Jump to content

Ալեքսեյ Սմիռնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Սմիռնով
Ծնվել էփետրվարի 28, 1920(1920-02-28)
ԾննդավայրԴանիլով, Յարոսլավլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էմայիսի 7, 1979(1979-05-07) (59 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանSouthern Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և դերասան
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոն, Petersburg-concert? և Լենֆիլմ
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Ալեքսեյ Մակարովիչ Սմիռնով (ռուս.՝ Алексей Макарович Смирнов, փետրվարի 28, 1920(1920-02-28), Դանիլով, Յարոսլավլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - մայիսի 7, 1979(1979-05-07), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս խորհրդային դերասան։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Կարմիր աստղի շքանշանի և 2-րդ և 3-րդ աստիճանների Փառքի շքանշանների ասպետ։

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Սմիռնովը ծնվել է 1920 թվականի փետրվարի 28-ին՝ Յարոսլավլի նահանգի Դանիլով քաղաքում և 1920-ական թվականների կեսերից նրանց ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ։ Հայրը վաղ է մահացել, իսկ մայրը երկու երեխաներին մեծացրել է միայնակ (Ալեքսեյն ուներ նաև կրտսեր եղբայր)։ Դեռ դպրոցական տարիներից Ալեքսեյ Սմիռնովը խաղում էր թատերական խմբակում։ 1940 թվականին ավարտել է Լենինգրադի երաժշտական կատակերգության թատրոնին կից թատերական ստուդիան և ընդունվել այդ նույն թատրոնում աշխատանքի։ Այնտեղ նա հասցրել է խաղալ միայն «Ռոզ-Մարի» օպերետում` Սև Արծվի դերը[6]։

1940 թվականի հոկտեմբերին զորակոչվել է բանակ։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես` գտնվում էր գործող բանակում։ Մասնակցել է Արևմտյան, Բրյանսկի, 1-ին Ուկրաինական և 2-րդ Բելառուսական ռազմաճակատների մարտերին։ Բազմիցս թափանցել է թշնամու թիկունք։ «Խիզախության համար» մեդալի ընծայագրի մեջ նշված է, որ ավտոմատ կրակահերթով անձամբ ոչնչացրել է երեք հիտլերականի, լինելով հետախուզության մեջ, փոխարինել է շարքից դուրս եկած նռնականետի հրամանատարին, իրականացրել է լարված պայքար, որի շնորհիվ կարողացել է ցիրուցան անել թշնամու հետևակի երկու դասակ։ 1944 թվականին, Օնացկովցի գյուղի մոտակայքում, հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու ընթացքում, Ալեքսեյ Սմիռնովն իր դասակի հետ միասին ոչնչացրել է թշնամու նռնականետային մարտկոցը, գնդացիրը և մինչև 30 զինվոր՝ արդյունքում ազատագրելով Ստարոկոնստանտինով քաղաքը։ Այդ մարտերում ցուցաբերած խիզախության համար, Ալեքսեյ Սմիռնովը ներկայացվել է 1-ին աստիճանի Հայրենական պատերազմի շքանշանի, սակայն պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մարտերից մեկի ժամանակ Ալեքսեյ Սմիռնովը հոսպիտալացվել է և բուժումից հետո զորացրվել։

1946 թվականին վերադարձել է թատրոն։ Ապրել է աղքատության մեջ՝ խնամելով հիվանդ մորը։ Ռազմաճակատում կրտսեր եղբոր զոհվելուց հետո, նրա մոր մոտ զարգացել էր հոգեկան հիվանդություն։ Բազմաթիվ հյուրախաղերի պատճառով չկարողանալով բավարար ուշադրություն դարձնել մոր առողջական խնդիրներին, Ալեքսեյ Սմիռնովը 1952 թվականին ստիպված լքել է թատրոնը՝ տեղափոխվելով «Լենպետէստրադա»[6]։ Ավելի ուշ, իր բարեհոգի արտաքինը նրան օգնեց առանձնանալ մյուս դերասաններից և ռեժիսորները սկսեցին նրան առաջարկել երկրորդական կատակերգական դերեր։ Հանդիսատեսը միանգամից սիրեց դերասանին, հատկապես նա հաջողություն էր վայելում պատանի հանդիսատեսների շրջանում։

Իր առաջին դերը կինոյում նա խաղացել է 1957 թվականին։ 1958 թվականին, ռեժիսոր Յուրի Օզերովը հրավիրել է նրան նկարահանվելու «Կոչուբեյ» կինոնկարում, որից հետո նրան դերեր առաջարկվեցին նաև այլ ֆիլմերում։ 1961 թվականին Ալեքսեյ Սմիռնովը «Լենֆիլմ» կինոստուդիայի դերասան էր։ Նույն թվականին էկրաններին հայտնվեցին Վլադիմիր Ֆետինի «Շերտավոր ուղերթ» և Ալեքսանդր Ռոուի «Երեկոները Դիկանկայի մոտակա խուտորում» կինոնկարները, որոնցում Ալեքսեյ Սմիռնովի կատարած դերերը՝ դրական արձագանք գտան հանդիսատեսի կողմից։ Սակայն Ալեքսեյ Սմիռնովին համամիութենական ճանաչում բերեցին Լեոնիդ Գայդայի ֆիլմերը։ «Գործարար մարդիկ» (1962թ.) կինոնկարի «Կարմրամորթների առաջնորդը» նովելում, Ալեքսեյ Սմիռնովը կատարում էր բարեհոգի ավազակ Բիլ Դրիսկոլի դերը, ով որոշել էր գումար վաստակել երեխաներ առևանգելով։

1964 թվականին Ալեքսեյ Սմիռնովը նկարահանվել է Լեոնիդ Բիկովի «Զայչիկ» կինոնկարում, որի արդյունքում Լեոնիդ Բիկովն ու Ալեքսեյ Սմիռնովը դարձան մտերիմ ընկերներ։ Նույն թվականին նա նկարահանվեց նաև Էլեմ Կլիմովի «Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքը արգելվում է» կինոնկարում։ Ալեքսեյ Սմիռնովի ամենահայտնի դերերից է նաև Լեոնիդ Գայդայի ««Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները» (1965 թ.) կինոնկարում կերտած խուլիգան և անբան Ֆեդյայի կերպարը։ Նա նկարահանվել է նաև Ռոլան Բիկովի «Այբոլիտ-66» (1966 թ.), Անդրեյ Տուտիշկինի «Հարսանիք Մալինովկայում» (1967 թ.), Վիկտոր Սադովսկու «Հարված, կրկին հարված» (1968 թ.), Եվգենի Կարելովի «Յոթ ծերունի և մեկ աղջիկ» (1968 թ.) կինոնկարներում։ Չնայած այդ բոլոր կատակերգական դերերին, Ալեքսեյ Սմիռնովի երազանքն էր՝ խաղալ դրամատիկ դերեր՝ թե թատրոնում և թե կինոյում։ 1973 թվականին նկարահանվել է «Մարտի են գնում միայն «ծերունիները»» կինոնկարը, որտեղ Ալեքսեյ Սմիռնովը կատարում էր մեխանիկ Մակարիչի դերը[7]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմաճակատում ստացած ծանր վնասվածքների պատճառով Ալեքսեյ Սմիռնովը կորցրել էր երեխաներ ունենալու կարողությունը[8]։ Վերադառնալով ռազմաճակատից, նա մերժել էր իր ընկերուհուն` հետագա հարաբերությունները շարունակելու համար, որի բուն պատճառը վերջինս իմացել էր տարիներ անց։ Ալեքսեյ Սմիռնովի միակ մտերիմ մարդն աշխարհում, դարձել էր նրա մայրը[9], ում նա աստվածացնում էր[10]։ Չնայած իր հանրաճանաչությանն ու մարտական պարգևներին, նա իր ողջ կյանքն ապրեց մոր հետ՝ կոմունալ բնակարանում, այդպես էլ չկարողանալով առանձին բնակարան ստանալ։ Նա չէր սիրում հիշել պատերազմի մասին, այդ իսկ պատճառով քչերը գիտեին նրա պարգևների մասին[6]։

Կանանց հետ հարաբերություններում նա որոշակի բարդույթներ ուներ՝ կապված իր արտաքինի և տղամարդկային արատի հետ։ Որոշ աղբյուրների համաձայն, 1950-ականների սկզբին, հանգելով այն մտքին, որ այլևս չի կարող ամուսնանալ, որոշել էր երեխա որդեգրել։ Նա սիրում էր երեխաներին և մշտապես շրջապատված էր նրանցով, պատրաստում էր փայտյա խաղալիքներ[10], որոնք հաճախ նվիրում էր մանկատան հաշմանդամ երեխաներին։ Սակայն երեխա որդեգրելը նրան այդպես էլ չհաջողվեց[8]։

Կյանքի վերջին տարիներին Ալեքսեյ Սմիռնովի առողջությունը սկսել էր վատանալ, որի պատճառը հիմնականում ռազմաճակատային վնասվածքներն ու ծանրաբեռնված աշխատանքն էր։ Նկարահանումների ժամանակ նա երբեք չէր օգտվում կրկնորդների ծառայություններից և բոլոր հնարքները կատարում էր անձամբ՝ անտեսելով իր առողջությունը։

1979 թվականի ապրիլի 12-ին, երբ Ալեքսեյ Սմիռնովն իմանալով իր ընկերոջ՝ Լեոնիդ Բիկովի ավտովթարից զոհվելու լուրը, սկսել է հարբեցողությամբ զբաղվել։ Ապրիլի 20-ին նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշել էին սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոզ, արյան շրջանառության խանգարում, հեղուկ՝ թոքերում և արտահայտված հևոց։ Հիվանդանոցում գտնվելու երկու շաբաթների ընթացքում նրան ոչ ոք չի այցելել, սակայն հիվանդանոցի անձնակազմը ամեն-ինչ անում էր նրա համար։

Մայիսի 7-ին, հիվանդանոցից դուրս գրվելու օրը, Ալեքսեյ Սմիռնովը մահացել է։ Ըստ բուժող բժշկի խոսքերի, նրա համար ճակատագրական էր եղել մեկ շիշ կոնյակը, որը նա բոլորից թաքուն խմել էր հիվանդանոցում[6]։

Ալեքսեյ Սմիռնովը թաղված է Սանկտ Պետերբուրգի Հարավային գերեզմանոցում[11]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1957Բալթիական փառքБалтийская славаնավաստի
1958Այսօր արձակում չի լինելուСегодня увольнения не будетՎասիլի Մակարովիչ
1958ԿոչուբեյКочубейբուրժուա
1960Մարդն՝ ապագայովЧеловек с будущимվարորդ
1960Բռնված վանականըПойманный монахԺյուրդենի ծառան
1960Ռոմանն ու ՖրանչեսկանРоман и Франческаհեր Ֆրից
1961ԳործուղումКомандировкаՊիժանկով
1961Շերտավոր ուղերթПолосатый рейсնավաստի Միտյա Կնիչ
1961Երեկոները Դիկանկայի մոտակա խուտորումВечера на хуторе близ Диканькиատաման
1962Գործարար մարդիկДеловые людиԲիլ Դրիսկոլ
1963Գեներալն ու մարգարտածաղիկներըГенерал и маргариткиՎոլֆգանգ Ֆունկ
1963Ճորտ դերասանուհինКрепостная актрисаերգիչ
1963Երկու կիրակիДва воскресеньяմայոր Ալեքսեյ Կոշելև
1963Երկուշաբթին ծանր օր էПонедельник — день тяжёлыйխոհարար Սմետանկին
1963Հեծանիվներ սանձահարողներըУкротители велосипедовգործարանի տնօրեն
1964Փոթորիկ Ասիայի վրաБуря над Азиейհացթուխ
1964ԶայչիկЗайчикթատրոնի աղմկարար
1964Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքը արգելվում էДобро пожаловать, или Посторонним вход воспрещёнպիոներական ճամբարի տնտեսվար
1964Մայրն ու խորթ մայրըМать и мачехаվարիչ
1965«Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածներըОперация «Ы» и другие приключения Шурикаանբան Ֆեդյա
1965Լինում է նաև այդպեսБывает и такԱպոլոն Չոկաև
1965Քնած առյուծըСпящий левգանձապահ Գրիցենկո
1966Կարմիրը, կապույտը, կանաչըКрасное, синее, зелёноеխաղալիքներ վաճառող
1966Ս. քաղաքումВ городе С.անանասով պարոնը
1966Երեք հաստլիկներըТри толстякаավագ հրուշակագործ
1966Այբոլիտ-66Айболит-66գիրուկ ավազակ
1966Նրանց միայն դեմքով գիտեինИх знали только в лицоԼև Բիչկով
1966Խոջա Նասրեդինի 12 գերեզմանները12 могил Ходжи Насреддинаհոգեբուժարանի հաճախորդ
1967Փրկեք խեղդվողինСпасите утопающегоմիլիցիոներ Մարչենկո
1967Հարսանիք ՄալինովկայումСвадьба в Малиновкеավազակ Սմետանա
1967Յուրաս Բրատչիկի վարքն ու համբարձվելըЖитие и вознесение Юрася БратчикаԼյավոն Կոնավկա
1967Կրակ, ջուր և... պղնձե խողովակներОгонь, вода и... медные трубыգլխավոր հրշեջ
1968Յոթ ծերունի և մեկ աղջիկСемь стариков и одна девушкаՄասլեննիկով
1968ՀետախույզներըРазведчикиՎասյա Սիգաև
1968Սպիտակ դաշնամուրըБелый рояльբեռնակիրների ղեկավարը
1968Ոսկյա ժամացույցըЗолотые часыՍեմյոն Կուդեյար
1968Հարված, կրկին հարվածУдар! Ещё удар!տաքսու վարորդ
1969Նորին գերազանցության համհարզըАдъютант его превосходительстваնիհիլիստ
1969Սպասիր ինձ, ԱննաЖди меня, Аннаսպա
1970ՏերըХозяинՎառլամ
1971Ու՞ր եք, ասպետներГде вы, рыцари?ջրվոր
1971Գարնանային հեքիաթВесенняя сказкаԲոբիլ Բակուլա
1971Մեծ սաթБольшой янтарьմի քանի դերեր
1971Սպիտակ թագուհու քայլըХод белой королевыՏիմոֆեյ Կրիժալով
1972Պոմպեյի վերջին օրերըПоследние дни ПомпеиԵրեմեյ Բաբին
1972Ոսկե եղջյուրներЗолотые рогаԿապիտոնիչ
1972Բոբան և փիղըБоба и слонջրցանի վարորդ
1973Դոնիի և Միքիի նոր արկածներըНовые приключения Дони и Микки«Լոպուխ»
1973Մարտի են գնում միայն «ծերունիները»В бой идут одни «старики»մեխանիկ Մակարիչ
1973ՉիպոլինոЧиполлиноՉիպոլոնե
1974Ավտոմեքենան, ջութակը և Կլյակսա շունըАвтомобиль, скрипка и собака Кляксаմի քանի դերեր
1975Դեպի պայծառ կրակըНа ясный огоньհյուրանոցի սեփականատեր
1975Ցնցող ԲերենդեևըПотрясающий Берендеевհնոցապան Արթուր Բրագին
1975Մեներգ փղի համար՝ նվագախմբովСоло для слона с оркестромաճպարար Էդուարդ Սմիռնով
1976Ամենագեղեցիկ ձինСамый красивый коньձիապան Երեմեիչ
1976Մարինկան, Յանկան և թագավորական դղյակի գաղտնիքներըМаринка, Янка и тайны королевского замкаգեներալ
1977Ակամա դիվանագետներДипломаты поневолеձկնորս Լուպոլո
1977Այս անհավանական երաժիշտները կամ Շուրիկի նոր երազներըЭти невероятные музыканты, или Новые сновидения Шурикаկամեո
1978Անտառը, ուր դու երբեք չես մտնիЛес, в который ты никогда не войдешь-

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ http://www.podvignaroda.ru/?#id=32486191&tab=navDetailDocument
  2. ↑ http://www.podvignaroda.ru/?#id=42705813&tab=navDetailDocument
  3. ↑ http://www.podvignaroda.ru/?#id=33743313&tab=navDetailDocument
  4. ↑ http://www.podvignaroda.ru/?#id=18380414&tab=navDetailDocument
  5. ↑ http://www.podvignaroda.ru/?#id=40288593&tab=navDetailDocument
  6. 1 2 3 4 «Его знали только в лицо. Трагедия комика». Վերցված է 14 марта 2012-ին.
  7. ↑ Фёдор Раззаков. «Кинопеснь о поющей эскадрилье». Сайт памяти Леонида Быкова. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
  8. 1 2 «Алексей Макарович Смирнов на сайте «Актёры советского и российского кино»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 7 марта 2012-ին.
  9. ↑ Могилы знаменитостей: А. М. Смирнов на сайте m-necropol.narod.ru
  10. 1 2 «Две славы солдата и актёра». Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին.
  11. ↑ Могила Смирнова А. М. (Санкт-Петербург)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Սմիռնով» հոդվածին։