Սեֆեդինյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեֆեդինյաններ, հայ իշխանական տոհմ Հայաստանի Վասպուրական նահանգում 12-16-րդ դարերում։ Հիմնադիրն է Արծրունիների շառավիղ և մեծահարուստ Սեֆեդին Ա Արքայունը, որը 1150-ական թվականներին ամուսնանալով Խեդենեկյանների ժառանգ Մարիամի հետ, որպես օժիտ ստացել է Աղթամար կղզու մի մասը, ապա սնանկացած աներոջից (Խեդենեկ Գ) գնել նաև մնացածը։ Հետագայում Սեֆեդինի իշխանությունը տարածվել է նաև կղզու հանդիպակաց ափի գյուղերի վրա։

1272-1580-ական թվականներին Սեֆեդինյաններն իրենց ձեռքում են պահել Աղթամարի կաթողիկոսությունը (աթոռակալել են Սեֆեդինից սերած հոգևորականներ), սեփական զինված ջոկատներով պաշտպանվել օտար նվաճողներից։ Զաքարիա Գ Սեֆեդինյանը կարակոյունլու թուրքմենների առաջնորդ Ջհանշահ խանի օգնությամբ 1460 թվականին դարձել է Հայոց կաթողիկոս՝ միավորելով Էջմիածնի կաթողիկոսություն և Աղթամարի կաթողիկոսությունները։ Սեֆեդինի աշխարհիկ գործիչները կրել են «պարոն», «մեծ պարոն», «ամիր» տիտղոսները, երբեմն փորձելով վերականգնել Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը։

Տոհմի նշանավոր գործիչներից Աղթամարի կաթողիկոս Ստեփանոս Դ Տղան 1466 թվականին իր տոհմակից Սմբատին (Գուռջիբեկի որդի) օծել է թագավոր և հռչակել Արծրունյաց թագավորների իրավաժառանգ։ Վերջինիս մեկամյա «թագավորությունն» ամփոփվել է հիմնականում Աղթամար կղզով։ 16-րդ դարի վերջից Սեֆեդինին աստիճանաբար վերացրել են քաղաքական ասպարեզից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 349