Սանասարյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանասարյան վարժարանի 1900 թվականի շրջանավարտները

Սանասարյան վարժարան, հիմնադրվել է 1881 թվականին Կարինում, Մկրտիչ Սանասարյանի միջոցներով և Կարապետ Եզյանի ջանքերով։

Սանասարյան վարժարան ընդունվել են գավառական դպրոցն ավարտած 7–11 (1892 թվականից՝ 11–12) տարեկան երեխաները։ Ունեցել է նաև գիշերօթիկ բաժին։ 1890–1891 թվականներին գործել է 9 դասարան (ուսուցման տևողությունը՝ 9 տարի)։ 1906 թվականին վարժարանին կից հիմնվել է ուսուցչանոց (երկու տարվա ծրագրով)։ 1912 թվականին Սանասարյան վարժարանը տեղափոխվել է Սեբաստիա։ Ունեցել է ուսուցողական, մանկավարժական և արհեստագիտական բաժիններ։ Ուսուցողական բաժնում դասավանդվել են մայրենի լեզու (աշխարհաբար, գրաբար), պատմություն, աշխարհագրություն, մատենագիտություն, ֆրանսերեն, գերմաներեն, տաճկերեն, հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, բնագիտություն, քիմիա, տոմարակալություն և այլ առարկաներ։ Մանկավարժական բաժնի հիմնական առարկաներից են եղել մանկավարժությունը, հոգեբանությունը, տրամաբանությունը, իմաստասիրությունը, մեթոդիկան, դպրոցական առողջապահությունը։ Արհեստագիտական բաժնում սովորել են կազմարարություն, ատաղձագործություն և գավառի պահանջները բավարարող այլևայլ արհեստներ։ Վարժարանն ունեցել է լաբորատոր սարքավորումներ, գրադարան, հիվանդանոց, դեղատուն, փուռ, ներկատուն, թանգարան (որում պահվել են 94 ձեռագիր և 986 թվականին հրատարակված մի ավետարան1881–1910 թվականին Սանասարյան վարժարանում սովորել է 840 սան։ 1915 թվականին ուսուցիչների մեծ մասը նահատակվել է, իսկ վարժարանը՝ ավերվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png