Հայերը Իզմայելում միջին դարերում բնակություն են հաստատել Ամասիայից, Եվդոկիայից և Արևմտյան Հայաստանի զանազան բնակավայրերից: Ունեցել են եկեղեցի (1669-ից):
1750-ին Իզմայիլում գործել է հայ դերձակների եղբայրություն (համքարություն): 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայերը մեծ օգնություն են ցույց տվել ռուսական զորքերին: Քաղաքի ազատագրումից հետո ռուս զորավար Ա. Վ. Սուվորովն ու Ռուսահայոց թեմի առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը շատ հայերի ազատել են թուրքական գերությունից: Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը 320 ընտանիք (1658 բնակիչ) գաղթեցրել է նախ Դուբոսար, ապա՝ նորաստեղծ Գրիգորիուպոլիս: 19-րդ դարի սկզբին Իզմայիլում կար ընդամենը 60 տուն հայ: Տեղի հայկական ավանը մտնում էր Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մեջ: 1828-ին Խ. Լազարյանի դրամական օգնությամբ նորոգվել է Իզմայիլի հայոց եկեղեցին և բացվել հայկական տարրական դպրոց: Սակայն հետզհետե նվազել է հայերի թիվը, և արդեն 1905-թվականին Իզմայիլում կար ընդամենը 25-30 տուն հայ բնակիչ[5]: