Միջնադարյան քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանդալների և Ալանների թագավորությունը 475 թ-ին։

Միջնադարյան քաղաքը։[1] Քաղաքը, որպես այդպիսին, առաջացավ դասական միջնադարում։ Վաղ միջնադարում Արևմտյան Եվրոպայում Հռոմեական կայսրության շրջանից պահպանվել էին մի շարք քաղաքներ։ Սակայն դրանք ոչ թե տնտեսական, այլ քաղաքական և եկեղեցական կենտրոններ էին։ 10–11րդ դարերում Արևմտյան Եվրոպայի տնտեսական կյանքում տեղի ունեցան կարևոր փոփոխություններ։ Արհեստագործության մեջ, որը հիմնականում կենտրոնացված էր գյուղում, նկատվում էր արտադրողականության աճ։ Կատարելագործվում էին արհեստի առանձին ճյուղեր։ Արհեստագործությունն աստիճանաբար առանձնանում էր գյուղատնտեսությունից։ Արհեստի բաժանումը նոր ճյուղերի, արհեստագործական տեխնիկայի կատարելագործումը պահանջում էին, որ արհեստավորն ունենար որոշակի գիտելիքներ և մասնագիտական հմտություններ։ Քանի որ հնարավոր չէր միաժամանակ զբաղվել և՛ երկրագործությամբ, և՛ արհեստագործությամբ, արհեստավորը հաստատվում էր այնպիսի վայրում, որը նպաստավոր էր արհեստով զբաղվելու համար։ Այդպիսի վայրեր էին վարչաքաղաքական և հոգևոր կենտրոնները, նախկին հռոմեական քաղաքները։ 8–9-րդ դարերում Արևմտյան Եվրոպայում արհեստի և առևտրի քաղաք–կենտրոններ առաջացան Հյուսիսային Իտալիայում (Վենետիկ, Ջենովա, Ֆլորենցիա) և Հարավային Ֆրանսիայում (Մարսել, Թուլուզ)։ Այդ քաղաքներն իրենց չափերով շատ փոքր էին։ Սովորաբար այնտեղ բնակվում էր 1–5 հազար մարդ։ Մինչև 15-րդ դար 20–30 հազար բնակիչներ ունեցող քաղաքները համարվում էին մեծ քաղաքներ։ Այդ ժամանակ միայն մի քանի քաղաք (Միլան, Փարիզ, Կոստանդնուպոլիս, Կորդովա) ուներ 80–100 հազար բնակչություն։ Քաղաքի բնակչությունը հիմնականում զբաղվում էր արտադրությամբ և փոխանակային առևտրով։ Քաղաքներում ձևավորվում է վաճառականների հատուկ խավ, որը զբաղվում էր ներքին և արտաքին առևտրով։ Համալսարանների և այլ տիպի կրթական կենտրոնների առաջացումից հետո ձևավորվում է նաև մտավորականների խավ։ Քաղաքը առաջանում էր ավատատիրոջ հողի վրա, ուստի պարտավոր էր ենթարկվել նրան։ Հողատերն իր ձեռքում էր կենտրոնացնում քաղաքի կառավարումը։ Ավելի շատ եկամուտներ ստանալու ավատատիրոջ ձգտումը հանդիպում էր քաղաքացիների դիմադրությանը։ Ժամանակի ընթացքում քաղաքներն իրենց առջև նպատակ դրին հասնելու քաղաքային ինքնավարության։ Քաղաքացիների և ավատատիրոջ միջև պայքարի ընթացքում ձևավորվում է քաղաքային ինքնավարությունը։ Ինքնակառավարվող քաղաքն ուներ սեփական դատարան, աշխարհազոր և ֆինանսներ։ Ինքնավարություն ստանալուց հետո քաղաքը պարտավորվում էր ամեն տարի ոչ մեծ գումար վճարել ավատատիրոջը և նրա վարած պատերազմի ժամանակ ռազմաջոկատ տրամադրել։

Բյուզանդական կայսրությունը 717 թ-ին։ Բծերով նշված տարածքները ենթարկվում էին արաբական հարձակումների։

Դասական միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական միջնադարում փոփոխություններ կատարվեցին նաև արհեստագործության ոլորտում։ Արհեստագործության բնորոշ առանձնահատկությունը նրա համքարային կազմակերպումն էր։ Համքարություններն առաջացան որպես մանր ապրանք արտադրողների կազմակերպություններ իրենց արտադրությունը, եկամուտները ավատատերերից և քաղաք եկած նոր արհեստավորների մրցակցությունից պաշտպանելու համար։ Համքարության գլխավոր խնդիրը արտադրության և վաճառքի նկատմամբ վերահսկողության սահմանումն էր։ Համքարությունը խստորեն հետևում էր, որ յուրաքանչյուր վարպետ արտադրի այն քանակի և այնպիսի որակի արտադրանք, ինչպիսին որոշված է նրա համար։ Սա արվում էր այն նպատակով, որ մրցակցություն չառաջանար, և ոչ մի արհեստավոր դուրս չմղվեր արտադրությունից։ 11–15-րդ դարերում եվրոպական առևտուրը առավելապես կենտրոնացված էր երկու շրջաններում։ Դրանցից մեկը Միջերկրական ծովն էր, որն իրար էր կապում ոչ միայն միջերկրածովյան երկրները, այլև Արևմտյան Եվրոպան Արևելքի հետ։ Սկզբում Արևելք–Արևմուտք առևտրում գլխավոր դերը պատկանում էր արաբական և բյուզանդական վաճառականներին, իսկ խաչակրաց արշավանքների շրջանից Վենետիկի, Ջենովայի, Մարսելի առևտրականներին։ Եվրոպական առևտրի մյուս շրջանն ընդգրկում էր Բալթիկ և Հյուսիսային ծովերը։ Առևտրականները ևս, ինչպես արհեստավորները, միավորվում էին հատուկ կազմակերպությունների մեջ։ Դրանք կոչվում էին գիլդիաներ։ Երբեմն միավորվում էին նաև տարբեր քաղաքների առևտրականները։ Այսպես առաջացավ Հանզան, որը միավորում էր գերմանական և արևմտասլավոնական քաղաքների վաճառականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հոդվածը Համաշխարհային Պատմության դասագրքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային Պատմություն, էջ 14