Վիշապ (գերբնական էակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վիշապ (այլ կիրառումներ)

Վիշապ, երևակայական, գերբնական էակ շատ ժողովուրդների առասպելաբանություններում։ Սովորաբար պատկերվել է թևավոր օձի կամ տարբեր կենդանիների տարրերի համադրմամբ։ Ենթադրվում է, Վիշապի կերպարում միահյուսվել են երկինքն ու երկիրը՝ վերին (թռչուններ) և ստորին (օձ) հակադիր աշխարհները։ Ուսումնասիրողների կարծիքով՝ վիշապի մասին առասպելների հիմքում ընկած է քաոսի ու տիեզերքի հակամարտության առասպելի նախնական մոտիվը, որը հնդեվրոպական ժողովուրդների ավանդական պատկերացումներում առնչվել է ամպրոպին, ամպրոպային հողմին։ Ըստ հնագույն հավատալիքների, վիշապը բարձրանում է երկինք կամ երկնքից իջնում երկիր՝ առաջացնելով ամպրոպային փոթորիկներ, պտտահողմեր, կլանում արևը՝ առաջացնելով խավարում։ Հին Արևելքի մի շարք երկրներում վիշապը պաշտվել է իբրև ջրային տարերքի, պտղաբերության ու հարստության հովանի, իսկ ավելի ուշ դարձել ահեղության, իշխանության խորհրդանիշ։ Որոշ ուսումնասիրողների ենթադրությամբ՝ Վիշապը նախապես պաշտվել է իբրև ջուր, անձրև և հարստություն պարգևող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Գրեթե բոլոր առասպելաբանություններում ընդհանուր է աստվածության կամ դյուցազնի ձեռքով վիշապի սպանությունը և նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաև նրան զոհաբերվող կույսերի ազատումը։ Ըստ հին հայկական առասպելի, վիշապի դեմ մարտնչում և հաղթուն է Վահագն Վիշապաքաղ աստվածը։