Էջմիածնի Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էջմիածնի Ավետարանի փղոսկրյա կազմը

«Էջմիածնի Ավետարան», «Փղոսկրյա Ավետարան», հայ գրչության և մանրանկարչության ձեռագիր մատյան։ Ընդօրինակել է Հովհաննես Գրիչը՝ 989 թվականին, Բղենո-Նորավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցում։ Պատվիրատու՝ Ստեփանոս քահանա։ Բնագիրը պարունակում է 35 x 28 սմ չափի 233 մագաղաթե թերթ (Մատենադարան, ձեռ. դ 2374)։ Բաղկացած է գեղեցիկ երկաթագրով գրված չորս Ավետարաններից։ Մատթեոսի Ավետարանին նախորդում է քառաթերթ մի պրակ՝ ամբողջ էջերն զբաղեցնող մանրանկարներով։ 1ա – 5ա էջերում Եվսեբիոսի թուղթն է և համաբարբառները՝ ճոխ խորանների մեջ առնված։ 5բ էջում պատկերված է մի տաղավարիկ (tempietto), որին հաջորդում են թեմատիկ մանրանկարներ՝ գահին բազմած Հիսուսը (6ա), զույգ-զույգ կանգնած չորս ավետարանիչները (6բ, 7ա), Աստվածածինը՝ Մանուկը գրկին (7բ) և Աբրահամի զոհաբերությունը (8ա)։ Ձեռագրի վերջում ներմուծված է 67-րդ դդ. երկու թերթ՝ 228, 229, որոնց վրա պատկերված են «Զաքարիայի ավետումը», «Մարիամի ավետումը», «Մոգերի երկրպագությունը» և «Մկրտություն» մանրանկարները։ «Էջմիածնի Ավետարան»-ի լուսանցքներում նույնպես կան պատկերներ։

Ձեռագիր կազմի տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռագրի կազմը բաղկացած է 36,5 x 30,5 սմ մեծության փղոսկրե երկու կողքերից, որոնք 7-րդ դ. աշխատանք են համարվում։ Կողքերից յուրաքանչյուրը բաղկացած է հնգական սալիկից, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված է առանձին տեսարան։ Այդ կազմը վաղ քրիստոնեական հայկական արվեստի նշանակալից հուշարձաններից է։ Բացառիկ արժեք ունեն 67-րդ դդ. մանրանկարները։ Չորս տեսարաններն էլ իրենց խորհրդանշական բնույթով վերաբերում են հայտնության թեմային։ Հագեցված և փոքրինչ մուգ ու խաղաղ երանգները կանաչի, կապույտի և ոսկու ոչ շռայլ գործածությամբ ստեղծում են տպավորիչ գունագեղություն։ Արտահայտիչ են դեմքերը՝ օժտված ազգին քնատիպությամբ։ Կատարողական որոշ առանձնահատկություններով ու երանգավորմամբ այդ աշխատանքները մոտենում են նույն շրջանի հայ որմնանկար օրինակներին (Արուճ, Լմբատ)։ Սկզբնաթերթերի մանրանկարները ոճական առանձնահատկություններով ու պատկերագրությամբ 9-10-րդ դդ. գեղանկարչության ավանդույթների արտահայտությունն են։ Գեղեցիկ են խորանները։ Օգտագործված են հիմնականում պայտաձև զույգ կամարներ, որոնց հորինվածքը երփներանգ զարդամոտիվների և լրացուցիչ մանրամասերի կիրառմամբ համահնչուն է մատյանի ընդհանուր բնույթին։ Բացառիկ է «Էջմիածնի Ավետարան»-ի մանրանկարների դերը հայ գեղանկարչության հետագա զարգացման գործում։

«Էջմիածնի Ավետարան»-ի ուսումնասիրությամբ զբաղվել են Ա. Ուվարովը, Վ. Ստասովը, Ն. Կոնդակովը, Յո. Ստրժիգովսկին, Գ. Վայցմանը, Ֆ. Մակլերը, Ս. Տեր-Ներսեսյանը և ուրիշներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png