Խոր Վիրապ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոր Վիրապ (այլ կիրառումներ)
| Խոր Վիրապ | |
|---|---|
Խոր Վիրապը | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Արարատի մարզ, Լուսառատ |
| Հասցե | 0,7 կմ հվ[1] |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
| Հոգևոր կարգավիճակ | Գործող |
| Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Կազմված է | Եկեղեցի Սբ. Աստվածածին, Եկեղեցի Սբ. Գևորգ, Բնակելի շինություններ, Տնտեսական շինություններ, Գերեզմանոց և Պարիսպ |
| Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
| Ճարտարապետ | Ներսես Գ Տայեցի |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Կառուցման սկիզբ | 642 թ. (օրիգինալը), 1662 թ. Սուրբ Աստվածածին եկեղեցին |
| Կառուցման ավարտ | 17-րդ դար |
| Հիմնադրված | 7-րդ դար |
![]() | |
![]() | |
| 39°52′42″N 44°34′34″E / 39.878333333333°N 44.576111111111°E | |
Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 3-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եվ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությամբ: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ նրան միայն Գրիգոր Լուսավորիչը կարող է բուժել։ Տրդատը հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը, Խոր Վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։
13-րդ դարից սկսած Խոր Վիրապը, բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան Արևելցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։
16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։
1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։
1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։
1970-1980-ական թվականներին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։
Արձանագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոր Վիրապի համայնապատկեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983։
- Կ. Մաթևոսյան, Խոր Վիրապի վանքը և նրա գրչական կենտրոնը, «Էջմիածին», 1997, 2-3։
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002։
- Ալիշան Ղևոնդ, Այրարատ, Վնտ., 1890, էջ 435-440
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոր Վիրապ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 84)։ |

