Եղանակի կանխատեսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եղանակի կանխատեսում, մթնոլորտային պրոցեսների զարգացման օրինաչափությունների մասին եղած գիտելիքների հիման վրա եղանակի կանխագուշակում։ Եղանակի կանխատեսումը կատարվում է օդերևութաբանական և աերոլոգիական կայանների, օդերևութաբանական արբանյակների դիտումների տվյալներով կազմվող տարբեր ժամկետների և բարձրությունների համար մեծ տարածություններ ընդգրկող քարտեզների (սինօպտիկական քարտեզների), աերոլոգիական դիագրամների, ռադիոլոկացիոն դիտումների միջոցով՝ մթնոլորտային պրոցեսների ընթացիկ և առաջիկա հնարավոր փոփոխությունների, այդ փոփոխությունների ընդհանուր բնույթի և գերակշռող ուղղությունների վերլուծության հիման վրա։ Առանձնապես ուշադրություն է դարձվում ցիկլոնների և անտիցիկլոնների, մթնոլորտային ճակատների առաջացման և զարգացման, դրանց շարժման արագությունների և ուղղությունների, տարբեր ֆիզիկական հատկություններով օդային զանգվածների տեղաշարժերի, օդի ուղղաձիգ շարժումների, միջին և վերին տրոպոսֆերայի օդային հոսանքների վերլուծմանը։ Երկարաժամկետ (3 օրից ավելի) կանխատեսություններում կիրառվում են մթնոլորտային պրոցեսների ըստ բարիկական համակարգությունների և տրոպոսֆերային օդային հոսանքների գերակշռող ուղղությունների կատարված տիպավորումները, մթնոլորտի ռիթմիկ գործունեության հետ կապված օրինաչափությունները, համանման պրոցեսների ընտրության մեթոդը, ինչպես նաև վիճակագրական որոշ տվյալներ։ Տիդրո- և թերմո–դինամիկայի դրույթների հիման վրա բավական լայն հետազոտություններ են կատարվում մթնոլորտի վիճակի առաջիկա փոփոխությունների հաշվարկման ֆիզիկամաթեմատիկական մեթոդների մշակման ասպարեզում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 500 CC-BY-SA-icon-80x15.png