Այծեմնիկ Ուրարտու
| Այծեմնիկ Ուրարտու Այծեմիկ Համազասպի Տեր–Խաչատրյան[1] | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 15 (27), 1899[1] |
| Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | դեկտեմբերի 17, 1974[1] (75 տարեկան) |
| Վախճանի վայրը | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան (1925)[1] |
| Ուսուցիչ | Ստեպան Էրզիա[1] |
| Ստեղծագործություն(ներ) | Կժով աղջիկը և Հովհաննես Թումանյանի կիսանդրի |
| Մասնագիտություն | քանդակագործ |
| Ամուսին | Գուրգեն Քոչարյան և Աշոտ Հովհաննիսյան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Այծեմնիկ Ուրարտու, (Այծեմնիկ Համազասպի Տեր-Խաչատրյան,սեպտեմբերի 15 (27), 1899[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 17, 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային քանդակագործ։ 1956 թվականից` ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1960 թվականից` ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։ Մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ կին քանդակագործն է[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1899 թվականին Կարսում մանկավարժի ընտանիքում։ Սովորել է Թիֆլիսում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Ստավրոպոլ, որտեղ մինչև ութերորդ դասարան սովորել է տեղի գիմնազիայում:1918 թվականից հաճախել է Ստավրոպոլի Լիշչենկոյի նկարչական ստուդիան։ 1921-1925 թվականներին սովորել է Բաքվի Պետական բարձրագույն գեղարվեստական դպրոցում՝ Ստեփան էրզիայի քանդակագործական արվեստանոցում, հետագա կրթությունը շարունակել է Մոսկվայում[2]։ Առաջին անգամ ցուցադրվել է 1926 թվականին Մոսկվայում՝ Ռուս քանդակագործների ընկերության (ՕՌՍ) ցուցահանդեսում («Անապաստանը», «Հանգիստ»)[3]։ Այդ գործերով, որոնք առաջին անգամ ստորագրել է Ուրարտու կեղծանունով, քանդակագործուհին իրեն դրսևորել է իբրև իրականությունը ռեալիստորեն ընկալող, մարդկային մարմնաձևերի պլաստիկությունը նրբորեն վերարտադրող արվեստագետ։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականին Ուրարտուն տեղափոխվել է Երևան, նպաստել Սովետական Հայաստանի մշակութային կյանքի և ազգային ռեալիստական քանդակագործության զարգացմանը։ 1920-ական թվականների 2-րդ կեսից և 1930-ական թվականների սկզբին Ուրարտուն աշխատել է մոնումենտալ պրոպագանդայի բնագավառում (Մ․ Շահումյանի արձանը, 1928թ., չի պահպանվել), միաժամանակ ստեղծել է ժամանակակիցների հաստոցային դիմաքանդակներ («Պատանին», մարմար, 1930, Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան, «Դիվիզիայի հրամանատար Աթոյան», 1933, գրանիտ, Ուրարտուի նախկին արվեստանոց)։ 1930-ական թվականներին կերտել է «Սասունցի Դավիթ»-ը (բրոնզ, 1935), «Անուշ» (մարմար, 1938, երկուսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում), «Ալմաստը» (բրոնզ, 1937, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Երևան)։ Դրանք, ինչպես և Ուրարտուի շատ այլ գործեր, քնարականության գծեր են ներմուծել հայ քանդակագործության մեջ։ 1939 թվականին Ուրարտուն ստեղծել է «Կժով աղջիկը» մոնումենտալ–դեկորատիվ քանդակը (բազալտ), որը տեղադրվել է Քանաքեռի խճուղու սկզբնամասում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծել է խորհրդային մարդկանց հայրենասիրության և հերոսության թեմաներով կոմպոզիցիոն գործեր (բոլորաքանդակներ և բարձրաքանդակներ), հատկապես՝ ժամանակակիցների դիմաքանդակներ («Նկարչուհի Ս. Ղարագյոզյան», մարմար, 1942, «Ջութակահար Ա․ Գաբրիելյան», երանգավորված գիպս, 1943, երկուսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահ)։ Հետպատերազմյան տարիներին մինչև 1960-ական թվականներն Ուրարտուն զարգացրել է դիմաքանդակի ժանրը, կերտել մտավորականների, գյուղի և արտադրության մարդկանց կերպարներ, որոնցից նշանակալից է իր ամուսնու՝ ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի դիմաքանդակը (բրոնզ, 1948, Հայաստանի պետական պատկերասրահ)։ Ստեղծել է նաև կոմպոզիցիոն բարձրաքանդակներ («Առատություն», երանգավորված գիպս, 1961)։ Վերջին աշխատանքներից է Մովսես Խորենացու արձանը (բրոնզ, 1962, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան)[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այծեմնիկ Ուրարտուն մտերիմ է եղել հայտնի բոլշևիկ, պատմաբան Աշոտ Գարեգինի Հովհաննիսյանի հետ, որը 1922-1927 թվականներին եղել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը, հետագայում` Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս։ 1937 թվականին` ստալինյան բռնաճնշման օրերին, Հովհաննիսյանին բանտարկել և աքսորել են։ 1943 թվականին Հովհաննիսյանին ազատել են բանտից, և մեկ տարի անց՝ 1944 թվականին, Այծեմնիկ Ուրարտուն և Հովհաննիսյանն ամուսնացել են[3]։
Այծեմնիկ Ուրարտուն երկար տարիներ տառապել է Ալցհայմերի հիվանդությամբ։ Մահացել է Երևանում 1974 թվականին[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանգիստ, 1926,
- Անապաստանը, 1926,
- Առաջ, 1927,
- Երգչուհի Վերա Դուխովսկայայի դիմապատկեր, 1927,
- Ավետիք Իսահակյանի պորտրետ, 1929,
- Դեռահասը, 1929-32,
- Անուշը 1934,մարմար
- Հովհաննես Թումանյան 1934-1938 թթ.հուշարձան
- Կժով աղջիկը 1939
- Մովսես Խորենացի 1934
- Նկարչուհի Ս. Կարագոզյան, 1934,
- Ստեփան Շահումյանի կիսանդրի , 1934,
- Մրգերով աղջիկը, 1931-34,
- Անուշ, 1938,
- Հովհաննես Թումանյանի արձանի կոմպոզիցիոն մակետ, 1938,
- Մսրա Մելիք և Սասունցի Դավիթ, 1938,
- Սասունցի Դավիթ, 1939,
- Մայոր Անտոնովի , 1941,
- Ջութակահար Ավետ Գաբրիելյան , 1942,
- Վիրաբույժ Ա. Քեչեկ, 1943,
- Բերքահավաք, 1945
- Մարտիրոս Սարյանի դիմապատկեր, 1947
- Աշոտ Հովհաննիսյանի դիմաքանդակ, 1948,
- Առատություն, 1961,
- Մովսես Խորենացու արձան, 1962
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անուշը
- Հովհաննես Թումանյանի կիսանդրին Դսեղում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1986. — հատոր 12. — էջ 275—276.
- 1 2 «Մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ քանդակագործուհին… Այծեմիկ Ուրարտու (լուսանկարներ)». www.panorama.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- 1 2 3 «Հայ կինը և 20-րդ դարը․ Այծեմնիկ Ուրարտու․ առցանց ցուցահանդես – Գյոթե կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Հայկական Սովետական Համրագիտարան, Երևան, 1986, հատոր 12, էջեր 275-276
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծեմնիկ Ուրարտու» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 275)։ |