Կրծքային հեղձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրծքային հեղձուկ
AMI pain front.png
Տեսակ ախտանիշ
Ենթադաս coronary disease
Բժշկական մասնագիտություն սրտաբանություն
ՀՄԴ-9 413
ՀՄԴ-10 I20
Հիվանդությունների բազա 8695
MedlinePlus 000198 և 000201
eMedicine 150215
MeSHID D000787
Angina pectoris Վիքիպահեստում

Կրծքային հեղձուկ, կրծքային անգինա (angina pectoris), ստենոկարդիա (հունարեն՝ στενος նեղ, անձուկ և հունարեն՝ χαρδία-սիրտ), սրտի իշեմիկ (սակավարյունային) հիվանդության ամենատարածված կլինիկական ձևը։ Արտահայտվում է ետկրծոսկրային կամ սրտի շրջանի սեղմող, ճնշող ցավերի նոպաներով, որոնք ճառագայթվում են դեպի ձախ ուսը, ձեռքը և պարանոցը։ Նկարագրել է անգլիացի բժիշկ Վ.Հեբերդենը, 1768 թվականին։ Տարբերում են լարման և հանգստի կրծքային հեղձուկ։ Լարման կրծքային հեղձուկի դեպքում ցավային նոպան առաջանում է քայլելու և ֆիզիկական լարումների, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների, նյարդային գերլարվածության դեպքում։ Հանգստի կրծքային հեղձուկի դեպքում ցավերը կապված չեն ֆիզիկական կամ նյարդային գերլարումների հետ, հազվադեպ առաջանում են քնի ժամանակ (հիվանդը ցավից կարող է արթնանալ)։ Ցավային նոպան տևում է մի քանի րոպե և արագ անցնում նիտրոգլիցերին (շատ դեպքերում՝ վալիդոլ) ընդունելուց հետո։ Կարող է ուղեկցվել վեգետատիվ ռեֆլեկտոր խանգարումներով՝ մաշկածածկույթների գունատություն, սառը քրտնարտադրություն, պուլսի դանդաղում։ Լարման կրծքային հեղձուկի ելքն առավել բարենպաստ է, քան հանգստինը և հազվադեպ է ավարտվում սակավարյունային հիվանդության ծանր ձևով՝ սրտամկանի ինֆարկտով՝ կրծքային հեղձուկի նոպան սրտի պսակաձև անոթներով դեպի սիրտը արյան հոսքի և սրտամկանի պահանջների խիստ անհամապատասխանության (այսպես կոչված՝ արյան պսակաձև շրջանառության սուր անբավարարության) հետևանք է։ Վերջինս պայմանավորված է պսակաձև անոթների աթերոսկլերոզով, որոշ դեպքում՝ կոլագենային հիվանդություններով, աորտայի սիֆիլիսով։ Երբ վերոհիշյալ օրգանական փոփոխություններին միանում են նաև պսակաձև անոթների ֆունկցիոնալ փոփոխությունները (օրինակ, սպազմը՝ հիպերտոնիկ հիվանդության ժամանակ կամ թթվածնի հանդեպ սրտամկանի պահանջի բարձրացումը՝ ֆիզիկական բեռնվածության դեպքում), առաջանում են ցավեր։ Կրծքային հեղձուկի նոպան կարող է տեղի ունենալ նաև ռեֆլեկտոր ճանապարհով՝ անոթների սպազմի հետևանքով (օրինակ, լեղապարկի բորբոքման, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում)։ Կրծքային հեղձուկի նոպան պետք է տարբերել սրտացավից (կարդիալգիա), որի դեպքում ցավերը տարբեր բնույթի են, նոպայաձև չեն և ուղեկցում են սրտի և այլ օրգան-համակարգերի մի շարք հիվանդություններին (նևրոզներ, կլիմակտերիկ կարդիոպաթիա, սրտամկանի բորբոքումներ և պերիկարդիտներ

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնի, հանգստի և աշխատանքի ռեժիմի կարգավորում, դիետա, վնասակար սովորությունների (ծխել, ալկոհոլային խմիչքների օգտագործում) արգելում, առողջարանային բուժում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 692 CC-BY-SA-icon-80x15.png