Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կիլիկիայի մանրանկարչության դպրոց, հայկական մանրանկարչության դպրոցներից մեկը, որ կազմավորվել է 12-րդ դարում, Կիլիկիայի հայկական պետությունում և գոյատևել է մինչև 1380-ական թվականները։

Հայ ժողովրդի պատմության այդ շրջանը նշանավորվել է համազգային մշակույթի վերելքով։ Դրա լավագույն վկայություններից է գրքի գեղարվեստական ձևավորումը։ 12-րդ դարի առաջին կեսից մինչև 1350-ական թվականներին Դրազարկի, Սկևռայի, Ակների, Դռների, Բարձրբերդի և հատկապես Հռոմկլայի գրչատներում աշխատել են տաղանդավոր նկարիչներ Գրիգոր Մլիճեցին, Կոստանդինը, Վարդանը, Կիրակոսը, Հովհաննեսը, Թորոս Ռոսլինը, Գրիգոր Պիծակը, Սարգիս Պիծակը և ուրիշներ։ Բազմաթիվ են նաև բարձրարվեստ մանրանկարներով զարդարված ձեռագրերը, որոնց ծաղկողների անունները մեզ չեն հասել։

Կիլիկյան պահպանված հնագույն ձեռագրերը հիմնականում գրվել ու պատկերազարդվել են Դրազարկի գրչատներում և մի շարք գծերով առնչվում են նախորդ շրջաններին։ Հայրենիքից գաղթելով և ապաստանելով Բյուզանդիայի արևելյան սահմաններում՝ հայերը տարել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք հետագայում սկզբնաղբյուր են եղել նոր մատյանների համար։ Ստեղծված պատմաքաղաքական իրադրությունների շնորհիվ Կիլիկիայի հայկական պետությունը անընդհատ շփման մեջ է եղել հարևան ժողովուրդների մշակույթի ու արվեստների հետ. դա մեծ նշանակություն է ունեցել կիլիկյան մանրանկարչության զարգացման համար։

Սկզբնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմք ունենալով ազգային հարուստ ավանդույթները, օգտագործելով հարևան ժողովուրդների (հատկապես Բյուզանդիայի) գեղարվեստական նվաճումնեը՝ Կիլիկիայում ստեղծվել է գրքարվեստի առանձնահատուկ մի ոճ, որին բնորոշ են նրբագեղ, պլաստիկ ձևերն ու գունային հարուստ համադրությունները։ Ճոխ պատկերազարդված խորանները կորցրել են իրենց դեկորատիվ-ճարտարապետական բնույթը։ Անվանաթերթերի հորինվածքները առավել հավասարակշռված բնույթ են ստացել։

Կիլիկյան պատկերագրությունը, հիմնականում մնալով կանոնիկ համակարգերի շրջանակներում, հաճախ դուրս է եկել միջնադարյան պատկերագրության սահմանափակումներից։ 12-րդ դարի երկրորդ կեսից Սկևռան դարձել է Կիլիկյան մանրանկարչության կենտրոններից մեկը, որտեղ կազմակերպվել են նոր ոճի հիմնական սկզբունքները։ Մեզ հայտնի են Սկևռայի երեք մանրանկարիչներ՝ Վարդանը, Կոստանդինը և Գրիգոր Մլիճեցիին։ Սրանց ստեղծագործություններով նոր փուլ է սկսվում կիլիկյան մանրանկարչությունում։ Կիլիկյան գրքարվեստի հիմնական սկզբունքները որոշակի դրսևորվել են 1173 թվականին Գրիգոր Մլիճեցու պատկերազարդած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրում։ Անվանաթերթի նուրբ ծաղկազարդումներից բացի մանրանկարիչը ստեղծել է Գրիգոր Նարեկացու չորս դիմանկար։ Այս առումով 1173 թվականի «Նարեկը» առանձնակի տեղ է գրավում ողջ հայկական մանրանկարչությունում։

12-րդ դարի դարի վերջին տասնամյակի Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի բնութագրող հուշարձաններից են նաև 1193 թվականին Կոստանդինի պատկերազարդած ձեռագիրը և 1197 թվականին Գրիգոր Մփճեցու ծաղկած «Սկևռայի Ավետարանը»։ Եթե 1173 թվականի «Նարեկի» ֆիգուրատիվ պատկերներում դեռ առկա են նախորդ շրջանին բնորոշ վերապրուկները, ապա նոր ոճը առավել ցայտուն է արտահայտվել 1193 և 1197 թվականների ձեռագրերում։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի առաջին կեսին կիլիկյան մանրանկարչության զարգացումը կարճատև դադար է ապրել։ Հեթում Ա-ի թագավորության շրջանում Կիլիկիայում մշակույթի զարգացման համեմատաբար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ 13-րդ դարի երկրորդ կեսին Կիլիկիայի մանրանկարչությունը հասել է ծաղկման ամենաբարձր փուլին։ Լայն գործունեություն են ծավալել Ակների, Դռների ու Բարձրբերդի գրչատները։ Այդ վանքերի բարգավաճումը ակամա կապվում է Հովհաննես Արքաեղբոր անվան հետ։ Լինելով շնորհալի գրիչ՝ նա հաճախ ինքն է արտագրել (գուցե և պատկերազարդել) ձեռագրերը, որոնց մանրանկարները գրքի ձևավորման յուրահատուկ սկզբունքներով են կատարված, հակառակ մինչ այդ եղած սովորությունների, երբ ձեռագրերը զարդարվում էին խորաններով ու տերունական պատկերներով։

Ակներում, Դռներում և Բարձրբերդում պատկերազարդված մատյանների հիմնական հարդարանքը, գլխազարդերի հետ մեկտեղ, եղել են բիբլիական հերոսների (առաքյալներ, մարգարեներ) պատկերները։ Մյուս կողմից՝ կատարման բարձր տեխնիկայի ու առանձին տիպերի մեկնաբանությամբ այդ ձեռագրերի մանրանկարները որոշ աղերսներ ունեն բյուզանդական մանրանկարչության հետ։ Հովհաննեսի անվան հետ կապված ձեռագրերը մի ինքնուրույն խումբ են կազմում, և հիշատակված վանքերի գրչատները համախմբվում են որպես մի ամբողջական՝ «Հովհաննես Արքաեղբոր դպրոց»։

Հռոմկլայի գրչատների գործունեության սկիզբը պետք է համարել 1160-ական թվականները։ Այնտեղ պատկերազարդված հնագույն մատյանը 1166 թվականի Ավետարանն է, որը բնութագրվում է որպես նոր շրշանի անցման հուշարձան։ Հռոմկլան կիլիկյան մանրանկարչության գլխավոր կենտրոնն է դարձել 13-րդ դարի երկրորդ կեսին։ Այս փայլուն շրջանը կապված է կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու անվան հետ, որը հովանավորել է ժամանակի լավագույն վարպետներին։ Հռոմկլայում աշխատող նշանավոր վարպետների անվանաշարքը սկսվում է մանրանկարիչ և գրիչ Կիրակոսով։ Նրա պատկերազարդած ձեռագրերը վկայում են կիլիկյան մանրանկարչության մեծ առաջընթացը։ Հռոմկլայի գրքարվեստը բնութագրող հաջորդ հուշարձանը 1253 թվականին Հովհաննեսի պատկերազարդած ձեռագիրն է։ Հովհաննեսը և Կիրակոսն են եղել 1240-60-ական թվականների կիլիկյան մանրանկարչության նշանավոր ներկայացուցիչները։ Այդ ժամանակ էլ հող է նախապատրաստվել 13-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր մանրանկարիչների համար, երբ մի շարք անհայտ վարպետների աշխատանքներում, հատկապես, Թորոս Ռոսլինի պատկերազարդած մատյաններում հայկական մանրանկարչությունը հասել է իր բարձրակետին։ Այս շրջանում փոխվել է նաև կիլիկյան ձեռագրերի ձևավորման բնույթը։ Մինչ այդ ձեռագրերի հարդարանքը սահմանափակվում էր ճոխ զարդարված խորաններով և ավետարանիչների պատկերներով։

13-րդ դարի երկրորդ կեսից թեմատիկ մանրանկարները մեծ տեղ են գրավում։ Հիմնականում պահպանելով պատկերագրական կանոնիկ սկզբունքները (բյուգանդական)՝ Կիլիկիայի վարպետները բազմաթիվ նորույթներ են մտցրել, գրքի գեղարվեստական ձևավորմանը հաղորդել ազգային ինքնատիպ երանգավորում։ Բնորոշ են դարձել նրբագեղ ձևերը։ Բարձր զարգացման է հասել զարդանկարչությունը։ Բարդ հյուսվածքավոր զարդապատկերներն ու բուսական մոտիվները հաճախ միահյուսվել են ֆանտաստիկ կերպարներին, թռչուններին ու մարդկային ֆիգուրներին։ Գծանկարը դարձել է պարզ ու արտահայտիչ, գունաշարին հաղորդվել նուրբ համադրումներ։

Կիլիկյան մանրանկարչության ծաղկուն շրջանում առկա է ոճական երկու հոսանք։ Առաջինը՝ գեղանկարչության ազատ ոճը, երբ մանրանկարիչը անկաշկանդ վերաբերմունք ունի պատկերագրական սխեմաների նկատմամբ, համարձակ է կատարողական տեխնիկայի և գույների ընտրության բնագավառում։ Որոշ մանրանկարիչներ (Թորոս Ռոսլին) ընդգծում են պատկերվող երևույթի ու պերսոնաժների ներքին հոգեբանական կողմը։ Մյուսը համեմատաբար գրաֆիկական ոճն է, որը ավելի տարածում է գտել XIII դարի վերջին քառորդում և պատկերագրական ձևերի նկատմամբ ունեցած պահպանողական վերաբերմունքի հետ հիմք էր հետագա շրջանի համար։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1375 թվականին Կիլիկիայի հայկական երբեմնի հզոր պետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Ստեղծված հասարակական-քաղաքական ճըգնաժամի պատճառով խաթարվել է կիլիկյան մանրանկարչության վերընթաց ուղին։ Չնայած դրան, 14-րդ դարի կիլիկյան մանրանկարչությունը, մասնավորապես զարդարվեստի, կատարողական տեխնիկայի ու էջի ձևավորման հարցերում, մեծ նվաճումների է հասել։ Պահպանվել են ձեռագրեր, որոնց ծաղկազարդումը թեպետ հաճախ սահմանափակվում է միագույն ու գծապատկերով կատարված խորաններով, գլխատառերով ու լուսանցազարդերով, այնուամենայնիվ, դրանցում ես դրսևորվել է ծաղկողի վարպետությունը։ 14-րդ դարում կիլիկյան մանրանկարչության մեջ առանձնակի տեղ ունի ժամանակի ամենաաչքի ընկնող մանրանկարիչ Սարգիս Պիծակը։ Նրա պատկերազարդած բազմաթիվ մանրանկարներ վառ գույներով ու գրաֆիկական ոճով, հորինվածքի և կատարողական ձևերի վարպետությամբ նշանավորում են կիլիկյան մանրանկարչության վերշնակետը։ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո սկսվել է հայերի մասսայական գաղթը։ Երկրից հեռացել են նաև մանրանկարիչ վարպետները։ Այս հանգամանքը նպաստել է կիլիկյան մանրանկարչության սովորույթների տարածմանն ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթավայրերում (Իտալիա, Ղրիմ և այլուր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png