Կոմբատանտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմբատանտներ (ֆր.՝ Combatant, ռազմիկ, զինվոր), միջազգային իրավունքում անձինք, ովքեր ուղղակի մասնակցություն ունեն զինված ընդհարման ռազմական գործողություններին։ Կոմբատանտ են նաև ժողովրդական աշխարհազորի, կամավորական ջոկատների, դիմադրության շարժումների մասնակիցները, թշնամու դեմ տարերայնորեն մարտի ելած բնակչությունը, ինչպես նաև քաղաքացիական և ազգային-ազատագրական պատերազմների մասնակիցները, եթե ունեն հրամանատարներ և ենթարկվում են պատերազմի օրենքներին։[1]։

Եթե կոմբատանտը հետևում է Պատերազմի իրավունքին, ապա նա համարվում է արտոնյալ կոմբատանտ և գերեվարվելու դեպքում Ժնևի երրորդ կոնվենցիայի ներքո ստանում է ռազմագերու կարգավիճակ։ Ոչ արտոնյալ կոմբատանտն այն անձն է (օրինակ՝ վարձկանը), ով ուղղակի մասնակցություն ունի ռազմական գործողություններին, սակայն գերեվարվելու դեպքում չի ստանում ռազմագերու կարգավիճակ։

Արտոնյալ կոմբատանտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմբատանտների կատեգորիաները, որոնք գերեվարվելու դեպքում կարող են ստանալ ռազմագերու կարգավիճակ, հետևյալն են․

  1. զինված ուժերի անդամները, ինչպես նաև աշխարհազորայինները կամ կամավորական ջոկատների անդամները, ովքեր ձևավորում են զինված ուժերի մի հատվածը,
  2. Այլ աշխարհազորայիններ և կամավորական ջոկատների անդամներ, ներառյալ կազմակերպված դիմադրության անդամները, ովքեր պատկանում են ընդհարման կողմին և գործում են իրենց տարածքում կամ այդ տարածքից դուրս, անգամ եթե այդ տարածքը օկուպացված է՝ պայմանով, որ նրանք բավարարում են հետևյալ պայմաններին․
    • գտնվում են իր ենթակաների համար պատասխանատու անձի հրամանատարության տակ,
    • ունեն հեռավորության վրա ճանաչելի ֆիքսված տարբերակիչ նշան,
    • զենքը կրում են բացեիբաց,
    • իրենց գործողությունները կատարում են պատերազմի իրավունքին և սովորույթներին համապատասխան։
  3. կանոնավոր զինված ուժերի անդամները, ովքեր դավանում են գերության մեջ պահող ուժի[2] կողմից չճանաչված կառավարության կամ իշխանության,
  4. օկուպացիայի մեջ չգտնվող տարածքի բնակիչները, ովքեր հակառակորդի մոտենալուն պես, առանց ժամանակ ունենալու ձևավորել կանոնավոր զինված ստորաբաժանումներ, տարերայնորեն զենք են վերցնում ներխուժած ուժերին դիմակայելու համար, զենքը կրում են բացեիբաց և հարգում են պատերազմի իրավունքն ու սովորույթները։

Այն պետությունների համար, որոնք ստորագրել են «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվեցիաներին կից Ժնևի 1977 թվականի լրացուցիչ առաջին արձանագրությունը, կոմբատանտները, ովքեր չունեն տարբերիչ նշան միևնույն է համարվում են ռազմագերի, եթե նրանք ռազմական գործողությունների ժամանակ զենքը կրում են բացեիբաց և հակառակորդի նկատմամբ հարձակում կազմակերպելիս տեսանելի են նրանց կողմից։

Ոչ արտոնյալ կոմբատանտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան կոմբատանտների որոշ կատեգորիաներ, որոնք չեն որակավորվում որպես արտոնյալ կոմբատանտներ․

  • Կոմբատանտներ, ովքեր այլ դեպքում կհամարվեին արտոնյալ, սակայն խախտել են պատերազմի օրենքներն ու սովորույթները (օրինակ՝ կեղծ հանձնվել, հակառակորդի հանձնված կոմբատանտին վիրավորել կամ սպանել են),
  • Լրտեսներ, վարձկաններ, երեխա-զինվորներ և խաղաղ բնակչություն, ովքեր ուղղակի մասնակցություն ունեն ռազմական գործողություններին և չեն մտնում վերոնշյալ որևէ կատեգորիայի մեջ։

Եթե կա որևէ կասկած, արդյոք կոմբատանտը արտոնյալ է, թե ոչ, նա պետք է պահվի որպես ռազմագերի այնքան ժամանակ, քանի դեռ նա չի կանգնել «իրավասու դատարանի» առաջ հարցին լուծում տալու համար[3]։

Ոչ արտոնյալ կոմբատանտները, ովքեր չեն պաշտպանվում Ժնևի երրորդ կոնվենցիայի ներքո, ենթարկվում են Ժնևի չորրորդ կոնվենցիայի պաշտպանությանը, որը վերաբերում է խաղաղ բնակչությանը՝ մինչև «արդար և կանոնավոր դատավարություն ունենալը»։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կարող են պատժվել գերության մեջ պահող ուժի[4] քաղաքացիական օրենքների համաձայն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]