Համատարած Աշխարհացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համատարած Աշխարհացույց

Համատարած Աշխարհացույց, առաջին հայատառ կիսագնդերի քարտեզը, որը պարունակում է թե երկրի և թե աստղային երկնքի մասին տեղեկություններ[1]: Տպագրվել է Հոլանդիայի Ամստերդամ քաղաքում 1695 թվականին[1] Թովմաս Վանանդեցու կողմից։ Այն Եվրոպայում տպագրված առաջին քարտեզներից է, որն ունի աշխարհագրական աստիճանացույց։

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել է 1695 թվականին։ Նրա տպագրման մասնակցել են Գողթան գավառի Վանանդա գյուղից չորս հայ բնակիչներ, և այն տպագրվել է Ամստերդամի հայկական տպարանում[1]: Կազմել և հայերեն գրությունները կատարել են Մաթևոս Հովհաննիսյանը, Թովմաս Եպիսկոպոսը (Թովմաս Վանանդեցի), Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները։ Քարտեզը պղնձի վրա փորագրել են Ադրիանուս և Պետեր Շխոենբեկ Եղբայրները։ Նրանք մինչև այդ փորագրել էին Եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ։

Կազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համատարած Աշխարհացույց»-ը կազմված է ազիմուտային հասարակած շոշափող կամ նրան մոտիկ պրոեկցիայով։ Աստիճանացանցի բաժանման ձևով այն տարբերվում է այժմյան կիսագնդերի քարտեզներից։ Արևմտյան և Արևելյան կիսագնդերի հասկացություն գոյություն չունի, միջօրեականների բաժանումը սկսվում է 0°-ից, վերջանում՝ 360°-ով։ 0°-ի միջօրեականն անցնում է Աֆրիկայի ամենաարևմտյան կետից։

«Համատարած Աշխարհացույց»-ը պատկերում է այդ ժամանակվա հայտնի աշխարհը։ Երկրագնդի չուսումնասիրված մասերը՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածը, Ասիայի հյուսիսարևելյան և Ավստրալիայի արևելյան մասերը, Նոր Զելանդիան, Գրենլանդիայի մի մասը պատկերված չեն։

Համեմատաբար ճիշտ են պատկերված եվրոպական երկրները։ Կարևոր նշանակություն ունի «Համատարած Աշխարհացույց»-ի անունների հայերեն տառադարձությունը, որը հիմք է հանդիսացել հետագայում հրատարակված քարտեզներում օտար անունների տառադարձության համար։ «Համատարած Աշխարհացույց»-ի հետ են կապվում առաջին հայերեն քարտեզագրական տառատեսակները։ «Համատարած Աշխարհացույց»-ը հայկական Վերածննդի գիտության և արվեստի լավագույն նմուշն է։ Վերածննդի ժամանակաշրջանի արվեստին բնորոշ է շրջանակից դուրս տարվա չորս եղանակների պատկերումը, որտեղ արտացոլվել է հին հունական դիցաբանութունը։ «Համատարած Աշխարհացույց»-ի շրջանակից դուրս պատկերված են նաև այդ ժամանակ ընդունված դիցաբանական բազմաթիվ նկարներ։

Տիեզերագիտական տեսակետից «Համատարած Աշխարհացույց»-ը դեռևս գտնվում է նախակոպեռնիկոսյան շրջանի երկրակենտրոն սիստեմի վրա։ Երկու կիսագնդերի միջև շրջանաձև ուղեծրերով ցույց է տրված մեր համակարգությունը երկրակենտրոն սիստեմով։ Ընդ որում, Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ։ Նրա մեջ ընդգրկված են 57 համաստեղությունների նկարները իրենց անվանման հետ միասին[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Վանիկ Աթոյան (2009)։ Աստղագիտության դասավանդման մեթոդիկայի հիմունքները. Տեսական և մասնավոր մասեր։ Ստեփանակերտ: «Դիզակ պլյուս» հրատարակչություն։ ISBN 9789939800677 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]