Դիզափայտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիզափայտ
Dizapayt.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Artsakh.svg Արցախ
Վարչատարածքային միավորՀադրութի շրջան
Բարձրությունը ծովի մակարդակից2478 մետր
Դիզափայտ.jpg

Դիզափայտ, լեռ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: Այն ծովի մակարդակից բարձր է 2478 մետր[1]: Լեռան երկրորդ անվանումը Զիարաթ է։ Դիզափայտի գագաթին հիմնված է եղել Կատարո վանքը[2]: Լեռնագագաթն Արցախի գլխավոր ու պատմական սրբավայրերից է։ Լեռնագագաթից երևում են Արցախի (Մուղանքի) դաշտավայրը, Իրանի սահմանը՝ Արաքսի հովիտը, Զանգեզուրի լեռնաշխարհը, Մռովի կատարները, իսկ ավելի մոտիկից՝ հյուսիսային կողմում, Հարոս լեռնաշղթան է։ Սյունանց աշխարհի դիմաց Մեծ քար սարն է, որի ստորոտում են գտնվում Քարինգ, Սպիտակ շեն, Փարաջանց գյուղերը։ Դրանցից հարավ՝ Զինգյանակապ գետի ձախ ափին, խոյացել է հսկա Ամու կոչվող տեղամասը, որի կողերին փռված են Արևշատ, Ամուտակ (Թեզխարաբ), Պետրոսաշեն բնակավայրերը։ Բարձունքից երևում են նաև Տումի, Մոխրենես, Հին Թաղեր, Խանձաձոր, Ծամձոր, Քարագլուխ, Սարին Շեն, Բանաձոր, Առաքել, Ցոր, Սարալանջ, Ջրաբերդ, Կարմրաքար գյուղերը[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dizapayttt.jpg
Դիզափայտը Խանձաձոր գյուղից.jpg

Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը' Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։ 4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանք)։ Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը[1]: Պատմական աղբյուրների վկայությամբ, ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակների։ Ինքը՝ «Զիարաթ» անվանումը, որ կոչում էին օտարները Դիզափայտին, նույն սրբատեղի, սրբավայր իմաստն է արտահայտում[3]:

Դիզափայտի հուշարձանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզափայտ

Դիզափայտը նշանավոր է իր լայն բացվածք ունեցող անձավներով, սառնորակ աղբյուրներով, վայրի սննդաբույսերով։ Այս հանգամանքը զգալիորեն ազդել է լեռնածերպերի վրա գտնվող բնական և ձեռակերտ ամրոցների պաշտպանության համակարգի վրա։ Լեռներն ու դրանց լանջերն ակոսող կիրճերն այնպիսի տպավորություն են թողնում, որ ասես Հադրութի շրջանի այս հատավածում հողը մեծ դժվարությամբ է տրվում մարդուն։ Հողն իսկապես խլվել է բլուրների, սարերի, անդնդախոր կիրճերի, անտառների, խիստ թեքադիր ձորալանջերի արանքներում ընկած քարակուտակ թփակալած տարածքներից և, պարզ է, թե ինչու Դիզափայտի հարավարևմտյան, մասամբ նաև արևելյան լնջերը, որտեղ տեղադրված են շրջանի 82 բնակավայրերը, չունեն ընդարձակ հողատարածություններ։ Դարեր ընթացքում հողազուրկ շինականը զբաղվել է դարավանդային հողագործությամբ։ Աճեցրել են միրգ և բանջարեղեն, հացահատիկ ու անասնակներ՝ դրա համար քարերի մեջ ստեղծելով մեկուկես, երկու մետր բարձրությամբ, խուրջինների մեջ իրենց ուսերի վրա դժվարանցանելի կածաններով կրել են կիրճերի հատակով հոսող գետակների ափերից։ Այժմ էլ պահպանվում են հազարավոր դարավանդային հողակտորները՝ լաքերը, որոնք, ասես, տեղաբնակ հայության մարտահրավերն են խստաշունչ բնությանը։ Եվ սա է պատճառը, որ վեղ հազարից ավելի մշակովի հողերը տարածված են շուրջ ինը հազար հողակտորների վրա։ Բացի “Կատարո վանք” եկեղեցուց, այստեղ պահպանվում են կից շինությունների, պարսպապատերի ավերակները, որն էլ ավելի է կարևորում այդ նշանավոր սրբավայր - ուխտատեղիի դերը տարածաշրջանում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]