Սրտի իշեմիկ հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրտի իշեմիկ հիվանդություն
Տեսակ հիվանդություն
Ենթադաս heart disease
ՀՄԴ-9 410 և 414
ՀՄԴ-10 I20 և I25
Հիվանդությունների բազա 8695
eMedicine 150215
MeSHID D017202

Սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), պսակային հիվանդություն, սիրտ-անոթային համակարգի տարածված հիվանդություն։ Տերմինն առաջարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կոմիտեն (1962 թ.)։

Հիվանդության առաջացման պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի իշեմիկ հիվանդության հիմքում ընկած է սրտամկանի ախտահարումը, որը սրտամկանի թթվածնապահանջի և աթերոսկլերոտիկ փոփոխությունների ենթարկված պսակային զարկերակների թթվածնամատակարարման անհամապատասխանության հետևանք է։ Հիվանդության առաջացմանը նպասում են նաև պսակային զարկերակների գործունեության նյարդահումորալ կարգավորման խանգարումները և զարկերակների սպազմը։ Կարևոր դեր են կատարում նաև ռիսկի գործոնները (զարկերակային արյան ճնշման բարձրացում, ճարպային փոխանակության խանգարում, շաքարային հիվանդություն, ծխելը, բարձր կալորիականությամբ սննդի ընդունում և նստակյաց կյանք)։

Սրտի իշեմիկ հիվանդության ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի իշեմիկ հիվանդությունը լինում է հետևյալ ձևերի․

  1. սրտամկանի սուր ինֆարկտ,
  2. Սրտի իշեմիկ հիվանդության սուր և ենթասուր այլ ձևեր, սրտամկանի իշեմիա՝ մանրօջախային մեռուկացումով (այսպես կոչված՝ նախաինֆարկտային համախտանիշ),
  3. կրծքային հեղձուկ (ստենոկարդիա),
  4. անախտանշան Սրտի իշեմիկ հիվանդություն (հայտնաբերվում է էլեկտրասրտագրությամբ),
  5. քրոնիկական Սրտի իշեմիկ հիվանդություն (պսակային անոթների աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված կարդիոսկլերոզ)։

Ամենատարածված ձևը կրծքային հեղձուկն է։ Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են սուր Սրտի իշեմիկ հիվանդություն (օրինակ, սրտամկանի ինֆարկտ) և քրոնիկական (օրինակ, օջախային և տարածուն կարդիոսկլերոզ)։

Ըստ ընթացքի Սրտի իշեմիկ հիվանդությունը լինում է արագընթաց, որը դրսևորվում է կրկնակի և կրկնվող ինֆարկտների ձևով, և դանդաղընթաց՝ կրծքային հեղձուկի հազվադեպ նոպաներով, առիթմիայով, սրտային անբավարարության աստիճանաբար զարգացող երևույթներով։ Ախտորոշումը՝ հիվանդի հարցուփորձի (անամնեզ) տվյալներով, կլինիկական երևույթներով, գործիքային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության մեթոդներով (ֆիզիկական ծանրաբեռնվածություն, էխոկարդիոգրաֆիա, փորոքագրություն և այլն)։

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պսակային արյան շրջանառության վերականգնում կամ լավացում, աթերոսկլերոզի կանխում, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարման վերացում, արյան շրջանառության կարգավորում, առողջարանային բուժում (օրինակ, Արզնի)։ Վերոհիշյալ միջոցառումները խիստ անհատական են, հաշվի են առնվում հիվանդի աշխատանքի ու կենցաղի պայմանները և հիվանդության ընթացքի յուրահատկությունները։

Կանխարգելումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի և աշխատանքային պայմանների նորմալացում, հանգստի ռեժիմի կարգավորում, ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածության վերացում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png