Մելիք Եգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիք Եգան
Մահացել է1744
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Մելիք Եգանի ապարանքը

Մելիք Եգան (ծնվ. անհտ - 1744), քաղաքական-ռազմական գործիչ, դիվանագետ, Դիզակ գավառի տիրակալ, Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ, Մելիք-Եգանյաններ տոհմի հիմնադիր։ («Մելիք» արաբերեն՝ տիրակալ։ «Եգանը»՝ Հովհաննես հատուկ անվան աղճատված ձևն է սյունեցիների բարբառում։)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգանի հայրը Գտչավանքի վանահայր Ղուկաս վարդապետն է (ծննդ. անհտ.- 1715)։ 1717 թվականին Եգանն ընտրվում է Տող գյուղի տանուտեր։ Պարսկաստանի Թահմասպ 2-րդ շահին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար դիմաց 1723 թ.-ին նրան շնորհվում է մելիքի տիտղոս։ 1724 թ.-ին Կոստանդնուպոլսի պայմանագրով հայկական բնակավայրերը, այդ թվում՝ Արցախը անցնում են Օսմանյան կայսրությանը, որը Եգանին զրկում է մելիքի տիտղոսից։ Թուրքերը հայաբնակ մարզերից ձերբակալում և Թուրքիա են աքսորում 7.500 զինվոր ու սպա։ Միայն Եգանին է հաջողվում փրկագնով կանխել Արցախի զինվորականների աքսորը։ Մահացել է 1744 թ.-ին, թաղված է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում։

Եգան և Նադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադիր շահը Եգանի խորհրդով ու աջակցությամբ կարողանում է հուսալի հիմքեր ստեղծել դեպի Հայաստան նոր արշավանքի համար։ Նադիրը այցելում է Էջմիածնի Մայր Տաճար, մասնակցում պատարագի, ծունկի գալիս և արցունքն աչքերին աղոթում քրիստոնյաների հետ միասին, ինչը ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի վրա։ Եգանի հեղինակությամբ և եկեղեցու կոչով դեպի Հայաստան արշավանքում համախմբվում են Երևանի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արցախի հայ մելիքները, ընդհանուր՝ մոտ 20.000 զինվոր (նախորդ արշավանքի ժամանակ մասնակցել էր 1.250 հայ զինվոր, իսկ եկեղեցին չեզոքության կոչ էր արել)։

Եգան և Աննա Յոհանովնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական վտանգը չեզոքացնելու համար Եգանը, որպես Նադիրի լիազոր ներկայացուցիչ՝ Իրանի դիվանագիտական պատվիրակության կազմում ռազմական կցորդ, 1732 թվականին գնում է Սանկտ Պետերբուրգ, բանակցում ցարուհի Աննա Յոհանովնայի հետ, խոստանում՝ դեպի Հայաստան արշավանքի ժամանակ չանցնել 1724 թվականի պայմանագրով հաստատված Ռուսաստանի սահմանը, իսկ արշավանքի ժամանակ անձամբ պաշտպանել ռուսների անվտանգությունը, ներդրումները, շահերը։ Ցարուհին խոստանում է չհարձակվել Պարսկաստանի դեմ, իսկ Եգանին շնորհում է ռուս գեներալի կոչում։ Այդպիսով, Նադիրն ու Եգանը, չեզոքացնելով հյուսիսից ռուսական հնարավոր ներխուժման վտանգը, 1733 թվականին սկսում են նոր արշավանք։

Եղվարդի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք Եգանի և Նադիրի համատեղ ռազմական հաջողություններից է 1733 թ. Սարը Մուստաֆա փաշայի 40.000-անոց զորքի կոտորածը։ Իրանական և օսմանյան զորքերի միջև խոշոր և վճռական ճակատամարտը տեղի է ունենում 1735 թ. հունիսի 14-ին Եղվարդ գյուղի մոտ, որտեղ օսմանցիները պարտվում են։ Եղվարդի ճակատամարտում իրանական բանակի կազմում կռվում էին հայկական 6 զորախումբ, մելիք Եգանի, մելիք Շահնազարի, մելիք Հակոբջանի և մյուս հայ մելիքների ղեկավարությամբ։ Եղվարդի ճակատամարտից հետո հայ-պարսկական զորքերը գրավում են Կարսից մինչև Կարին ու Բայազետ ընկած տարածքները։ Թուրքիան զորքերը դուրս է բերում Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից և Անդրկովկասից։ 1736 թ. Էրզրումում Իրանի և Թուրքիայի միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան ճանաչում է Իրանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։

Եգանին խանի տիտղոսի շնորհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը թուրքերից ազատագրելուց հետո, Նադիր շահը արտոնություններ է շնորհում հայ առևտրականներին, հարկերից ազատում հայ եկեղեցուն և գյուղացիներին, Եգանին շնորհում է խանի տիտղոս, և հայկական 6 մելիքությունների վրա կարգում բեկլարբեկի (իշխանաց-իշխան)։ Եգանի պահանջով ազատվում են նաև նախորդ պատերազմից հետո գերված և Թուրքիա աքսորված 7.500 հայ գերիները։

Խամսայի Մելիքությունների ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1736 թվականին ձևավորվում է հայկական ինքնավարություն և կոչվում է «Խամսայի մելիքություններ»։ Դրանց մեջ են մտնում Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի մելիքությունները։ Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ է ճանաչվում Եգանը։ Նա ուղղակիորեն ենթարկվում է Նադիր շահի եղբայր Իբրահիմ խանին, որը նստում էր Ատրպատականի Թավրիզ քաղաքում։ Մելիք-Եգանի մոտ էին հավաքվում Արցախի մելիքությունների հարկերը և նրա միջոցով հանձնվում շահական գանձարան։

Մելիք Եգանի ապարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք Եգանի ապարանքի պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք Եգանի ապարանքի տարածքում պեղումները իրականացվել են 2010 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Միջնադարի հնագիտության բաժնի արշավախմբի կողմից։ Աշխատանքները իրականացվել են ԱՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ։ Պեղումների նպատակն էր հնարավորինս վերականգնել ապարանքի նախնական տեսքը՝ այն զբոսաշրջության կենտրոն դարձնելու ակնկալիքով։ 2010 թվականի պեղումները հիմնականում կատարվել են ապարանքի Ընդունարանի ներսում, նրա հյուսիսային, հարավ- արևելյան, հարավ- արևմտյան հատվածներում և տանիքում։ Ընդունարանը թեթևակի շեղված քառանկյուն հատակագծով և թաղակապ ծածկով դահլիճ է, որի շարունակությունը կազմում է նախասրահը։ Շքամուտքը կամարակապ է, սրբատաշ քարերով շարվածք։

Մելիք Եգանի ապարանքի ընդունարանի արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք Եգանի ապարանքի ընդունարանի վիմագիր արձանագրության գրչագիրը

Պեղումների արդյունքում Մելիք Եգանի ապարանքի պատին հայտնաբերվել է հետևյալ արձանագրությունը. «1737 թ.: Այսպես է, որ ես՝ Ղուկաս վարդապետի որդիս, որ իմ անունն է Մելիք Եգան, նախապես ժողովուրդն ինձ տանուտեր կարգեց։ Դրանից հետո, երբ երկիրը խառնակության մատնվեց, Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա ինձ մելիքություն տվեց։ Այնուհետև օսմանցին եկավ և նրա ձեռքից վերցրեց։ Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ եկան Դիզակ, ես չթողեցի, որ հայերին այստեղից գերի տանեն։ Շահ Նադիր զորեղ թագավորը իր զորքով եկավ, երկիրն օսմանլուի ձեռքից առավ։ Նրան էլ այնքան ծառայություն մատուցեցի, որ նա քրիստոնյա ազգի 6 մահալների՝ Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի վրա ինձ որպես խան և բեկլարբեկի կարգեց, շնորհ արեց։ Ով հետո կարդա, այս գրությունից կիմանա, որ մեր որպիսությունը այսպես է եղել և թող մի ողորմի ասի։ Եղավ։ Ամեն»:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]