Jump to content

Ռինդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռինդ
Փառքի պուրակ Ռինդում
39°45′35″N 45°10′48″E / 39.75972°N 45.18000°E / 39.75972; 45.18000
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքԱրենի (համայնք)
ՀամայնքապետՀուսիկ Սահակյան[1]
Մակերես43․88 կմ²
ԲԾՄ1320 մետր
Կլիմայի տեսակբարեխառն-ցամաքային, չոր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1510 մարդ (2025)[2]
Ազգային կազմհայեր (100%)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+(374)281
Փոստային ինդեքս3613
Փոստային դասիչ3613
Պաշտոնական կայքrind.am
Ռինդ (Հայաստան)
Ռինդ (Հայաստան)
Ռինդ (Վայոց ձորի մարզ)
Ռինդ (Վայոց ձորի մարզ)

Ռինդ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[3]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[4]։

Անվանման ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում ռինդ (ռինտ, ըռինտ) բառն ունի գեղեցիկ, գրավիչ, հպարտության արժանի իմաստները[5][6]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինդը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի Արփայի հովիտը իջնող լեզվակաձև սարավանդի վրա՝ ծովի մակերևույթից 1320 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից գտնվում է 25 կմ դեպի արևմուտք։

Ներկայումս գյուղի վարչական տարածքը 4388.32 հեկտար է, տնտեսությունների թիվը՝ 432։ Մարզկենտրոնից հեռավորությունը 25 կմ է, մայրուղուց՝ 4 կմ։ Ռինդ գյուղը սահմանակից է Ելփին, Չիվա, Արենի, Աղավնաձոր, Հորս, Թառաթումբ գյուղերին։

Գյուղի տարածքն ընկած է Ելփին գետի ջրահավաք ավազանում։ Ամենամեծ ջրային օբյեկտը Եղեգնալիճն է, որի մակերեսը 2,12 հեկտար է, իսկ հայելու բացարձակ բարձրությունը՝ 1458 մետր։

Վարդենիսի լեռների հրաբխային ապարներում ներծծված ջրերն աղբյուրների տեսքով գյուղի տարածքում դուրս են գալիս լեռների ստորոտներում, որոնք էլ խողովակաշարերով հասնում են գյուղ ու օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով։

Ռինդ գյուղը հիմնադրվել է 13-րդ դարում։ Ենթադրվում է, որ Ռինդը պատմիչ Ստեփանոս Օրբելյանի 13-րդ դարում գրած «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունում հիշատակած Ըռեդի գյուղն է[7]։ 14-րդ դարից սկսած գյուղի բնակչությունը աստիճանաբար հեռացել է մոնղոլական արշավանքների, բնական աղետների, համաճարակի և ասպատակող հրոսակների հետևանքով։ Գյուղն ամբողջությամբ հայաթափվել ու դատարկվել է 17-րդ դարի առաջին տասնամյակում, երբ Սեֆյան Շահ Աբբաս Առաջինը Արևելյան Հայաստանից մոտ 300 հազար հայերի բռնի տեղահանեց Պարսկաստան[8]։ Տեղաբնիկ հայերի հեռանալուց հետո մինչև 19-րդ դարի վերաբնակեցումն այն չի ունեցել մշտական բնակչություն։

Ռինդ գյուղը վերաբնակեցվել է 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո։ Հին Ռինդ գյուղի առաջին վերաբնակիչը եղել է Շորգեցի Սիմոնը, որից հետո այնտեղ են հաստատվել Մելիք-Սաֆարի որդիներ Մելիք Բալին, Աղաբաբը և Գրիգորը, այնուհետև՝ Զարգար Թադևոսը և այլ ընտանիքներ։ Բնակչության մի մասի նախնիները 1828 թվականին գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից։ Մելիք-Սաֆարի տոհմի նախահայր Ստեփանը, ըստ ազգագրագետ Երվանդ Լալայանի, ապրել և հռչակվել է Բագրատունյանց մայրաքաղաք Անիում, ստացել մելիքական տիտղոս (սարդար) և զորապետության պաշտոն։ Մելիք-Սաֆարի եղբայր Մելիք-Թանգին հաստատվել է Սիսիանի Բռնակոթ գյուղում և հիմք դրել Մելիք-Թանգյանների տոհմին[9]։

19-րդ դարի կեսին շուշեցի կապալառու Սարգիս Թառումյանը փորձել է խաբեությամբ տիրել Ռինդ, Ապանա (Աղավնաձորից 4 կմ հս-արլ) և Էրթիջ գյուղերին՝ Ռինդին զրկելով Ուլգյուրից եկող ոռոգման ջրից։ 1849 թվականին Ռինդի բնակիչները դիմել են գավառապետին՝ հայտնելով, որ այդ ջուրը պատկանում է միայն իրենց և Թառումյանը որևէ իրավասություն չունի այդ հարցում[8]։

Գյուղի ներկայիս տարածքից 1 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Ջնդրախաջի սարահարթը նորագույն շրջանում հայտնի է որպես հայ-թուրքական բազմաթիվ կռիվների մարտադաշտ։ Նշանակալի է 1919 թվականի նոյեմբերի 29-ի մեծ կռիվը, որտեղ Աղավնաձորի ու Ռինդի դասակները և աշխարհազորը ջաղջախել և Ջնդրախաչի դիրքերից դուրս են շպրտել Խալին բեյի գլխավորությամբ Չիվայով դեպի Ռինդ և Աղավնաձոր արշավող Շարուրի թուրք հրոսակներին[10]։

1967 թվականին սողանքի պատճառով հին գյուղատեղին (Հին Ռինդը) ապաբնակեցվել է, բնակիչները տեղափոխվել են 3 կմ արևմուտք և «Թափ» հանդամասում հիմնել ներկայիս գյուղը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինդ գյուղի մշտական բնակչության թիվը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 1510 մարդ[11]։ Գյուղը հիմնադրման պահից բնակեցված է բացառապես հայերով[12], որոնց նախնիների մի մասը 1828 թվականին եկել է Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից[7]։ Ռինդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Շինություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում պահպանվել են XII-XIII դարի եկեղեցու մնացորդներ, մատուռներ, XIII-XIV դարի խաչքարեր։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, փոստ, բուժկետ[18]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղողի այգի Ռինդ գյուղում

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Բուսաբուծությունից զարգացած է հատկապես խաղողագործությունը և դեղձի արտադրությունը։

2009 թվականից Ռինդ գյուղի տարածքում գործում է «Զորահ» գինեգործական ընկերությունը։ 2012 թվականին այդ ընկերության արտադրած Zorah Karasi Areni Noir գինին Բլումբերգ հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի 10 լավագույն գինիներից մեկը[19]։

Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 17-ամյակի կապակցությամբ անցկացված «Տարվա լավագույն համայնք-2013» մրցանակաբաշխությունում Ռինդը ճանաչվել է լավագույն գյուղական համայնք[20]։

Գյուղի մշակույթի տանը գործում է պարի խմբակ։

2012 թ-ից յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին նշվում է գյուղի հիմնադրման օրը[21]։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հյուսիս-արևելյան հատվածում է գտնվում հին հայկական Ուլգյուր բնակատեղին, որտեղ ծնվել է մանրանկարիչ, ճարտարապետ Մոմիկը։ Վերին Ուլգյուրում պահպանվել են 12-14-րդ դարերի խաչքարեր, գերեզմաններ և Սուրբ Ստեփանոս եկեղեցու հիմնապատերը[22]։

Բնակավայրից 1 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Ջնդրաղաչի պրիզմայաձև հարթակը, որը պաշտվել է որպես սրբատեղի։ Այս բարձունքում զուգորդվում են քրիստոնեական և նախաքրիստոնեական հուշարձանները։ Ջնդրաղաչ սրբավայրում կան երկու մենհիրներ, իսկ հարթակի դեր է կատարում միջնադարյան տապանաքարը[23]։ 2006 թվականին ՀՀ կառավարության N1905 որոշմամբ սրբավայրի մատուռի անունը հաստատվել է որպես «Ջնդրախաչ»[24]։

Ռինդի վիմափոր եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռինդի վիմափոր եկեղեցու արտաքին տեսքը

Գյուղի պատմամշակութային կարևորագույն վայրերից են նաև վիմափոր կառույցները։ Բացի Ուլգյուրում գտնվող «Ճգնավորի մատուռ» անունով հայտնի վիմափոր եկեղեցուց, գյուղից 4 կմ հյուսիս, Քարկատարի լեռների ժայռազանգվածի վրա գտնվում է մեկ այլ՝ Ռինդի վիմափոր եկեղեցին, որը ենթադրաբար կառուցվել է վաղ միջնադարում։ Այն ժայռափոր, կլոր հատակագծով (մոտ 8 մ տրամագծով) կրոնական կառույց է, որի շուրջը պահպանվել են փորված սրահներ և խաչքարեր։

Սուրբ Մարիամ Աստվածածին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու արտաքին տեսքը

Գյուղում 2021 թվականին կառուցվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին[25]։ Եկեղեցու ճարտապետը Սամվել Աղաջանյանն է։ Օծման կարգը կատարել է Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ին։

Գյուղի կենտրոնում է գտնվում փառքի պուրակը, որտեղ կանգնեցված է Հայրենական մեծ պատերազմի անհայտ զինվորի հուշարձանը, Արցախյան ազատամարտի և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարերը[26]։ Եկեղեցու հարևանությամբ է գտնվում աղբյուր-հուշարձան։

Հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնապատկեր Ռինդից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արենի համայնքի ղեկավար և ավագանի
  2. 1 2 Հայաստանի վիճակագրական կոմիտե
  3. Տեղեկություններ Արենի համայնքի մասին Վայոց Ձորի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 22․11․2023 թվական)։
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  5. «Հայրենիք ամսագիր» (PDF). Հայրենիք: 44. 1935.
  6. «Հայերէն բացատրական բառարան, Ստեփան Մալխասեանց - ռինտ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 28-ին.
  7. 1 2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 445
  8. 1 2 Եսայան, Ֆրունզե Շաբոյի (2001). Աղավնաձորի պատմությունը. Երևան: Պարույր Սևակ.
  9. Առաքելյան, Հենզել (2017). Բռնակոթ. ՎՄՎ-ՊՐԻՆՏ. էջեր 43–46.
  10. Աշոտ Սիմոնյան, Վայոց ձոր։ 20-րդ դարի քառուղիներում (1914-1921), Երևան, 2011թ, 728 էջ։ ISBN 978-9939-9015-4-1.
  11. «Վայոց ձորի մարզը թվերով, 2018» (PDF).
  12. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  13. 1 2 3 4 5 Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 4. — էջ 445. — 4696 p.
  14. 1 2 3 4 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  15. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  16. https://www.armstat.am/file/article/marzer_2018_34.pdf
  17. https://armstat.am/file/Map/MARZ_10.pdf
  18. «Ռինդ համայնքի մասին տեղեկություն Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքից». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  19. Top 10 Wines of 2012
  20. Էջմիածինն ու Ռինդը` Տարվա լավագույն համայնքներ - 2013
  21. Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ համայնք, 2014
  22. «Վայոց ձոր, Ուլգյուր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  23. «Մեծամոր. Կեսդարյա պեղումների տարեգրություն։ ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ» (PDF). 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  24. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 21 դեկտեմբերի 2006 թվականի N 1905-Ն».
  25. Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղը 2016թ.-ին եկեղեցի կունենա(չաշխատող հղում)
  26. «Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարի օրհնություն Ռինդ համայնքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  27. «Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-07-07-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռինդ» հոդվածին։