Խաչեն (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչեն (այլ կիրառումներ)
| Խաչեն | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 119 կմ |
| Ավազանի մակերես | 657 կմ² |
| Ջրի ծախս | 3,2 մ³/վ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Արցախի լեռնաշղթա |
| Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Գանձասար |
| Ջրի մարմիններ | Խաչեն ջրամբար |
| Երկիր | Արցախի Հանրապետություն |
| Երկրամաս | Արցախ |
Խաչեն կամ Խաչենագետ (ադրբ.՝ Xaçınçay), գետ Արցախի Հանրապետությունում և Ադրբեջանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիզբ է առնում Ղարաբաղի լեռնաշղթայի Կարմրասար լեռնազանգվածից՝ մոտ 2200 մ բարձրությունից։ Վերին հոսանքում ունի լեռնային բնույթ ու հոսում է արևելյան ուղղությամբ, անցնելով Արցախի Հանրապետության Մարտակերտի և Ասկերանի շրջաններով, իսկ միջին և ստորին հոսանքներում թեքվում է դեպի հյուսիս֊արևելք ու ընկած է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Աջից միանում է Կուրին մոտ 100 մ բարձրության վրա[1]։ Խոշոր վտակը աջից միացող Քոլատակն է։ Խաչենի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Արցախի տարածքում՝ ծովի մակարդակից մոտ 570 մ բարձրության վրա կառուցված է ջրամբար։
Հիդրոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարությունը 119 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 657 կմ2։ Սնման մեջ անձրևների բաժինը կազմում է 33-36 %, ձյան հալոցքինը մոտ 26%, ստորերկրյան ջրերի բաժինը՝ 36-43%։ Գարնանային անձրևների հետ կապված վարարման ընթացքում՝ մարտից մինչև հունիս, ձևավորվում է տարեկան հոսքի 35-50%֊ը։ Տարեկան միջին ծախսը 1,8-3,2 մ3/վրկ է, իսկ հոսքը 110-120 մլն մ3։ Ջրի հանքայնացվածությունը մինչև 500 մգ/լ է։ Համանուն ջրամբարի տարողությունը 20-25 մլն մ3 է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Vahram Balayan, Artsakh history
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի բնաշխարհ (Ընտանեկան հանրագիտարան մատենաշար), ISBN 5-89700-029-8 Երևան 2006 «Հայկական հանրագիտարան» հրատ․