Ծնվել է Նոր Ջուղայում, որտեղ և դարձել է անվանի արվեստագետ։ Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով 1666 թվականին խոջա Զաքար Սահրադյանի երաշխավորությամբ եղբոր հետ եկել է Մոսկվա։ Շուտով ձեռք է բերել շնորհալի ստեղծագործողի համբավ։ 1674 թվականին ընդունել է ուղափառություն և նրան շնորհվել է ազնվականի կոչում՝ Մոսկովյան ցուցակով։ 1685 թվականին նշանակվել է Մոսկվայի Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավար։ Ղեկավարել է Կրեմլի մի շարք շինարարական աշխատանքներ, ինչպես ռուսական իրականության մեջ առաջին հաղթական կամարի կառուցումը, ձևավորել այն ԱզովըՊետրոս I-ի կողմից գրավելու առթիվ։ Ստեղծել է դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, սրբանկարներ, նկարազարդել է ձեռագրեր, ձևավորել պալատներ, վերանորոգել մի շարք եկեղեցիների և պալատների ներքին հարդարանքը։ Մատուցած ծառայությունների համար Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորը Բոգդան Սալթանովին նվիրել է արծաթե գուշ (1682)։ Մահացել է 1703 թվականին Մոսկվայում։
Բոգդան Սալթանովի իսկական անունը Թանրի Վերան է, որ նշանակում է աստվածատուր[2], ռուսերեն՝ Բոգդան, հոր անունը Սալթան, որից և ազգանունը՝ Սալթանով, հայերեն օգտագործվել է Աստվածատուր Սալթանյան։
Նարիշկինյան պալատի նկարիչ, հայազգի ռուսական իշխան Իվան (Բոգդան) Սալթանովը եղել է ցար Ալեքսեյ Միխայլովիչի երկրորդ կնոջ՝ թագուհի Նատալիա Կիրիլովնայի սիրեկանը, որոնց իրական զավակն էլ հանդիսանում է՝ Ռուսիայի Մեծ ցար տիտղոսը կրող՝ Պետրոս առաջինը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 117)։