Jump to content

Սփյուռք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սփյուռք (այլ կիրառումներ)

Սփյուռքը էթնոսի մի մասն է, որը ապրում է պատմական հայրենիքի սահմաններից դուրս և իր ընդհանրության պահպանման և զարգացման համար ունի հատուկ սոցիալական ինստիտուտներ։

Սփյուռքը առաջանում է բռնի արտաքսման, ցեղասպանության քաղաքականության (հայկական սփյուռք, հրեական սփյուռք), որոշակի սոցիալ–պատմական գործոնների հետևանքով։ Եվրոպական լեզուներում և ռուսերենում սփյուռք հասկացության հոմանիշն է «դիասպորա» (հուն. διασπορά – սփռում, տարածում բառից) տերմինը, որը ձևավորվել և սկզբնական շրջանում կիրառվել է Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր II-ի (մ․թ․ա․ 605–562) և հռոմեացիների (մ․թ․ա․ II–1 դդ․) կողմից Պաղեստինից արտաքսված հրեաների նկատմամբ։ Հետագայում սփյուռք են անվանվել և այլ պատճառներով (տնտական, քաղաքական) առաջացած ազգային փոքրամասնությունները (իռլանդական, չինական, հունական, ուկրանիական ևն դիասպորա)։ Սփյուռք կազմող համայնքները (գաղութները) անկախ իրենց քանակական և որակական հատկանիշներից ներհյուսված են համապատասխան հասարակությանը, մշակույթին, դրանով էլ ամեն մի կոնկրետ երկրում նրանց զարգացումը ենթարկվում է տվյալ երկրի զարգացման օրինաչափություններին։ Սփյուռքի պայմաններում ամեն մի ժողովուրդ միաժամանակ մշակում է հատուկ ինստիտուտներ (եկեղեցական, բարեգործական, հայրենակցական, մշակութային ևն կազմակերպություններ), որոնց հիմնական խնդիրն է սփյուռքի միասնականության ապահովումը և ազգային դիմագծի պահպանումը։ Ամբողջ սփյուռքի կամ յուրաքանչյուր առանձին համայնքի՝ որպես անհատական ազգային–մշակութային ամբողջականության ինքնաապահովման և ինքնազարգացման գործում կարևորագույն տեղ է գրավում հայրենիքի գաղափարը։

Երկու ազգային (էթնիկական) մշակույթներին պատկանելու հանգամանքը սփյուռքի ժողովուրդների համար կարող է ստեղծել բարդ գոյավիճակ, քանի որ ազգային պատկանելությունը, կապված լինելով որոշակի սոցիալական կառուցվածքի հետ, ունի նաև քաղաքական նշանակություն։

Խոշորագույն սփյուռքերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Weekly
  2. «Ուկրաինական սփյուռք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
  3. BBC NEWS | Եվրոպա| Հայաստանը ուզում է մեծացնել բնակչության թիվը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 214