Քասախի բազիլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քասախի բազիլիկ, Ապարանի բազիլիկա, եկեղեցի ՀՀ-ում՝ Արագածոտնի մարզում` նախկին Ապարանի շրջանում։ Հնում՝ Այրարատ աշխարհի Նիգ գավառի Քասախ (այժմ՝ Ապարան) բնակավայրում։ 1944-48 թվականների եկեղեցու պեղումները ղեկավարող ճարտարապետ Ա. Սահինյանի կարծիքով՝ Քասախի բազիլիկը կառուցվել է 4-րդ դարի սկզբներին։ Թորոս Թորամանյանի կարծիքով՝ «... թերևս եղած լինի եկեղեցու փոխակերպված հեթանոսական տաճար»։ Ուստի ենթադրվում է, թե նախապես եղել է Արշակունի թագավորական տան ապարանքի աղոթատեղին։

Կառուցվել է տուֆի սև-մոխրագույն մեծ քարերով, ուղղանկյուն հատակագծով, արևելք-արևմտյան առանցքով։ Արևելյան կողմն ունի ներսից պայտաձև, դրսից՝ հնգանիստ աբսիդ, որ գտնվում է սրահից դուրս։ Պահպանվել են պատերը՝ ամբողջ բարձրությամբ, խորանը և հենարանների, թաղերի, կամարների ու շքամուտքերի մնացորդները։ Ամբողջությամբ ավերված են եկեղեցու հյուսիսային պատին կից դահլիճը և դրան հյուսիսից միացած փոքր եկեղեցին։ Մեծ սրահի 4 մուտքերից 3-ը շքամուտքեր են՝ ճարտարապետական հետաքրքրության ունեցող ձևավորմամբ։ Սրանց բարավորնևրը քանդակագործության բացառիկ նմուշներ են։ Լուսավորվել է արևելյան և արևմտյան պատերի մեկական և հարավային պատի երեք գեղեցիկ ոճավորված պատուհաններից։

1948 թվականի (պեղումներ)ի ժամանակ բացվել են հյուսիսից կից կառույցը և նրանից հյուսիս ընկած միանավ բազիլիկ եկեղեցին։ Գտնված երեք կողմերից քանդակազարդ արժեքավոր խոյակներից այժմ պահվում են Հայաստանի Պատմության պետական թանգարանում։ Հայկականի հետ գտնվել են նաև սելևկյան թագավոր Անտիոքոս 7-րդ էվերգետոսի ոսկե դրամը (տետրադրախմա), բյուզանդական ուռուցիկ ոսկեդրամներ (10-րդ դար), բյուզանդական (10-11-րդ դարերի) և վրացական (Թամար թագուհու) պղնձյա դրամներ։ 1981 թվականին կատարվել են եկեղեցու վերականգնման աշխատանքներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png