Արհեստական արբանյակներ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Արհեստական արբանյակներ, երկնային մարմինների (մոլորակների, արբանյակների, Արեգակի) շուրջը պտտվող չափիչ ու հաղորդիչ գործիքների և էլեկտրասնուցման աղբյուրների համալիրներ։
Երկրի արհեստական արբանյակներ արձակվում են մթնոլորտի շերտերի կաոուցվածքի, նրանցում տեղի ունեցող երևույթների, տիեզերական ճառագայթների, մագնիսական դաշտի, Երկրի ձևի ու չափերի, զանգվածի բաշխվածության և այլ հարցերի ուսումնասիրման, միջմոլորակային ճանապարհորդությունների նախապատրաստման նպատակով։ Օգտագործվում են հեռուստատեսային, հեռագրային ու հեռախոսային կապի, եղանակի կանխատեսման, նավերի ու ինքնաթիռների կողմնորոշման, ինչպես նաև ռազմական նպատակներով։ Արհեստական արբանյակները ուղեծիր են դուրս բերվում տիեզերական հրթիռների օգնությամբ։ Երկրաշուրջ ուղեծրով պտտվելու համար մարմիններին հաղորդվում է առաջին տիեզերական արագություն կամ նրանից փոքր-ինչ ավելի։
Երկրի առաջին արհեստական արբանյակը արձակվել է 1957 թվականի հոկտեմբեր 4-ին (ԽՍՀՄ)։ Մինչև 1975 թվականը արձակվել են մոտ 2000 արհեստական արբանյակներ։ Դրանց մեծ մասն արձակվել է ԽՍՀՄ-ից և ԱՄՆ-ից։ Արհեստական արբանյակներ են արձակել նաև Ֆրանսիան, Ճապոնիան, Չինաստանը, Ավստրալիան, Անգլիան, Հնդկաստանը։ Առաջին արհեստական արբանյակի արձակումը անձնակազմով (Յուրի Գագարին) տեղի է ունեցել 1961 թվականի ապրիլի 12-ին (ԽՍՀՄ), որով հիմք է դրվել տիեզերագնացությանը։ Լուսնի արհեստական արբանյակներն արձակվում են լուսնամերձ տարածությունը, Լուսնի ձգողական դաշտը, մակերևույթի ռելիեֆը ուսումնասիրելու, ինչպես նաև Լուսնի վրա արշավախմբի վայրէջքն ապահովելու համար։ Լուսնի առաջին արհեստական արբանյակը արձակվել է 1966 թվականի մարտի 31-ին (ԽՍՀՄ)։ Մինչև 1975 թվականը արձակվել են Լուսնի մոտ 20 արհեստական արբանյակներ (ԽՍՀՄ, ԱՄՆ)։ Լուսնի վրա առաջինը (1969) վայրէջք կատարեցին ամերիկյան տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգը և Բազ Օլդրինը։ Արհեստական արբանյակներն են արձակվել նաև Մարսի շուրջ (ԽՍՀՄ-ից՝ երկու, ԱՄՆ-ից՝ մեկ)։ Եթե մարմնին հաղորդվում է երկրորդ տիեզերական կամ նրանից փոքր-ինչ ավելի արագություն, ապա այն հաղթահարում է Երկրի ձգողական դաշտը՝ նրանից հեռանում պարաբոլային կամ հիպերբոլային ուղեծրով և պտտվում Արեգակի շուրջը։ Արեգակի առաջին արհեստական արբանյակը (արհեստական մոլորակ) արձակվել է 1959 թվականի հունվարի 2-ին (ԽՍՀՄ)։ Մինչև 1975 թվականը արձակվել են շուրջ մեկ տասնյակ խորհրդային և ամերիկյան արհեստական մոլորակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 80)։ |