Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Արենի համայնք | ||
Համայնքապետ | Հուսիկ Սահակյան[1] | ||
Այլ անվանումներ | Ըղնաձոր, Այնազուր | ||
ԲԾՄ | 1610 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1890 մարդ (2011)[2] | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Աղավնաձոր, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[3], մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևմուտք։
Աղավնաձոր է վերանվանվել 1946 թ.-ին։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի վարչական տարածքը 4682 հեկտար է՝ 466 հեկտար վարելահողեր են, 1071 հեկտար արոտավայր, 379,4 հեկտար այգիներ։ Գյուղի հյուսիսային մասում իր գեղեցկությամբ աչքի է ընկնում Թեքսարի լեռնաճյուղերից Ուլգյուր գագաթը, որը ծովի մակարդակից ունի 2690 մ բարձրություն։ Գյուղն ունի հաճելի համայնապատկեր։ Բարձրությունը ծովի մակարդակից 1450-1600 մ է, իսկ կենտրոնական մասում ունի 1530 մ բարձրություն։ Աղավնաձորի սարահանդն ունի հնագույն հրաբխային կառուցվածք և կտրտված է բազմաթիվ փոքրիկ գետակներով ու ձորակներով։
Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշունը երկարատև է և տաք, որը ստեղծում է բարենպաստ պայմաններ մրգերի հասունացման համար։ Հատկապես «Արենի» տեսակի խաղողն է լավ հարմարվել տեղանքին։
Կլիմայի հետևանքով ձևավորվել է յուրօրինակ բուսական և կենդանական աշխարհ, հատկապես աչքի է ընկնում դեղաբույսերով՝ ուղտափուշ, ուրց, գազ, մասուր, հազարատերևուկ, ղանթափա, երիցուկ և այլն։
Կենդանական աշխարհը հարուստ է թռչուններով՝ կաքավ, լոր, արծիվ, սողուններով՝ թունավոր օձեր` գյուրզա, իժ, ինչպես նաև գիշատիչներով` աղվես, գայլ, շնագայլ, արջ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման արտահայտված է մերձարևադարձային չոր կլիմային բնորոշ բնութագրով, այն է՝ չոր և շոգ ամառներով և խոնավ, չափավոր ցուրտ ձմեռներով։ Տեղումների քանակը տատանվում է 350-400 մմ։ Առավելագույն տեղումներ դիտվում է գարնանը՝ մայիս ամսին, որը խթանում է լեռնալանջերի ձյան հալոցքին և առաջացնում է սելավներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարում Աղավնաձորի տարածքում, Դվին–Պարտավ առևտրական ճանապարհի վրա, եղել է քարավանատուն։
Գյուղի հիմնադրումը վերագրվում է XIII-րդ դարի սկզբներին։ Աղավնաձորը կոչվել է նաև Աղնաձոր, Այնազուր։ Հին գյուղը գտնվելիս է եղել այժմյան գյուղի կենտրոնական հատվածում։ Երկրորդ բնակեցումը եղել է 1828 թվականին։ Բնակչությունը ներգաղթել է ռուս-պարսկական պատերազմի տարիներին հիմնականում Խոյից, Սալմաստից, Վանից, Մակուից, Սասունից, Նախիջևանից։
Աղավնաձոր գյուղի շրջակայքում եղել են բնակավայրեր, դրանք են՝ Ապանան, որը գտնվում է գյուղից մոտ 4 կմ հյուսիս–արևելք, Բաղչաջղը՝ գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք, Ղզլաղլը, Միրաշը։ Այդ տարածքներում գտնվել են կահ-կարասիներ, խաչքարեր փոքրիկ քանակով, գտնվել են նաև կարասային թաղումների շրջանի մնացորդներ (մ.թ.ա. II)։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից և Սալմաստից։
Աղավնաձորի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 851 | 1331 | 1775 | 1485 | 1800 | 1782[5] | 1948 | 1890[6] |
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է, հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, դաշտավարությամբ և անասնաբուծությամբ։
Արևային օրերեը՝ արևափայլը, մինչև 340-350 օր է կազմում, որով էլ պայմանավորված է արտադրված գյուղատնտեսական ապրանքների՝ պտղատեսակների և բանջարեղենի, բարձր որակը։ Խորհրդային տարիներին գյուղում եղել է կաթնապրանքային ֆերմա, նաև ոչխարաբուծական ֆերմաներ, ներկայումս էլ խնամվում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Գյուղում գոյություն ունեն մի քանի ֆերմերային տնտեսություններ, որոնք զբաղվում են անասնապահությամբ և խաղողագործությամբ, ինչպես նաև՝ մեղվաբուծությամբ։
Արտադրվում է գինի, օղի, չիր, պանիր, բուրդ, միս, մեղր և այլն։
Գյուղում գործում է խաղողի վերամշակման երկու ձեռնարկություն, արտադրում և արտահանում է «Լուսարև», «Գեդեոն», «Հարսնասար» տեսակի որակյալ գինիներ։
Գյուղում կա նաև երկաթի վերամշակման գործարան՝ «ՄԻԼ-ՆԱՐ» ՍՊԸ, որն էլ նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղից մոտ 4 կմ դեպի հյուսիս գտնվում է Ժամիդուզ կամ Ուլգյուր գյուղատեղը, որտեղ մինչև այժմ կանգուն են մնացել Աստվածածին եկեղեցու պատերը (վերանորոգվել է 2004 թվական), որի շրջապատում կա գերեզմանոց, կանգուն խաչքարեր, որոնք մահարձաններ են։ Նրանցից մեկը պատկանում է Սարգիս Երեցին։ Գյուղատեղում կա երկու գերեզմանոց, որոնցից փոքրը պատկանում է X-XIV, իսկ մեծը՝ XV-XVIII դարերին։
Ուլգյուր գյուղում է ծնվել միջնադարի մեծ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ Մոմիկը, որի ձեռքի գործն է Նորավանք վանական համալիրը, շատ այլ վանքեր ու մատուռներ, այդ թվում՝ Ուլգյուր լեռան ստորոտում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Գյուղատեղի գերեզմանատանը պահպանվում է Մոմիկի որդու՝ Ասկանդրի խաչքարը։ Իսկ Աստվածածին եկեղեցու բակում գտնվել է Մոմիկի մոր և քրոջ գերեզմանները։ Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Մարիամ եկեղեցին, իսկ շրջակայքում բազմաթիվ խաչքարեր և մատուռներ։
Աղավնաձորից 4 կմ հյուսիս գտնվում է “Ներքին Ուլնոց” գյուղատեղի (XIII-XIV դարեր), “Վանքի ձոր” հնավայրը Սբ. Աստվածածին եկեղեցիով (X-XI դարեր) և 1009 թ.-ի մահարձանով, 1 կմ արևելք՝ “Աղջկաբերդ”-ը (XIII դար), XI-XIV դարեր խաչքարեր, իսկ 4 կմ հյուսիս-արևմուտք՝ XIII-XIV դարերի իջևանատուն։
Գյուղում գործում է մեկ միջնակարգ դպրոց՝ երկու մասնաշենքով, մանկապարտեզ, արվեստի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, կապի հանգույց։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արենի համայնքի ղեկավար և ավագանի
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 11»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 4
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 547
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 247)։ ![]() |
|