Արտաշիր Պապական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշիր Պապական
𐭠𐭥𐭲𐭧𐭱𐭲𐭥
Artaxšēr
Ardashir I Coin2.png
Պարսքի արքա
211 - 224
Նախորդող Շապուհ
Հաջորդող թագավորությունը վերացվում է
Սասանյան Պարսկաստանի շահնշահ
224 - 242
Նախորդող Արտավան Ե Պարթև (Պարթևստան)
Հաջորդող Շապուհ Ա
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Զրադաշտականություն
Ծննդյան օր 180
Ծննդավայր Սթահր, Պարսք, Պարթևստան
Վախճանի օր 242
Դինաստիա Սասանյաններ
Քաղաքացիություն Derafsh Kaviani flag of the late Sassanid Empire.svg Սասանյան Պարսկաստան
Հայր Պապակ
Ամուսին Ռոդակ
Զավակներ Շապուհ Ա և Արտաշիր

Արտաշիր Ա Պապական (Նաև՝ Արդաշիր Ա, միջին պարսկերեն՝ 𐭠𐭥𐭲𐭧𐭱𐭲𐭥, պարսկերեն՝ اردشیر بابکان, Ardašire Bâbakân, 180, Սթահր, Պարսք, Պարթևստան - 242), Պարսքի վերջին արքան (211-224), Սասանյան տերության հիմնադիրը և առաջին շահնշահը (224-242), Պապակի որդին, Սասանյանների արքայական հարստության հիմնադիրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշիրը Պարսքի մայրաքաղաք Ստահրի Անահիտա դիցուհու տաճարի քրմապետ Սասանի թոռն է, Պապակի կրտսեր որդին։

Սասանյանների ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

208-209 թվականներին, հեղաշրջման միջոցով Պարսքի գահը զավթում է Արտաշիրի հայրը՝ Պապակը (208-210), ապա, նրան գահակից և հաջորդ է դառնում ավագ որդին՝ Շապուհը (208-211)։ Շապուհի մահից հետո, Արտաշիրը նվաճում է Պարսքը, դառնում վերջինիս արքան (211-224) և սկսում աստիճանաբար իրեն ենթարկել հարևան իշխանությունները՝ Շուշաստանը, Քերմանը, Սպահանը և այլն։ Այսպիսով, 220-ական թվականներին ուժեղանում է Պարսքում իշխող Սասանյան տոհմը, որի առաջնորդ և հիմնադիր Արտաշիր Պապականը 221 թվականին ապստամբություն է բարձրացնում Պարթևստանի արքայից արքա Արտավան Ե-ի դեմ՝ հանուն ամբողջ Պարսկաստանի քաղաքական գերիշխանության։ Արտաշիր Պապականը չորս տարավա ընթացքում կարողանում է ջլատել թուլացած պարթև Արշակունիների վերջին ուժերը։ 224 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցած Որմիզդականի ճակատամարտում Արտաշիրը հաղթում է պարթևական բանակին և սպանում Պարթևստանի վերջին թագավոր Արտավան Ե-ին, որով կործանվում է Պարթևստանը և հիմք է դրվում Սասանյան տերությանը[2][1]։

Պարթևական շատ իշխաններ անցնում են Սասանյանների կողմը։ Արտավան Ե-ի որդի Արտավազդը ամրանում է Ատրպատականում և մի քանի տարի դիմադրում է Սասանյաններին՝ Մեծ Հայքի արքա Տրդատ Բ-ի օգնությամբ, ով ստանձնել էր Արշակունյաց արքայատան գլխավոր միապետի դերը։ Բայց ի վերջո Արտավազդը պարտվում է և Ատրպատականն էլ է նվաճվում Արտաշիր Պապականի կողմից։

Սասանյան տերության հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշիրը գրավում է թագավորանիստ Տիզբոնը, պարթևական կալվածքները և 226 թվականին հանդիսավորությամբ թագադրվելով հռչակվում է՝ Սասանյան Պարսկաստանի շահնշահ («Արիների արքայից արքա»)։ 224 թվականի ապրիլի 28-ը դառնում է պարսկական նոր տարեթվարկման սկիզբը։ Պարսիկ զինվորական վերնախավը և զրադաշտ-քրմական դասը հատուկ արտոնություններ են ստանում և իշխող դիրք են գրավում պետության մեջ։ Արևի և կրակի պաշտամունքը հռչակվում են առաջնային։

Հայ-պարսկական պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշիրը փորձում է նաև նվաճել Մեծ Հայքը, Ատրպատականը, Վիրքը և Մազքութ Արշակունիների կողմից կառավարվող Աղվանքը՝ նրանցում իշխող Արշակունի տոհմերին համարելով իբրև գահի հակառակորդներ։ Ըստ Ագաթանգեղոսի, Մեծ Հայքի Արշակունի թագավոր Խոսրովը (իրականում՝ Տրդատ Բ-ն) հայկական զորքով ցանկացել է օգնել Արտավան Ե-ին, սակայն Որմզդականի ճակատամարտի լուրը ստանալով, Ադիաբենեից Մեծ Հայք է վերադարձել և իր շուրջը համախմբել Արտավանի որդիներին ու կուսակիցներին[3]։ Հայոց արքան Հռոմի, Ատրպատականի և կովկասյան ժողովուրդների դաշնակցությամբ ունեցել է ռազմական որոշ հաջողություններ Արտաշիրի դեմ՝ փորձելով նույնիսկ վերականգնել պարթևաց պետությունը, բայց պարթևական ավագանին նրան չի աջակցել, և Պարսկաստանում Արշակունիների թագավորությունը վերականգնելու Տրդատ Բ-ի ջանքերը ապարդյուն են անցել[4]։ Պարթև Արշակունիներին հավատարիմ պարթևական որոշ տոհմեր, Արտաշիրի հալածանքներից փախչելով, ապաստանում են Մեծ Հայքում[4][5]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշիր Պապականը մահացել է 242 թվականին, նրան հաջորդել է որդին՝ Շապուհ Ա-ն (242-270)։

Արտաշիրը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշիրի անվան և գործունեության մասին հյուսվել են առասպելներ, որոնք ամփոփվել են մեզ հասած պահլավական «Արտաշիր Պապականի մեծագործությունները» («Կարնամակ-ի Արտաշիր–ի Պապական») գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 23․
  2. Herodianus, VI, 2 (Z)
  3. «Պատմութիւն Հայոց», Ագաթանգեղոս, Տփղիս, 1909․
  4. 4,0 4,1 «Պատմություն Հայոց», Մովսես Խորենացի, Երևան, 1968․
  5. «Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա», Աստուրյան Հ․, Վենետիկ, 1912․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 141 CC BY-SA icon 80x15.png