Վարանդա գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարանդա (այլ կիրառումներ)

Վարանդա գավառ, կազմավորվել է Արցախ աշխարհում 16-րդ դարում, աշխարհացույցյան Մյուս Հաբանդ գավառի հյուսիսային մասում։ Գավառն ընդգրկում էր Կարկառ գետի աջ ափը, հասնում մինչև Քիրս-Դիզափայտի լեռնագոտին։ Կոչվել է նաև Հաբանդ, Մյուս կամ Փոքր Հաբանդ, Մուխանք, Պազկանք, Վառանդա, Վարանդ, կենտրոնի անունով՝ նաև Ամարաս[1]։

Կարկառ գետ

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում Վարանդայի տիրակալներն էին Դոփյան իշխանական տոհմից սերող Մելիք-Շահնազարյանները։ Մելիք-Շահնազար Ա-ի սերնդից Մելիք Հուսեյնը Գեղարքունիքի Մեծ Մազրա գյուղից գալիս ու վերահաստատվում է Ավետարանոց ավանում՝ հիմք դնելով այս տոհմի՝ Վարանդայի Մելիք-Շահնազարյանների ճյուղին[1]։ 1721 թվականին Մելիք Բաղին դուրս է գալիս կովկասյան լեռնաբնակների առաջ և ազատում երկիրը նրանց ավերումից։ Այս և մի քանի այսպիսի հաղթություններով Մելիք-Շահնազարյանները տարածել են իրենց իշխանությունն ամբողջ Վարանդայում և որպես պարսից ավատական իշխաններ՝ կառավարել երկիրը[2]։

Ավետարանոց գյուղ

1725 թվականի մարտի 1-ին թուրքական 4700 մարդուց բաղկացած զորքը մտավ Վարանդա գավառ։ Ղարաբաղի ազատագրական ուժերը զգալով, որ չեն կարող դիմադրել թվով գերակշռող թուրքական զորքին, որոշեցին առերես հպատակվել, և նրանց բաժանելով 33 գյուղերի վրա, գիշերային հարձակումով ոչնչացրեցին գրեթե բոլորին, սպանելով Ալի և Շահին փաշաներին, իսկ երրորդին՝ Սալլահին, գերի վերցրին։ Հատկանշական է, որ արցախցիների կողմից թուրքական զորքերին ջարդելու մասին Եսայի կաթողիկոսը մելիքների հետ միասին նամակ է ուղարկում Պետրոս Մեծին։ Այդ նամակում մանրամասն նկարագրվում է, թե հայերը խորամանկ կերպով ինչպես են կարողանում ջարդել թուրքական զորքին։ Թվում էր, թե այս ամենից հետո թուրքական բանակը կհանդարտվի, սակայն թուրքերը նոր ուժով նոր գործողություններ են կազմակերպում։ 1726 թվականին թուրքական 40 հազարանոց զորքը հարձակվում է Ղարաբաղի վրա։ Նույն թվականի աշնանը Սարու Մուստաֆայի բանակը մոտեցավ Ղարաբաղի կենտրոնին, ռմբակոծեց Ավան հարյուրապետի կառուցած Քարագլխի (Շուշի) բերդը։ Ութօրյա մարտերից հետո թուրք փաշային հաջողվեց գրավել բերդի մի մասը։ Բերդի պաշտպաններից 400 մարդ զոհվեցին։ Սարու Մուստաֆան վերցնելով բազմաթիվ գերիներ, մեծ քանակությամբ ավար՝ ձիեր ու անասուններ, ետ քաշվեց և վերադարձավ Գանձակ։ Շուշիի հերոսամարտը էժան չնստեց նաև թուրքերին։ Նրանք կռվի դաշտում թողել էին երկու զորապետ և 800 շարքային[3]։

Արդեն 1729 թվականի հունվարին Ավան և Թարխան հարյուրապետերը օգնություն են խնդրում ռուսական արքունիքից։ Մասնավորապես Ավան հարյուրապետը Արցախի 18-րդ դարի հայ ազատագրական պայքարի ամենակարկառուն գործիչներից մեկն է։ Տեսակետներից մեկի համաձայն հենց նա է 1724 թվականին դրել Շուշիի ամրոցի պատերի հիմքը։ Այս բարեկիրթ և վեհ անձնավորությունը փորձեց օգնություն ստանալ ռուսներից։ Օգնություն ստանալու ակնկալիքով Պետերբուրգ է մեկնում Ավան հարյուրապետի եղբայրը՝ Թարխանը։ Ռուսական արքունիքից օգնությունը ուշացավ։ Արցախի հայերի վիճակն ավելի վատթարացավ։ Այս ամենին գումարվեց նաև այն, որ Ավան և Թարխան հարյուրապետերը նույն թվականին տեղափոխվում են մերձկասպյան շրջաններ, որտեղ էլ 1734 թվականին Ավան հարյուրապետին նվիրվում են կալվածքներ, որտեղ բնակվում են Արցախից գաղթած հայեր։ Ավան հարյուրապետը մահանում է Աստրախանում՝ 1736 թվականին[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարանդայի սահմաններն են արևելյան կողմից՝ Արցախյան դաշտաբերանը, հյուսիսից և արևմուտքից՝ Գարգար գետը, հարավից՝ Քիրս և Դիզափայտի լեռնաղթայի գագաթնագիծը։ Վարանդան լեռնոտ երկիր է։ Արցախյան լեռնաշղթան, մտնելով այս գավառը հյուսիս-արևմուտքից, տարածվում է հարավ-արևելք մինչև Դիզակ գավառի Դիզափայտի լեռնաշղթան։ Այս լեռնաշղթայի մեջ նշանավոր են Մեծ և Փոքր Քիրսերը, որ բարձրանում են Շուշու հարավային կողմում։ Վարանդայում կան մի քանի փոքրիկ դաշտեր` Նոր-Շենի, Գիշի, Պառավաթումբ և Աղքենդ գյուղերի միջև տարածվող դաշտը, Խունըշինակ գյուղի դաշտը, որ կազմում է Վարանդայի սահմանը, Ամարասի դաշտը, Բեգիջանի դաշտը Խազաս սարի և Ներքին Թաղավարդի միջև և այլն[2]։

Գետեր և լճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենանշանավոր գետը Գարգարն է, որ կազմվում է 5 գլխավոր վտակներից։ Նշանավոր լիճն է Սյուլյուկնածով՝ Նինգի գյուղի մոտ։ Վարանդա գավառը սաստիկ հարուստ է աղբյուրներով, որոնց ջուրը շատ հստակ և քաղցրահամ է։ Մեծ աղբյուրներից նշանավոր է Ղարաբուլախ գյուղինը, որ մի քանի ջրաղաց է դարձնում[2]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդի ճնշումը 00 ջերմության միջոցին տարեկան միջին թվով հասնում է 647,9 մմ, բարձրանում է հոկտեմբերին և իջնում մարտին։ Ամենաշոգ ամիսը օգոստոսն է՝ միջին ջերմաստիճանը 200, ամենացուրտ ամիսը հունվարն է՝ -3,30:

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարանդայի բուսականությունը սաստիկ հարուստ է, ծածկված է խիտ անտառներով, այգիներով, խոտավետ արոտներով։ Անտառներում կան պտղատու վայրի ծառեր՝ ճըռ-տանձի, սալորի, հոնի, տկողնի, ընկուզի, իսկ հանդերում՝ միայն մոխրատանձի և լկրթնի։ Մացառներում հանդիպում են սևամոշի, տատասկի, շուշանի, եղինջի թփեր, դաշտերում՝ շոմին, տոմբալան, սամիթ։ Վարանդայում վայրի կենդանիներից հանդիպում են արջ, գայլ, աղվես, սկյուռ, չաղալ, թռչուններից՝ կաքավ, աղավնի, տատրակ, չարթ, մոշահավ, արծիվ, անգղ, ցին, հողմահար, ագռավ, կաչաղակ և այլն[2]։

Նշանավոր վանքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր բերդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղգղալա (Աղջկա բերդ)
  • Ղալին-Խութ
  • Բրդահոնջին ղալա

Գրական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարանդա գավառը եղել է Արցախի հայ գրավոր մշակույթի ու գրչության հնագույն կենտրոններից մեկը։ Գավառի կենտրոն Ամարասը վաղ միջնադարում նշանավոր էր որպես եպիսկոպոսանիստ և հոգևոր մշակույթի կենտրոն։ Ամարասի մեջ մտնող Շուշու գյուղից Մանվելի գրչագրած Ավետարան է մեզ հասել, որն այժմ պահվում է Մատենադարանում։

Վարանդա գավառի Ավետարանոց ավանի Կուսանաց անապատը 17-18-րդ դարերում դառնում է գրչության կենտրոն և կապվում Գայանե և Հռիփսիմե կույսերի անունների հետ։ Գայանեն հմուտ գրիչ էր։ Րաֆֆին գրում էր, որ ինքն անձամբ Ավետարանոց գյուղում տեսել է Գայանեի գրչագրած գեղեցկազարդ մի Ավետարան։ Նույն ավանում 1667 թվականին գրիչ Խոսրովը մայրապետ Հռիփսիմեի խնդրանքով գրչագրել է Գրիգոր Ծերենցի «Հայսմավուրքը»։ Ավետարանոցի Սբ. Աստվածածին եկեղեցում 1671 թվականին անհայտ գրիչն ընդօրինակել է թղթյա պատկերազարդ մի Ավետարան[1]։

Վերին Թաղավարդ գյուղում անհայտ գրիչը 1717 թվականին օրինակել է Առաքել Սյունեցու «Ադամագիրքը»։ Խնուշինսկ գյուղի եկեղեցում է պահվել 1672 թվականին Վանում Վարդան գրչի օրինակած և Գրիգոր Վանեցու ծաղկած Ավետարանը, որը 1845 թվականին Մելիք Ջհանբախշի դուստր Նանագուլը նվիրել է Ավետարանոցի Սբ. Աստվածածին եկեղեցում։ Գրչագրեր են հասել նաև Թաղլար գյուղից։ Խաչմաչ գյուղում Թադեոս քահանայի խնդրանքով Ալեքսանդր եպիսկոպոսի օրինակած մի Ավետարան է պահվել Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցում։ Սարուշենի հնաշեն, իր ներքին և արտաքին հարդարանքով առանձնացող Սբ. Աստվածածին եկեղեցին հռչակված է նաև Սարուշենի Կարմիր Ավետարանով։ Տասնինը ձեռագիր մատյան է հասել Շուշիից, որոնք գրվել են 18-19-րդ դարերում[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Մինասյան, Թամարա (2015). Արցախի գրչության կենտրոնները (PDF). Երևան: «Նաիրի».
  2. 2,0 2,1 2,2 2,3 Լալայան, Ե. (2019). Վարանդա. նյութեր ապագա ուսումնասիրության համար (PDF). Vol. 1. Ստեփանակերտ. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 «ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԸ 1725-1726 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՇՈՒՇԻՈՒՄ ԵՎ ՎԱՐԱՆԴԱՅՈՒՄ ՋԱԽՋԱԽՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ». artsakhtert.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.