Jump to content

Մկրտիչ Սանասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Սանասարյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1818(1818-04-10)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 19, 1889(1889-05-19) (71 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[1]
ԳերեզմանԹիֆլիս[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Մասնագիտությունհարուստ

Մկրտիչ Սարգսի Սանասարյան (ապրիլի 10, 1818(1818-04-10), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 19, 1889(1889-05-19), Փարիզ, Ֆրանսիա[1]), հայ մեծահարուստ, բարերար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Սանասարյանի պապը եղել է մեծահարուստ ազնվական Գևորգ Արծրունին, ով 1813 թվականին Վանից տեղափոխվել է Թիֆլիս։ Գևորգը ունեցել է երկու զավակ՝ Մարիամը, ով Մկրտիչ Սանասարյանի մայրն է, ու Երեմիա, ով հայրն է մեծ հրապարակախոս Գրիգոր Արծրունու[2]։

Սովորել է Ներսիսյան դպրոցում, որի հիմնադիրներից է եղել իր պապը[2]։ 1835-1845 թվականներին ծառայել է ռուսական բանակում՝ մասնակցել ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներին՝ արժանանլով Սբ.Գևորգի շքանշանին։ 1849 թվականից աշխատել է Պետերբուրգի «Կովկաս և Մերկուրիոս» շոգենավային ընկերությունում, 1864 թվականին ընտրվել ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Կովկասի և Պարսկաստանի միջև Վոլգա գետով և Կասպից ծովով կազմակերպել է շոգենավային հաղորդակցություն։

Սանասարյանը տաղանդավոր տնտեսագետ էր, ընկերությանը մատուցած ազնիվ և բանիմաց ծառայության համար վարչական խորհուրդը իր նավերից մեկն անվանեց «Նիկիտա Սանասարով»։ Իսկ Պարսից շահը ռուս-պարսկական առևտրական բարգավաճման համար նրան շնորհեց «Շիր ի Խուրշիդ»՝ Արև և Առյուծ բարձրագույն շքանշանին։ Մեծահարուստ հայի համար ճակատագրական դեր ունեցավ Կարապետ Եզյանի հետ հանդիպումը։ Հանդիպման շնորհիվ է, որ Մկրտիչ Սանասարյանը ուշադրություն սկսեց դարձնել անմիջականորեն իր ազգին վերաբերվող խնդիրների վրա։ Սանասարյանը սկսում է օժանդակել Կովկասի հայ ուսանողներին՝ կրթաթոշակ տրամադրելով, ոմանց էլ կրթությունը շարունակելու համար արտասահման ուղարկելով։ Վանում տեղի «Սանդախտյան ընկերության» հետ հիմնում է բարձրակարգ իգական վարժարան։ Ի պատիվ սրա՝ վարժարանը Սանասարյանի մոր անունով կոչվում է Սանդխտյան Մարիամյան վարժարան։ Հիմնադրած վարժարաններից հատկապես առանձնանում է Կարինի՝ Էրզրումի Սանասարյան վարժարանը, որը հիմնադրվեց նրա միջոցներով և Կարապետ Եզյանի ջանքերով։ Մկրտիչ Սանասարյանը վախճանվել է 1890 թվականին անզավակ՝ իր ողջ հարստությունը կտակելով Հայոց դպրոցներին, իսկ Սանասարյան վարժարանին՝ նաև իր մատենադարանը, ալբոմները, նկարների հավաքածուն, տպագրական պարագաները։ Նա մեռավ անզավակ՝ Սանասարյան դպրոցի 840 սաներին համարելով իր զավակները։ Թաղվել է Թիֆլիսի հայոց Մայր եկեղեցու բակում։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանասարյանի տրամադրած միջոցներով 1881 թվականին բացվել է Կարինի Սանասարյան վարժարանը, վերաշինվել Վանի Սանդխտյան վարժարանը (մոր անունով կոչվել է Մարիամյան)։ Դպրոցին կից բացվեց իգական վարժարան։

Դպրոցներ բացեց Վանի գավառի Խառակոնիս, Նուխիի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում։ Նյութապես աջակցել է Գևորգյան ճեմարանին, բարեգործական տարբեր կազմակերպությունների, մշակութային հաստատությունների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 175.
  2. 2,0 2,1 «ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ.- ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԱՐԾՐՈՒՆԵԱՑ ՊԱՅԾԱՌԱՆՈՒՆ ՏՈՀՄԻ ՇԱՌԱՒԻՂԸ՝ ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ (1845 – 1892) | Hairenik Weekly Newspaper». hairenikweekly.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 175