Սարգիս Խաչատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուրյան (այլ կիրառումներ)
Սարգիս Խաչատուրյան
Ծնվել էօգոստոսի 9, 1886(1886-08-09)[1]
ԾննդավայրՄալաթիա, Թուրքիա[1]
Վախճանվել էմարտի 4, 1947(1947-03-04)[1] (60 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՍանասարյան վարժարան[1], Հռոմի գեղարվեստի ակադեմիա (1911)[1] և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց (1914)[1]
Մասնագիտություննկարիչ
 Sarkis Katchadourian Վիքիպահեստում

Սարգիս Կարապետի Խաչատուրյան (օգոստոսի 9, 1886(1886-08-09)[1], Մալաթիա, Թուրքիա[1] - մարտի 4, 1947(1947-03-04)[1], Փարիզ[1], 1977 թվականի դեկտեմբերի 28-ին աճյունը վերաթաղվել է Երևանում[2][3])), հայ նկարիչ։ Իտալիայի ինտերնացիոնալ արվեստագետների ընկերության և Վիեննայի գեղարվեստագետների միության անդամ, «Անի» հայ արվեստագետների ընկերության հիմնադիրներից և քարտուղարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում, Հռոմի գեղարվեստի ակադեմիայում (1908-1911) և Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում (1912 - 1914)։ 1915 թվականի Մեծ եղեռնի արհավիրքներից փրկվելով՝ անցել է Անդրկովկաս, ականատես է եղել մայր ժողովրդի ողբերգությանը, որը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման։ Հովհաննես Թումանյանը, Անդրանիկը և ուրիշներ նրան անվանել են «Հայոց վշտի երգիչ»։ 1917 թվականից անդամակցել է Թիֆլիսի Հայ արվեստագետների միությանը։ Խորհրդային Հայաստանի առաջին փոստանիշերի հեղինակն է։

1920-ական թթ. 1-ին կեսի գործերը մեծ մասամբ նվիրված են Հայաստանի բնությանը, տոնախմբություններին, գաղթականությանը («Արարատը Երևանից», «Գաղթական կանայք», «Ճաշի բաժանումը», «Բամբակահավաքը Արարատյան դաշտում», «Հայ որբերն անապատում», «Հայ գաղթականներ», «Վարագա վանքի տոնը», «Սևանա կղզու եկեղեցիները»)։ Տոնախմբությունները պատկերված են գունագեղ և շարժումով լի, ուր հմտորեն զուգորդված են ազգային տարազների, ճարտարապետական հուշարձանի հնագիտական և գեղանկարչական արժեքները։ Խաչատուրյանը ձգտել է դասական, մասնավորապես իտալական արվեստի սկզբունքները համադրել իմպրեսիոնիստական գեղագիտական ըմբըռնումներին, հատկապես՝ լրացուցիչ գույնի և լույսի դերի հարցում։ 1924 թվականին Վիեննայամ հրատարակել է «Արմենիա» ալբոմը։ Եղել է իտալական ինտերնացիոնալ արվեստագետների և Վիեննայի գեղարվեստագետների միության անդամ, «Անի» հայ արվեստագետների ընկերության հիմնադիր անդամներից և քարտուղարը։ Այս շրջանում նրա ստեղծագործության մեջ գերիշխող է դարձել դիմանկարը («վավան սեղանի մոտ», Քելեկյանի դիմանկարը և այլն)։ 1931 թվականին Իրանի կառավարության հրավերով մեկնել է Սպահան՝ վերականգնելու Սեֆյան շրջանի որմնանկարները, միաժամանակ կատարել պատճենահանումներ, որոնք ցուցադրել է Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում։ 1934 թվականին հիմնադրել է Նոր Ջուղայի հայկական արվեստի թանգարանը։

1937 թվականին Խաչատուրյանն առաջինն է ձեռնամուխ եղել Հնդկաստանի և Ցեյլոնի VI - XII դդ. վիմափոր տաճարների՝ արվեստագիտությանն անհայտ, անմատչելի որմնանկարների պատճենահանմանը։ 1942 թվականին հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները ցուցադրվել են Լուվրում և Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում։ Հնդկական մշակույթի այդ մեծարժեք գործերը Խաչատուրյանի շնորհիվ հայտնություն եղան և հարստացրին համաշխարհային արվեստի գանձարանը։ Խաչատուրյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կոստանդնուպոլիսում, Փարիզում, ինչպես և Եգիպտոսի, Իտալիայի, Նիդերլանդների, Անգլիայի և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում։ Նրա ստեղծագործությունները պահվում են Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի, Բրյուսելի, Նյու Յորքի և այլ թանգարաններում, ԽՍՀՄ-ում՝ Վրաստանի ազգային թանգարանում և Հայաստանի պետական պատկերասրահում։ Երևանում 1971 թվականին ցուցադրվել են հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները (37), որոնք Խաչատուրյանի այրին՝ նկարչուհի Վավա Խաչատուրյանը, նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին[4]։

2016 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Սարգիս Խաչատրյան-130» ցուցահանդեսը[5][6]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուրյանի աճյունը տեղափոխվել և 1977 թվականի դեկտեմբերի 28-ին վերաթաղվել է Երևանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958;
  • Olan D., Indian Murals and Sarkis Katchadorian, N. Y., 1942.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Սարգիս Խաչատուրյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  4. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  5. «Ցուցահանդեսներ - Միջոցառումներ - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  6. «Երևանում բացվել է Սարգիս Խաչատուրյանի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդես». Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Խաչատուրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 24