Քաղաքը 9-րդ դարից հայտնի էր Կամենեց (ուկր.՝ Кам'янець) անունով (արևելասլավոնական լեզվից՝ «камень» բառից), ինչը պայմանավորված է ժայռոտ տեղանքով։
Ավելի ուշ աղբյուրներում և ժամանակագրություններում ի հայտ է գալիս նոր անվանում՝ Կամենեց-Պոդոլսկի, քաղաքի անվան երկրորդ բառում հիշատակելով Պոդոլիան (ուկր.՝ Поділля; լեհ.՝ Podole — «հովիտ, իջվածք», որը ռուսական ժամանակագրություններում հայտնի էր նաև որպես «Պոնիզյե»)։
Գտնվում է Վոլինո-Պոդոլսկի բարձրավանդակի կենտրոնում (հս.լ. 48° 25', արլ.ե. 26° 32'), Խմելնիցկի քաղաքից 101 կմ հեռավորության վրա։ Զբաղեցնում է 27,871 կմ² տարածք։ Քաղաքի միջով հոսում է Սմոտրիչ գետը՝ իր հունով առաջացնելով օմեգանման տեսք։ Կիրճի կողմից գոյացրած տարածքում գտնվում է Հին քաղաքը՝ հնագույն պատմա-մշակութային համալիրը։ Հին քաղաքը բաղկացած է հնագույն ճարտարապետական կառույցներից, որոնք արտացոլում են այնտեղ տարբեր թվականներին բնակվող ժողովուրդների մշակույթները։