Վիշապաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիշապ (հուշարձան)ից)
Վիշապ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիշապ (այլ կիրառումներ)

Վիշապաքար (նաև՝ վիշապներ, վիշապ քարակոթողներ), մեգալիթյան հուշարձան, քարակոթող, որի նմուշները հայտնաբերվել են միայն Հայկական լեռնաշխարհում։ Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն[1]։ Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի տարածքում[2]։

Վիշապները դիցաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ուսումնասիրողների ենթադրությամբ՝ Վիշապը նախապես պաշտվել է իբրև ջուր, անձրև և հարստություն պարգևող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Վիշապը դիտվել է նաև ջրերի ակունքներն ու գանձերը հսկող ահարկու հրեշ։ Գրեթե բոլոր առասպելաբանություններում ընդհանուր է աստվածության կամ դյուցազնի ձեռքով Վիշապի սպանությունը և նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաև նրան զոհաբերվող կույսերի ազատումը։ Ըստ հին եգիպտական առասպելի, Վիշապին՝ իբրև խավարը մարմնավորող ուժի, հաղթում է արևի աստված Ռան, ըստ հին հայկական առասպելի, Վիշապի դեմ մարտնչում և հաղթում է Վիշապաքաղ Վահագն աստվածը։ Վիշապամարտության առասպելները տարածված են եղել հայ ժողովրդական հին բանահյուսության մեջ (օրինակ՝ Տիգրանի, Արտավազդի մասին վիպասանություններում, «Սասնա ծռեր» դյուցազներգությունում, հեքիաթներում)։ Դրանք հետագայում թափանցել են նաև քրիստոնեական գրականության մեջ։ Ըստ մի առասպելի, Վիշապին սպանում և զոհաբերվող կույսին ազատում է Սուրբ Գևորգը։ Այլ առասպելում Վիշապը ներկայացվում է արևը կլանող, չար ու կործանարար ուժ, որի դեմ մարտնչում են հրեշտակները (ամպրոպի որոտն իբր կռվի ձայնն Է, փայլակը՝ Գաբրիել հրեշտակապետի սրի փայլը, շանթը՝ հրեղեն նետը, ծիածանը՝ աղեղը)։

Ըստ Մանուկ Աբեղյանի վիշապները նվիրվել են պանթեոնի սիրո աստվածուհուն՝ Աստղիկ դիցուհուն։ Գրիգոր Ղափանցյանի կարծիքով դրանք խորհրդանշել են մեռնող և հարություն առնող աստվածությանը՝ Արա Գեղեցիկին[1]։

Վիշապներ Հայաստանի տարածքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին, Գառնիում, Ճորոխ գետի ավազանում և այլուր հայտնաբերվել են Վիշապների պաշտամունքին նվիրված հնագույն բազմաթիվ քարակոթողներ։ Դրանք հայտնի են «Վիշապներ» անունով։ Դրանք կերտվել են միակտոր քարից (ամենամեծը՝ 5,06 մ բարձրությամբ), ձկան տեսքով, վրան՝ օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ ու թռչուններ պատկերող քանդակներով, սովորաբար դրվել աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Ենթադրվում Է, որ այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող աստվածությունների կուռքեր։

Վիշապների հայտնագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշապների տարածույթը Հայկական լեռնաշխարհում

Վիշապներն առաջինը սկսել է ու սումնասիրել հայ գրող Ատրպետը 1880-­ական թվականներից։ Աշխատանքները հրատարակվել են 1926 թվական­ից։ Իսկ 1909 թվականին Նիկողայոս Մառի և Յակով Սմիրնովի արշավախումբը Հայաստանում Գառնու տաճարի հնէաբանական պեղումների ժամանակ տեղաբնակներից լսում են բարձր սարերում գտնվող վիշապների մասին։ Գիտնականները արշավախումբ կազմակերպեցին, բարձրացան Գեղամա լեռներ, հաստատելու համար վիշապների գոյությունը և նրանք արդյոք գիտական նշանակություն ունե՞ն, թե՞ ոչ։ Գեղամա լեռների արշավախմբի գործունեության արդյունքները հրատարակվել են 1931 թվական­ին[3]։

Գիտնականները լեռնային քոչատեղիում հայտնաբերեցին մեգալիթյան քարե քանդակներ, որոնց հայերը անվանում էին «վիշապ» իսկ քրդերը «աժդահա յուրտ» Քանդակների մեծ մասը ձկան տեսք ունեին։ Վիշապներից ամենամեծը 4,75 մետր բարձրություն և 55սմ լայնություն ուներ։ 1909 թվականին բոլոր վիշապները տապալված էին, նրանց մի մասը ծածկված էր հողով։

Շուտով Գեղամա լեռների բարձրաբերձ այլ բնակավայրում գտնվեցին այլ վիշապներ։ 1910 թվականին Նիկողայոս Մառը և Յակով Սմիրնովը արդեն հայտնաբերել էին 27 նմանատիպ մեգալիթյան հուշարձան։ Շուտով նմանատիպ վիշապներ հայտնաբերվեցին Հայաստանում՝ հատկապես Սևանի ավազանում, հարավային Վրաստանում և արևելյան Թուրքիայում։

Առաջին հայտնաբերված վիշապները
Նիկողայոս Մառի և Յակով Սմիրնովի արշավախմբի 1909 թվականի գտածոները (Գեղամա լեռներ
)

Թվագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշապների թվագրումը որոշակի դժվարություն է ներկայացնում։ Հուշարձանները տեղադրվել են բնակավայրերից հեռու, որոնց օրգանական մնացորդների ռադիոածխածնային անալիզը հնարավորություն կտար որոշել մոտավոր տարիքը։ Սակայն Աժդահա յուրտում գտնված №1 վիշապի վրա կային խաչի պատկերներ և հայերեն գրեր, թվագրված 13-րդ դարով։ խաչերի և գրվածքի դիրքը ցույց են տալիս, որ 13-րդ դարում վիշապը դեռ ուղղահայաց դիրքում էր։ 1963 թվականին Գառնու տարածքում պեղվեց վիշապ, որի վրա կար Արգիշտի Ա թագավորի սեպագիր արձանագրությունը։ Այս վիշապը թվագրվում է մ․թ․ա․ 2-ին հազարամյակի սկիզբ - մ․թ․ա․ 1-րդ հազարամյակ[4]։

Վիշապների ձևերն ու չափերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշապ Երևանի Նոր Նորք շրջանում

Բոլոր գտածոները մեկ քարից են քանդակված, բարձրությունը տատանվում էր 3-5 մետրի սահմաններում։ Վիշապների մեծ մասը ձկան տեսք ունեն, հիմնականում հիշեցնում են լոքո ձուկ։ Հիմնականում մանրամասն քանդակված են ձկան աչքերը, բերանը, պոչն ու խռիկները։ Վիշապների մյուս մասը պատկերում է սմբակավոր կենդանու՝ ցլի կամ խոյի, հավանաբար ներկայացրել է մատուցվող զոհին, որոշ դեպքերում միայն պատկերված է ցցերի վրա ձգված կենդանու մորթին։ Որոշ վիշապների վրա պատկերված են ջուրը խորհրդանշող ալիքավոր գծեր, որոնք հաճախ դուրս են գալիս ցլի բերանից, երկարոտն թռչուններ, հազվադեպ՝ օձեր։

Վիշապների երեք հիմնական տիպերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ցլակերպ (քառակող, հաստ սալաքարի տեսքով, դիմային մասում հիմնականում ցլի գլխի և վար ընկած վերջույթների պատկերով),
  • ձկնակերպ (կտրվածքում կլորավուն, քանդակված ձկան տեսքով՝ կրելով ձկան անատոմիական մանրամասներ),
  • ձկնացլակերպ (կրում է նախորդ երկուսի հատկանիշները)[2]

Վիշապաքարերի մեծ մասը գտնվել են հորիզոնական՝ ընկած վիճակում։ Սակայն վերը նշված երեք տիպերն էլ մշակված և քանդակված են բոլոր կողմերից։ Ձկնակերպերի պոչը մշակված չէ, ինչը ենթադրել է տալիս, որ վիշապաքարերը, այդ թվում ձկնակերպերը նույնպես նախապես եղել են կանգնած վիճակում[2]։

Վիշապները և ջրանցքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի վերածած երկու վիշապ Վայոց ձորի Ուլգյուր գյուղատեղիում (Աղավնաձոր)
Վիշապ Երևանի Կենտրոն համայնքում

Վիշապները ջրի պաշտամունքին վերաբերող հուշարձաններ են, որոնք սերտորեն կապվում են ջրաբաշխման գործի հետ։ Համարյա բոլոր վիշապների գտնված վայրերը կապված են լեռնային աղբյուրների կամ ջրանցքների հետ[5]։ Նման ոռոգման համակարգեր են հայտնաբերվել, Սևանի Արտանիշ ծովածոցի, Արագած լեռան վրա՝ Արշախեն գետի աջ ափի և Գեղամա լեռների Թոխմակագան գյոլի և Գեմերզեկ բնակավայրերի մոտ։ Չնայած ոռոգման համակարգի կառույցները հնարավոր չէ ճիշտ թվագրել, բայց գիտնականները վիշապները կապում են հին շրջանի պտղաբերության և ջրի պաշտամունքի հետ[4][6]

Նման այլ կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականները նշում են Հյուսիսային Կովկասում ու Եվրոպայում գտնված մենհիրների և վիշապների նմանությունը։ Նմանություն կա նաև հյուսիսային Մոնղոլիայում գտնած հուշարձանների հետ։ Թեև վերը նշվածների հետ համեմատելիս վիշապները ունեն բոլորովին այլ կատարում և հստակ ստեղծվել են այլ ցեղերի կողմից[4][7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի հնագույն ժառանգությունը, Պատմամշակույթաին ժառանգության մատենաշար, Հատոր Է
  2. 2,0 2,1 2,2 Վիշապաքարեր. Հայաստանի բարձրադիր հուշարձանները և նրանց պահպանության խնդիրը
  3. Արմեն Պետրոսյան, Արսեն Բոբոխյան «Վիշապ քարակոթողները» Երևան, 2015
  4. 4,0 4,1 4,2 Пиотровский Б. Б. Вишапы. Каменные статуи в горах Армении, Издание Армянского филиала АН СССР, Ленинград, 1939 (ռուս.)
  5. Աշխարհբեկ Քալանթար, Քարե դարը Հայաստանում, Ջրի պատամունքը, Երևան, 2007
  6. Марр, Николай Яковлевич, Смирнов, Яков Иванович Вишапы // Труды Государственной Академии Истории Материальной Культуры, т. I, Ленинград, 1931 (ռուս.)
  7. Мещанинов, Иван Иванович Каменные статуи рыб — вишапы на Кавказе и в Северной Монголии // Записки Коллегии Востоковедов, I, Ленинград, 1926 (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пиотровский Б.Б. Вишапы. Каменные статуи в горах Армении, Издание Армянского филиала АН СССР, Ленинград, 1939 (ռուս.)
  • Аракелян Б.Н., Арутюнян Н.В. Находка урартской надписи в Гарни // Историко-филологический журнал Армянской ССР, № 2, 1966 (ռուս.)
  • Марр Н.Я., Смирнов Я.И. Вишапы // Труды Государственной Академии Истории Материальной Культуры, т. I, Ленинград, 1931 (ռուս.)
  • Мещанинов И.И. Каменные статуи рыб - вишапы на Кавказе и в Северной Монголии // Записки Коллегии Востоковедов, I, Ленинград, 1926 (ռուս.)
  • Мифологический словарь/ Гл. ред. Е. М. Мелетинский. — М.:Советская энциклопедия, 1990. — 672 с. (ռուս.)
  • Абегян М. Армянский эпический фольклор, Труды, т. I. Ер., 1966. с. 85-86, на арм. яз. (ռուս.)
  • Վիշապ քարակոթողները, Խմբ. Ա. Պետրոսյան, Ա. Բոբոխյան, Գիտություն, Երևան, 2015, 420 էջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։