային զորքերը կարող են ինքնուրույն կամ զինված ուժերի այլ տեսակների հետ համագործակցելով ետ մղել հակառակորդի ցամաքային բանակների, օդային և ծովային խոշոր դեսանտի ներխուժումը, նրա օպերատիվ դասավորության ամբողջ խորությամբ հասցնել միաժամանակյա զանգվածային կրակային հարված, ճեղքել հակառակորդի պաշտպանությունը, իրականացնել ստրատեգիական հարձակում՝ մեծ խորությամբ և ամրանալ զբաղեցրած տարածքում։ Ցամաքային զորքերի գլխավոր հատկությունը կրակային մեծ հզորությունն է, հարվածային ուժը, բարձր մանևրայնությունը և մարտական լրիվ ինքնուրույնությունը։
Ցամաքային զորքերը զինված ուժերի ամենահին տեսակն են։ Ստրկատիրական պետություններում նրանք կազմված էին հետևակից և հեծելազորից կամ մեկ զորատեսակից։ Եվրոպայում վաղ և զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (9-14-րդ դարեր), ցամաքային զորքերի գլխավոր զորատեսակը ասպետական հեծելազորն էր․ հետևակը կատարում էր օժանդակ դեր։ 14-րդ դարից Արևմտյան Եվրոպայում հետևակը վերածնվեց և դարձավ հիմնական զորատեսակներից, երևան եկավ հրետանին։ Մշտական վարձու բանակների ստեղծմամբ (15-րդ դարից) առաջ եկան կազմակերպական միավորներ՝ վաշտեր, գնդեր, 16-19-րդ դարերում՝ բրիգադներ և գումարտակներ, դիվիզիաներ, էսկադրոններ, կորպուսներ, առաջացան ինժեներական զորքեր։
Առաջին (1914-1918) և երկրորդ (1939-1945) համաշխարհային պատերազմների ժամանակ ցամաքային զորքերը հարստացան զենքի նոր տեսակներով, ստեղծվեցին նոր զորատեսակներ, զարգացավ ռազմական արվեստը։ 1960-ական թվականների սկզբին առավել զարգացած երկրների ցամաքային զորքերը զինվեցին հրթիռամիջուկային և առավել կատարելագործված սովորական զենքով ու մարտական տեխնիկայով։
Նորագույն տեխնիկային և պատերազմ վարելու ժամանակակից պայմաններին համապատասխան փոխվեցին ցամաքային զորքերի զորամասերի, զորամիավորումների կազմակերպական կառուցվածքը, նրանց օգտագործման եղանակները, ուսուցման մեթոդները։ Միջուկային զենքի երևան գալով փոխվեցին ցամաքային զորքերի տեսակների փոխհարաբերությունները, առաջին պլան մղվեցին ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերը (ստրատեգիական ուժեր), թեև ցամաքային զորքերը մնում են զինված ուժերի ամենաբազմամարդ և առաջատար տեսակներից մեկը։
Տարբեր երկրների ցամաքային զորքերը զինված են միջուկային, հրթիռային, սովորական զենքով և մարտական տեխնիկայով, կապի և տրանսպորտի միջոցներով, կազմված են զորատեսակներից (ցամաքային զորքերի հրթիռային զորքեր, հրետանի, մոտոհրաձգային զորքեր, տանկային զորքեր, օդադեսանտային զորքեր, ցամաքային ՀՕՊ-ի զորքեր) և հատուկ զորքերից (ինժեներական, քիմիական, ռադիոտեխնիկական, կապի, ավտոմոբիլային, ճանապարհային, տարբեր ծառայություններ, ինչպես նաև թիկունքի հիմնարկություններ ու զորամասեր)։ Կազմակերպական առումով ընդգրկված են ստորաբաժանումների, զորամասերի, զորամիավորումների, միավորումների մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |