Թովմաս Վանանդեցի
Թովմաս Վանանդեցի | |
---|---|
Ծնվել է | Անհայտ |
Ծննդավայր | Վանանդ, Գողթն գավառ |
Մահացել է | 1708 թվական |
Մահվան վայր | Անտվերպեն |
Քաղաքացիություն | Սեֆյան Պարսկաստան |
Ազդել է | Հայկական գրքի տպագրության զարգացման վրա |
Մասնագիտություն | հրատարակիչ, քահանա և տպագրիչ |
Գործունեություն | Վանանդաձորի Սուրբ Խաչ վանքի վանահայր, Գողթն գավառի եպիսկոպոս, մշակութային գործիչ, տպագրիչ, հրատարակիչ |
Ծնողներ | Նուրիջան, Դիլդար |
Թովմաս Վանանդեցի (ի ծնե անունը՝ Թովմաս Նուրիջանյան, 1617, Վանանդ, Գողթն, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան - 1708, Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ), կրոնական, մշակութային գործիչ, տպագրիչ, հրատարակիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գողթն գավառի Վանանդ գյուղում՝ Նուրիջանի և Դիլդարի ընտանիքում։ Թովմաս Վանանդեցին եղել է Վանանդաձորի Սուրբ Խաչ վանքի վանահայր։ Ջանքեր է գործադրել Գողթնում բացել եվրոպական ստանդարտներին համապատասխան բարձրագույն դպրոց, սակայն ծրագիրը չի հաջողվել։ 1677 թվականին ճանապարհորդել է դեպի Եվրոպա։ Վերադառնալով հայրենիք՝ 1691 թվականին ձեռնադրվել է Գողթն գավառի եպիսկոպոսը[1]։
1695 թվականին մեկնել է Ամստերդամ և իր ագգական Մաթևոս Վանադեցու աջակցությամբ բացել տպարան, որը գործել է մինչև 1705 թվականը։ Այստեղ Թովմասն իր ազգակիցներ Մաթևոսի, Ղուկասի և Միքայելի հետ հրատարակել է մի շարք կարևոր գրքեր ու աշխատություններ, որով նոր թափ է հաղորդել հայկական գրահրատարակչության գործին[1]։
1697 թվականին շուրջ 6 ամիս Վիեննայում վարել է եկեղեցական պատասխանատու պաշտոն։ Եղել է նաև Բելգիայում (1699), Փարիզում (1702), Գերմանիայում, Իտալիայում և Անգլիայում։ Իր գործունեության շնորհիվ եվրոպական մի շարք երկրներում ունեցել է մեծ հեղինակություն[1]։
1705 թվականին Թովմաս Վանանդեցու կազմած կտակի համաձայն նրա տպարանն իր ամբողջ ունեցվածքով կտակել է իր հայրենիքին։ Մահացել է 1708 թվականին հայրենիք վերադառնալու ճանապարհին՝ Անտվերպեն քաղաքում։ Թաղված է Անտրվեպենի Սուրբ Աստվածամոր տաճարի ավագ խորանի առջև[1]։