Սմբատ Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբատ
Հայոց Արքա
Ստեփանոս Դ-ն օծում է Սմբատ Արծրունուն, 15-րդ դար
Իշխանություն1465–1471
ՈւղեկիցԲեկի խաթուն Սեֆեդինյան
ՏոհմՍեֆեդինյաններ-Արծրունիներ
ՀայրԳուրջիբեկ Սեֆեդինյան
ՄայրԴունիա Սեֆեդինյան
ԵրեխաներԻսկենդեր Սեֆեդինյան
Քույր(եր)Խանումխաթուն Սեֆեդինյան
Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցի

Սմբատ Սեֆեդինյան-Արծրունի (ծննդյան թվականն անհայտ – մոտ 1471 թվական), Հայոց վերջին արքա (1465–1471), Սեֆեդինյանների տոհմից, ամիր Գուրջիբեկի որդին, Զաքարիա Գ Աղթամարի կաթողիկոսի եղբորորդին։ Սմբատի մայրը՝ Դունիա խաթունն է, քույրը՝ Խանումխաթունը, որդին Իսկենդերը, որը Գրիգորիս Ա Աղթամարցու հայրն է։ Սմբատը սերում էր Սեֆեդինյան տոհմից, ուստի համարվոում էր Գագիկ Արծրունու թագավորական տոհմից։

Արքա դառնալու նախադրյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո (1375 թ․) հայ ժողովրդի մեջ դեռ չէր մարել սեփական պետություն ունենալու գաղափարը։ Վստահ չլինելով սեփական ուժերով հաջողության հասնելու գաղափարին հայ հոգևոր և աշխարհիկ գործիչները ուղիներ էին փնտրում դիվանագիտական ճանապարհով Եվրոպական երկրների օգնությամբ հասնել այդ բաղձալի նպատակի իրագործմանը։

Ձեռնարկված քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմնի նշանավոր հայկական իշխանական տների թուլացման, քայքայման պայմաններում թագավորության վերականգման գործը իր վրա է վերցնում հայոց եկեղեցին։ Վասպուրականի Արծրունյաց տոհմից սերող Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ-ն նման խնդրանքով դիմում է Հայաստանում իշխող քոչվոր Կարակոյունլու ցեղի առաջնորդ Ջահանշահին։ Վրջինս մեղմ քաղաքականություն էր վարում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել ավերված տնտեսությունը, զարկ տալ առևտրին ու արհեստագործությանը։ Փորձելով օգտվել այդ իրավիճակից հայոց կաթողիկոսը արքայի թեկնածու առաջադրում է իր եղբորորդուն՝ Սմբատ Արծրունուն։

Թագավորության վերականգնումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանալով Ջահանշահի համաձայնությունը 1465 թ․ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցում մեծ հանդիսավորությամբ Սմբատ Արծրունին Ստեփանոս Դ Տղա կաթողիկոսի (քանի որ 1465 թ․ մահացել էր Զաքարիա Գ կաթողիկոսը) ձեռամբ օծվեց Հայոց արքա։ Ժամանակակիցները մեծ ոգևորությամբ են արձագանքել այս իրողությանը. «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Անշուշտ, Սմբատի թագավորությունը ոչ միայն համահայկական չէր, այլև հեռու էր իսկական պետություն լինելուց։ Նրա իշխանությունը տարածվում էր Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա տարածքների վրա։ Որպես հայոց թագավոր Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1471 թ․։

Սմբատի թագավորությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից և ցույց է տալիս, որ հայկական պետականության վերականգնման գաղափարը մշտապես կենսունակ է եղել։ Այստեղ կարևորը ոչ թե թագավորության կարճաժամկետ կամ երկարաժամկետ լինելն է, այլ հայ ժողովրդի հոգեբանության մեջ սեփական պետականության վերականգման գաղափարի առկայությունը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ., էջ 562

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակինյան Ն., Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա, Վնն., 1920

՛