Ուղտասար (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղտասար
Տեսակլեռ
Երկիր Հայաստան և  Ադրբեջան
ԲԾՄ3563 մետր
Նյութբազալտ
Աշխարհագրական տեղադրությունՍյունիքի բարձրավանդակ
ԼեռնաշղթաՓոքր Կովկաս
Քարտեզ
Քարտեզ

Ուղտասար, լեռ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում՝ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում, Սիսիանից մոտ 30 կմ հեռու, 3000-3300 մ ծովի մակերևույթից բարձրությամբ[1], որտեղ 1968 թվականին հայտնաբերվել է ժայռապատկերներով հարուստ հնավայր[2]։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովուրդը վայրն անվանել է Ուղտասար՝ Սև և Ալ լճերի միջև ընկած լեռնային տեղանքը սապատավոր ուղտի նմանեցնելու պատճառով։ Պատմում են նաև, որ ժամանակին լեռան լանջին ուխտավորները զոհաբերել են իրենց որսը, ապա այն պատկերել քարերի վրա, իսկ նախքան զոհաբերության արարողությունը երկար և դժվարին ճանապարհ անցել, մինչև զոհ մատուցելը՝ մարմնով մաքրվել Ուղտասարի լճերում։ Իրականում Ուղտասարը նախնադարյան ժամանակների մարդկանց ասոցիատիվ, պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիքն է, նրանց աշխարհընկալման, հոգեբանության, հավատալիքների և հմայությունների սրբատեղի քարեդարանն է բաց երկնքի տակ։

Ժայռապատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղտասար հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ՝ ցրված լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում։ Դրանք Սյունիքի հնագույն հուշարձաններից են։ Ժայռապատկերների մեծ մասը փորագրված է պղնձագույն և սև ժայռաբեկորների հորիզոնական կամ ուղղաձիգ հարթ մակերևույթներին՝ 2-6 սմ խորության, 2-20 մմ լայնության խորագծերով։

Ժայռապատկերների բովանդակությունը բազմազան է. դրանցում տեղ են գտել որսորդությանը, մարդուն շրջապատող բնաշխարհին, հմայական արարողություններին, տիեզերական պատկերացումներին, հատկապես արևի պաշտամունքին աղերսվող տեսարաններ։ Ուղտասարում ամենահին ժայռապատկերները վերաբերում են մ.թ.ա. V-IV հազարամյակներին։ Զանգվածեղ ժայռաբեկորների վրա դրոշմված են եղջերուների, գիշատիչների մեծադիր ծավալային պատկերներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարախանյան Գ., Սաֆյան Պ., Սյունիքի ժայռապատկերները. Հայաստանի հնագիտական հուշարձանները, 4, Ժայռապատկերներ, պրակ 1, Երևան, 1970։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 125 — 150 էջ։
  2. «Հիմնական տեսարժան վայրերը - Ուղտասար». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.