Jump to content

Գանձասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գանձասարի վանքից)
Այս հոդվածը Արցախի վանական համալիրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գանձասար (այլ կիրառումներ)։
Գանձասար
Գանձասարի մայր տաճարը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԱրցախ գ. Վանք, Մարտակերտի շրջան
ՏարածաշրջանԳանձասար
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի
Օծման թվական1240 հուլիսի 22
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
ՀիմնադիրՋալալ Ա
Ճարտարապետական տիպվանք
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1216
Կառուցման ավարտ1238
Հիմնադրված13-րդ դար
Առաջին հիշատակում10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Gandzasar Վիքիպահեստում
gandzasar.com

Գանձասար, վանական համալիր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Գանձասար լեռան վրա։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։

Հայ Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում Հայոց կաթողիկոս Անանիա Մոկացին (942-965) անհանգստացած լինելով Հայաստանի արևելյան թեմերի եկեղեցական գործերով, գալով Արցախ, Գանձասարի վանքում հրավիրեց հոգևորականության և իշխանների ժողով, որը ազգային ոգով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի ամրությունը և անաղարտությունը[1]։

Գանձասարն առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։

Գանձասարը 1400 - 1816 թվականներին Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր[2]։ 1923 թվականից՝ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին։ Ըստ ուսումնասիրությունների՝ 1214 թվականին Ներքին Խաչենի կամ Խոխոնաբերդի իշխանությունը Վախթանգ 2-ից (Տանգիկ) հետո ժառանգում է նրա ավագ որդին՝ Հասան (Հայկազ) Ջալալը և նրանից սերված տոհմը կոչվում է Հասան Ջալալի տոհմ։ Պատմական աղբյուրներում նրան մի շարք տիտղոսներ են տրվել՝ «Մեծ իշխան», «Իշխանաց իշխան տեր Խաչենոյ և Առանայ», «Թագավոր Ջալալ Դովլա», «Բարեպաշտ արքա Ջալալ» և այլն։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ նրա հայրը՝ Վախթանգ Տանգիկը, վախճանվելիս որդուն՝ Հասան Ջալալին և իր կնոջը՝ Խորիշահին, որ Բագրատունյաց տոհմից իշխանաց իշխան Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի դուստրն էր, կտակել է՝ «զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատ հարց մերոց ի Գանձասար», որի կառուցումն սկսվել է 1216 թվականին և ավարտվել 1238 թվականին և օծվել 1240 թվականին՝ Վարդավառի մեծ տոնին, որի ժամանակ ներկա են եղել Աղվանքի Ներսես կաթողիկոսը, Վանական Վարդապետը, իշխաններ, եպիսկոպոսներ, Հայաստանի վանքերի շատ առաջնորդներ և 700 քահանա։ Սակայն խաղաղ ժամանակներին հաջորդող դաժան օրերի ընթացքում Մամքանի փառաբանված ամուսինը՝ Ջալալը, 1261 թվականին ողբերգական վախճան է ունենում, և կինը որոշում է կառուցել Գանձասարի գավիթը, որտեղ էլ ամփոփել են ամուսնու աճյունը։

Մխիթար Գոշը և Կիրակոս Գանձակեցին վկայում են, որ Գանձասարի վանքի գավիթը եղել է իշխանական տոհմի ներկայացուցիչների գերեզմանատունը։ Գավիթը խաչվող կամարներով է ծածկված և իր հատակագծային-ծավալային հորինվածքով նման է Հաղպատի վանքի ժամատանը և Մշկավանքի գավթի ձևերին։

1260 թվականին Թիֆլիսը (Տփղիս) լքած վրաց թագավոր Դավթին՝ Լաշայի որդուն, ու Վրաստանի ժողովրդին փրկելու համար և թաթարների դեմ ապստամբություն կազմակերպելու պատրվակով ոստիկան Արղունը ձերբակալում է թագուհի Գոնցային, Հասան Ջալալին, Զաքարե ամիրսպասալարի որդուն՝ Շահնշահին և ուրիշներին։ Փրկագնով բոլորն ազատվում են, բացի Մեծն Ջալալից, ում Արղունը ստիպում է ուրանալ հավատը և «եդեալ փայտ ի պարանոց նորա և երկաթ յոտս նորա», տանում Ղազվին (Իրան)։ Հասան Ջալալը հավատափոխ չի լինում, որի համար 1261 թվականին Արղունի դահիճներն «անդամ առ անդամ հոշոտեցին նրան»։ Հասան Ջալալ Դոլայի մարմնի վրա լույս է իջնում, և մի պարսիկ, տեսնելով այդ, հավատում է, որ նա սուրբ է, հավաքում է մարմնի մասերը և պահում մի ցամաք ջրհորի մեջ։ Հասան Ջալալի Աթաբեկ-Իվանե որդին նահատակված հոր մասունքները բերում է հայրենիք և ամփոփում մոր՝ Մամքանի՝ արդեն կառուցած վանքի գավթում։ Առ այսօր Ջալալ Մեծի տապանաքարը գտնվում է Գանձասարի վանքի գավթում։

17-րդ դարում Գանձասարի կաթողիկոսները սերտ համագործակցել են Արցախի մելիքությունների ազատագրական ոգորումներին։ XVIII դար այն դարձել է ազատագրական շարժումների կենտրոն։ Դարասկգբին Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի շուրջն էին համախմբվել շարժման ղեկավար գործիչները։ Ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանել է մինչև 1815 թվականը, երբ ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացավ, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դարձավ Շուշին։

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին Հովասափ Միայնակեցին 1240 թվականին արձանագրել է Հասան Ջալալ Մեծի Ուխտը։ Ըստ Հասան Ջալալ Մեծի 27 տողից բաղկացած կտակի՝ երբ սկսվում է Գանձասարի կառուցումը և քարագործ վարպետները հասնում են արևելյան լուսամուտին, մայրը՝ Խորիշահը, Աբգար թագավորի կնոջ՝ Հեղինեի նման, գնում է Երուսաղեմ և մինչև իր կյանքի ավարտը ճգնում է Սուրբ Հարություն տաճարում։ Ըստ իր կտակի՝ նա եկեղեցիներին ազատում է հարկերից և միաբանության կամքով և Աղվանքի Ներսես կաթողիկոսի հայրապետությամբ նշանակում Սուրբ Պատարագներ։ Գանձասարի վանքը մոտ 1400 թվականին դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը։ Այս վանքում կաթողիկոսների հետ հանդիպումներ են ունեցել 16-17-րդ դարերի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այստեղ շատ հիշարժան գրքեր են գրվել՝ XV դարում Մատթեոս Մոնողոնի տաղերի ժողովածուն, որտեղ ներառված է Ալեքսանդր Մակեդոնացու չափածո պատմությունը, իսկ 18-րդ դարում՝ Հովհաննես Բ կաթողիկոսի «Դատաստանագիրքը»։

Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանձասար վանական համալիրի գլխավոր տեսարժան վայրը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216 - 1238 թվականներին Հասան-Ջալալ իշխանի կողմից[3]։ Այն իրենից ներկայացնում է մեծ խաչագմբեթ եկեղեցի։ էրմիտաժի գիտական խորհրդի անդամ խորհրդային հայտնի պատմաբան և արվեստագետ Անատոլի Յակոբսոնը, ով երկար տարիներ ուսումնասիրում էր վանքը, տաճարն անվանեց «հայկական ճարտարապետության շտեմարան»[4]։ Պրոֆեսոր Շարլ Դիլը (1859-1944) Սորբոնի համալսարանից, արվեստի պատմության ֆրանսիացի հայտնի պատմաբան, Գանձասարը ներառեց հայ ճարտարապետական արվեստի 5 գլուխգործոցների շարքում, որոնք մտան համաշխարհային ճարտարապետության գանձարան։ Գանձասարի վանքից բացի, Դիլի ցանկում հայտնվեցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին (915-921) (Վանա լիճ, Թուրքիա), Էջմիածնի Սբ Հռիփսիմեի եկեղեցին (618), Հաղպատի վանքը (հիմնված 10-րդ դարում) և Ամենափրկչի եկեղեցին՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում (հիմնված 1001 թվականին)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Գանձասարի վանքը». Գանձասար աստվածաբանական կենտրոն, Երևան 2009. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  2. Hewsen, Robert H. (2001). Armenia: a historical atlas. The University of Chicago Press. էջ 159. ISBN 0-226-33228-4.
  3. Artsakh: A Photographic Journey by Hrair Khatcherian, p.13. OCLC 37785365
  4. «Собор Святого Иоанна Крестителя». www.gandzasar.ru.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանձասար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 686