Տողի մելիքական ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Տողի Մելիքական ապարանք
Togh's Melikian Palace, 20 Oct 2018 - 19.jpg
Տողի մելիքական ապարանքի գլխավոր շինություններից մեկը, 2018 թվական
Կոորդինատներ39°35′17″ հս․ լ. 46°57′52″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԱրցախ Տող, Արցախի Հանրապետություն
Կառուցվել է1737
Կառուցել էՄելիք Եգան
Ներկա վիճակըԿիսավեր

Տողի մելիքական ապարանք, գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի կենտրոնական մասում[1][2]։ Մելիքական ապարանքի վրա հայտնաբերված արձանագրության համաձայն ապարանքը կառուցվել է 1737 թվականին՝ Դիզակի մելիք՝ Մելիք - Եգանի կողմից[1][3][4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի հինգ մելիքությունների պայքարով ստեղծված «Խամսայի մելիքություններ» անունով հայտնի այս ինքնավար իշխանության գլխավոր կենտրոնը Տող ավանն էր։ Այստեղ էլ կառուցվեց ապարանքը, որպես Մելիք-Եգանի (Մելիք-Ավան-խան) մելիքանիստ-պալատն էր[6]։ Տողի մելիքական ապարանքը, Արցախի նմանօրինակ հուշարձանների շարքում, ստույգ թվագրված ամենավաղ կառույցներից է և յուր ժամանակ պաշտպանական բնույթ է ունեցել։ Պալատական համալիրը ստեղծվել է 18-րդ դարի 20-30-ական թվականներին, որը լրիվությամբ կառուցվել և իր ամբողջական տեսքն է ստացել միայն 19-րդ դարի կեսերին։ Ապարանքի նախնական հորինվածքի մեջ մտնող շինություններից պահպանվել են գլխավոր մուտքի դարպասը, երկու թաղածածկ սենյակ, երկհարկանի ընդունարանը, ինչպես նաև դրանց կից սենյակներ։

Ըստ ընդունարանի երկրորդ հարկի շքամուտքի ամբողջ ճակատով մեկ փորագրված ընդարձակ շինարարական արձանագրության՝ մելիքական ապարանքը 1737 թվականին կառուցել է Դիզակի մելիքության հիմնադիր Մելիք Եգանը՝ (իրական անունը Ավան), XVIII դարի սկզբում Տող ավանում հիմնավորված Ղուկաս վարդապետի որդին, ով այդ ժամանակների հայ քաղաքական կյանքի ամենահայտնի գործիչներից էր:Մելիք Եգանն ակտիվ մասնակցություն է ունեցել Օսմանյան Թուրքիայի դեմ արցախյան սղնախների մղած ազատագրական մարտերին և որպես Դիզակի սղնախի ղեկավար, միաժամանակ զգալի դերակատարում է ունեցել հայ-ռուսական դիվանագիտական հարաբերություններում։

Տող ավանը, Դիզակի Մելիք-Եգանի շնորհիվ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահհմանները ձգվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը։ Ինչպես վկայում են շիրմաքարերի վրա պահպանվող չափածո գրված արձանագրությունները, պարսկական դաժան տիրակալներից մեկը՝ Նադիր Շահը, հաշվի է նստում Մելիք Եգանի՝ նույն ինքը՝ Մելիք Ավանի հետ, նրան կոչելով <<Բաբալըղ>> /հայրացու/: Մելիք Ավանի շիրմաքարի գրվածքները վերծանելով երևում է, որ Մելիք Ավանը՝ Նադիր Շահի կողմից հարգված, տարատեսակ նվերներով սիրաշահված քաջ դիզակեցին, բացի իր երկրից իշխում էր նաև Աղվանից աշխարհին, իսկ Մելիք Եգանի որդու՝ Մելիք Արամի որդու՝ շիրմաքարին կարդում ենք հակառակը՝ «Շահն ոզեց /ուզեց/ Արամ տարավ, ԶՌ /6000/ թուման ջարմայ առավ»[7]։

Մելիք Արամին հաջորդեց նրա եղբայր Մելիք Եսային, ով Խամսայի ամենահեղինակավոր իշխաններից մեկն էր և ժողովրդական զրույցների ու ավանդությունների ամենահարգված հերոսն էր համարվում։ Այսօր էլ, գրում է Լեոն[8], որ Դիզակի ժողովուրդը շարունակում է պատմություններ ստեղծել իր մեծ Մելիք Եգանի մասին, որ իր հոր՝ Մելիք Եգանի /Ավանի /արժանավոր ժառանգ հանդիսացավ և նույնիսկ գերազանցեց նրան իր հերոսություններով[9]։ Չնայած ժամանակի ընթացքում ապարանքում տեղ գտած որոշակի փոփոխությունների, այն գործնականում պահպանել է իր սկզբնական տեսքը։ Բնակելի տարածքները և հյուրասենյակներն ունեն կամարակապ ծածկեր, սալարկված հատակներ և հայկական բուխարիներ։ Պատերի վրա պահպանվել են տվյալ ժամանակաշրջանի մասին վկայող գրառումներ։ Պալատից կարելի է հստակ պատկերացում կազմել 18-19-րդ դարերի ավանդական կովկասյան՝ մասնավորապես հայկական բնակելի տների մասին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարանքից մեզ հասած ամբողջական կառուցամասերը՝ դարպասը,ընդունարանը, երկու սենյակները, պատերի մնացորդները ասում են նրա պարսպապատ ու բավականին ընդարձակ համակառույց լինելու մասին։ Ապարանքի արևելյան ճակատի աջ հատվածում՝պարսպապատի հենց բեկման տեղում, գտնվում է դարպասը, որն ունի պարսպից դեպի բակ առաջացող թաղակապ եզրույթով ստեղծված ծավալաձև կառուցվածք։ Արտաքին ճակատում մուտքային բացվածքը ընդգրկված է երկու կողմի որմնաելուստներով, որոնք պսակվում են երկաստիճան կամարով։ Ճակատն աչքի է ընկնում սրբատաշ շարվածքով։ Դարպասի ծավալն այժմ քողարկված է կցակառույցներով ու վրան ավելացված հարկով, սակայն դրսից նկատելի է մուտքի որմնաելուստներից դեպի երկու կողմ տարածվող պարսպի մնացորդները։

Հարավայինը կիսված է գյուղամիջյան ճանապարհով, իսկ հյուսիսայինը միանում է ընդարձակ դահլիճի երկայնական պատին:Մելիք Եգանի պալատական համալիրի սրբատաշ քարերով շարված կամարակապ շքամուտքը (1731) տանում է բակի խորքում տեղադրված ուղղանկյուն հատակագծով բնակելի մեծ հյուրասենյակ, որն ունի քանդակազարդ բուխարի, փոքր պատուհաններ, երկայնական պատի մեջ փորված կամարաձև լայն խորշեր՝ բակահայաց պատուհաններ և այլ մանրամասներ։ Տնտեսական հարկաբաժնի առկայությունն են հաստատում հյուրասենյակից առանձնացած ուղղանկյուն հատակագծով թաղակիր սենյակները՝ ճարտարապետական մանրամասներով, թոնիրներով, կարասներով։

Մելիք Եգանի պալատական համալիրի պահպանված փոքր մասը վերակառուցումների հետևանքով կորցրել է իր նախնական տեսքը, սակայն շինության պատերին պահպանված (Եգանի որդի բարուն Արամ՝ 1737 թվական և Արամ բեկ Մելիք Եգան` 1904 թվական) արձանագրությունները հաստատում են, որ շուրջ 200 տարի ապարանքը պատկանել է մելիքական տոհմի ներկայացուցիչներին, որոնք հերոսաբար շարունակել են պայքարել հայրենիքի ազատության համար։ Ապարանքում հատուկ տեղ է զբաղեցնում դրա ընդունարանը[10]։ Այն իր տեսակով խիստ յուրահատուկ է, թեպետև որոշակի ընդհանրություններ ունի Քաշաթաղի և Խնածախի ընդունարանների հետ։ Ընդունարանից ոչ հեռու գտնվող հողակույտերի միջից հայտնաբերվել է մի քառանկյուն դահլիճ՝ գլխատուն։ Այն ունի մուտք, կրաքարե սալերից մշակված խարիսխներ, օջախ և հարավարևմտյան պատի կենտրոնում պահպանված բուխարիի հետքեր։

Ուսումնասիրությունների համաձայն դարպասից դեպի հարավ ձգվող պարսպին կից նույնպես եղել են բակահայաց սենյակներ, որոնցից առանձին հատվածներ այսօր էլ նկատելի են այստեղ հետագայում կառուցված երկու ընդարձակ բնակելի տների առաջին հարկերում։ Մելիք Եգանի որդու՝ Արամի կողմից 1737 թվականին թողած արձանագրության մեջ, դարպասի դիմաց գտնվող շինության ստորին հարկըևս ապարանքի սկզբնական հորինվածքի մաս է կազմել, սակայն ուշադիր դիտարկումը ցույց է տալիս, որ որ այս բնակելի շենքը էապես տարբերվում է ապարանքի նախնական կառուցամասերից և ավելի ուշ շրջանի շինվածք է[11]։

Կառույցի ճակատամասում տեղադրված մեկ այլ արձանագրության մեջ նշվում է, որ այն պատկանել է այսօր չպահպանված այլ շինությունների, որը XIX դարում ապարանքի հիմնովին վերակառուցման ժամանակ ագուցվել է նույն տեղում կառուցված տան պատի մեջ։ Ուշագրավ է կառույցի տեղադիրքը, որը գտնվում է ուղիղ դարպասի դիմացև ետնամասով խորանում է լանջի արևմտյան թեքության մեջ, որտեղ ևս եղել են լանջին հարող ևս մի քանի թաղակապ սենյակներ՝ քարաշեն գլխատներ ու կամարասրահներ։

Մելիքական ընտանիքի անդամներն ունեցել են իրենց առանձին հարկաբաժինը։ Բացի այդ, անձնական հարստությամբ հռչակված Մելիք Եգանը, որի մասին անուղղակի ակնարկներ կան ընդունարանի արձանագրության մեջ, հավանաբարն ունեցել իր կարողություններին ու ճանաչմանն ավելի պատշաճ ապարանք, քան այն, ինչ հասել է մեզ:Տողի մելիքական ապարանքում մեծ արժեք ունի հատկապես ընդունարանը, որն ինքնատիպ է ոչ միայն իր բազմաբովանդակ շինարարական արձանագրություններով ու դրա մեջ կառույցի բնույթի («թանապա» -ընդունարան) հիշատակությամբ, այլև հորինվածքով։ Քաշաթաղի ու Խնածախի ընդունարանների հետ ունեցած որոշ ընդհանրությունների, Մելիք Եգանի ընդունարանը առանձնանում է և ներկայանում է իր ինքնատիպ ու յուրօրինակ տիպաբանական կառուցվածքով, որտեղ պահպանված ապարանքի դարպասը ընդունարանի հետ կարևոր դեր ունի մելիքական ապարանքների ընդհանրական կերպարի վերհանման ու ներկայացման գործում։

Այդ նույն դարաշրջանում և հետագայում տեղի է ունենում բնակելի տների ձևափոխություն, որը հստակ երևում է ապարանքից հարավ բացված աշխարհիկ համակառույցում։ Այն թաղածածկ տանիքով ուղղանկյուն սրահ է, որն իր վրա է կրել տարբեր ժամանակների շինարարական նոր լուծումների հետքեր։ Բնակարանում առաջնային տեղ է հատկացված կամարաձև պսակով պահարանախորշերին, բուխարուն և հատակագծային նոր լուծումներով տեղադրված դուռ- պատուհաններին։ Նման կառույցների առկայությունը թելադրված է եղել սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխություններով։ Մեծ ընտանիքները տրոհվել են և կենցաղավարման նոր փուլերում տեղափոխվել են բնակության նոր միջավայր։

Ապարանքի դարպասը նույնպես եզակի է իր պահպանվածությամբ և ընդունարանի հետ կարևոր դեր ունի մելիքական ապարանքների ընդհանրական կերպարի վերհանման գործում։ Երկհարկանի պալատը՝ ճարտարապետական հետաքրքիր համալիր է, որը ներառում է բնակելի ու տնտեսական տարածքներ և Մելիք-Եգանի ընդունարանը։

Մեր օրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից ապարանքը գտնվում է վերականգնման փուլում, իսկ արդեն 2014 թվականի հուլիսի 1-ից Արցախի կառավարության որոշմամբ սկսեց գործել «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցը[12]։ Այն հանդիսանում է մի յուրօրինակ թանգարան, որն իր բացման առաջին իսկ տարում միացավ «Թանգարանային գիշեր» ակցիային[13]։ Ինչպես նաև արդեն 6-րդ անգամ այնտեղ անց է կացվում Արցախյան գինու փառատոնը[14]։

Մեր օրերում Տող գյուղի մելիքական ապարանքի տարածքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց հյուսիս գտնվող միջնադարյան դամբարանադաշտում իրականացրած հնագիտական պեղումների արդյունքում բացվել են գտածո մի շարք տապանաքարեր, որոնց մեջ շատ են Դիզակի հայտնի մելիքների տապաններ, այդ թվում նաև՝ Մելիք Եգանի տապանաքարը։ Պատմական մի շարք տեղեկությունների համաձայն, ենթադրվում է, որ Տողում պետք է չորս կամ հինգ մելիքների տապանաքարեր ևս լինեն։ Ըստ որոշ տեղեկությունների դրանք եղել են Տող գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու տապանատանը, որտեղից էլ Մելիք Եգանի տապանաքարը տեղափոխել են եկեղեցու սրահ ու դրվել փայտե հատակի տակ՝ կամ որպես շինաքար կամ էլ ոչնչացումից փրկելու նպատակով։

Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է նաև, որ եկեղեցին ունեցել է ևս մեկ մուտք, որը խորհրդային տարիներին շարվել է քարով, ծեփվել ավազի ու ցեմենտի շաղախով։ Բացի այդ, եկեղեցու հյուսիսային պատը ինչպես նաև բակը ծածկված են եղել հողի հաստ շերտով։ Կատարված աշխատանքների արդյունքում բացվել են քսանից ավելի տապանաքարեր, բոլորն էլ` հիմնականում լավ պահպանված, որտեղ պարզ ընթեռնելի են գրվածքները, տեսանելի են տապանների պատկերաքանդակները։ Հայտնաբերված տապանաքարերը թվագրվում են XVIII դարով։ Հողի շերտից ազատված տապանաքարերին արձանագրություններ են, խնջույքի պատկերներ, որսի, տոնակատարությունների տեսարաններ, մարդկային կերպարներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արտակ Ղուլյան, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, Երևան, 2001, էջ 30
  2. Ghulyan, Artak. (2001)։ Artsʻakhi ev Syunikʻi Melikʻakan aparankʻnerě։ Erevan: HH GAA "Gitutʻyun" Hratarakchʻutʻyun։ ISBN 5-8080-0469-1։ OCLC 47650905 
  3. Հ. Փափազյան, Մելիք Եգանի ընդունարանի մուտքի վիմագիր արձանագրությունը, «Լրաբեր հաս. գիտ.», 1985, 5, էջ 75-78։
  4. Арутюнян П. Т., Освободительное движение армянского народа в первой четверти XVIII века, Москва, 1954, с. 62.(ռուս.)
  5. «Տողի մելիքական ապարանք»։ http://karabakh.travel/։ 14:58 Օգոստոս 13, 2013 (չաշխատող հղում)
  6. ԼՂՀ կառավարության առընթեր զբոսաշրջության վարչություն։ Հնագիտական ուսումնասիրություններն Արցախում 2005-2010 թթ.։ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն, 2011։ էջեր 71–81 
  7. Շահեն Մկրտչյան Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձաններ,էջ՝ 69
  8. Հայոց պատմություն,երրորդ հատոր, գիրք երկրորդ, Երևան, 1973թ. Էջ՝ 216
  9. Շահեն Մկրտչյան Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձաններ,էջ՝ 68
  10. Ժամկոչյան, Բաբայան Ա. Ֆ.։ «ԴԻԶԱԿԻ ՄԵԼԻՔ ԵԳԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԸ ՈՐՊԵՍ ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ» 
  11. Մանվել Սարգսյան, «Մելիքական բնակելի համակառույց Տող ավանում», «ՊԲՀ» 1987, 3 էջ 35
  12. «Տողի մելիքական ապարանք. ընթանում են արգելոցի պարսպապատման աշխատանքները»։ 168 ժամ։ | 22:10 | Օգոստոս 19 2014 
  13. «"Թանգարանային գիշեր" "Տողի Մելիքական ապարանք" պետական պատմամշակութային արգելոցում»։ http://artsakh.tv/am։ 2015-05-18 21:05:00 (չաշխատող հղում)
  14. Արցախում կայացած 6-րդ գինու փառատոնը լուսանկարներով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]