Ազատեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատեկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ազատեկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներԱզադեկ, Ազադակ, Ազատակ
Մակերես65,96 կմ²
ԲԾՄ1625 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն603[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ազատեկ (Հայաստան)##
Ազատեկ (Հայաստան)
Ազատեկ (Վայոց ձորի մարզ)##
Ազատեկ (Վայոց ձորի մարզ)

Ազատեկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում, Արփա գետի ձախ կողմում[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը շրջապատված է վեհ ու հիասքանչ լեռնաշղթաներով, որոնք հարուստ են ֆլորայով և ֆաունայով։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1625 մետր բարձրության վրա։ Ազատեկը գտնվում է մարզկենտրոնից 24 կմ հարավ-արևելք, իսկ Վայք քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Ճանապարհորդների շրջանում հետաքրքրություն է առաջացրել Վայք–Ազատեկ ոլորապտույտ բարեկարգ ճանապարհը։ Գյուղը սահմանակից է Վայքի քաղաքային համայնքին, որի ներկայիս տարածքը նախկինում պատկանել է Ազատեկ գյուղին։ Սահմանակից է նաև Փոռ, Մարտիրոս, Զառիթափ, Խնձորուտ, Գնիշիկ, Ագարակաձոր և Զեդեա գյուղական համայնքներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր յուրահատուկ և բարդ կառուցվածքով պատմամշակութային արժեք է ներկայացնում գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրը, որի շուրջն էլ 1828 թվականին Խոյից և Սալմաստից գաղթած հայերը հիմնել են գյուղը։

Հնագիտական հետազոտությունները ենթադրել են տալիս, որ Ազատեկը հին Ազատ գյուղն է։

Գյուղը նախկինում Ազադեկ անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ազատեկի մշտական բնակչությունը կազմել է 603, առկա բնակչությունը՝ 525 մարդ[1]։ 1831 թվականից ի վեր բնակեցված է հայերով[4], որոնց նախնիները 1828-1829 թթ.-ին ներգաղթել են Սալմաստից[5]։

Ազատեկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1831 1873 1897 1926 1959 1989 2001 2011
Բնակիչ 166 559[4] 751[4] 660[4] 638 576[7] 600 603[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգաբնակչությունը հիմնական զբաղվում է հողագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Նախկինում գյուղում զբաղվել են նաև մետաքսագործությամբ։

Ազատեկն ունի 6596.38 հեկտար տարածք, որից վարելահող՝ 831.37 հեկտար, այգիներ՝ 29.88 հեկտար, խոտհարք՝ 61.90 հեկտար, արոտ՝ 2578.43 հեկտար, այլ հողատեսքեր՝ 3094.80 հեկտար։

Գյուղը գազաֆիկացված է և ամբողջովին հեռախոսաֆիկացված։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում պահպանված մշակութային արժեքների մնացորդները վերաբերվում են ճիշտ այդ ժամանակաշրջանին։ Գյուղամիջի սուրբ Ստեփանոս եկեղեցու մուտքի ճակատաքարի արձանագրությունից երևում է, որ եկեղեցին կառուցվել է Ազատեկի գյուղական հասարակության կողմից, Հակոբ Դ կաթողիկոսի ժամանակ, 17-րդ դարի 2-րդ կեսին և վերակառուցվել է Սալմաստից գաղթած հայերի կողմից 19-րդ դարի 30-ական թվականներին, լրացնելով քանդված ծածկը և պատերի վերին մասերը։ Եկեղեցու պատերի և մույթերի մեջ օգտագործված են հին տապանաքարեր և խաչքարեր՝ արձանագրության մնացորդներով, որոնք բնորոշ են XIII-XIV դարերին։

Ըստ Ամաղու-Նորավանքի մի արձանագրության տեղեկությունների՝ Սմբատ Օրբելյանն Ազատ գյուղն իր սահմաններով, շրջակա լեռներով ու դաշտերով նվիրել է Նորավանքին։ Գյուղի արևմտյան եզրին տարածվում է հին գերեզմանոցը։ Գերեզմանաքարերը գլխավորապես սալաքարերից են, մեծ մասամբ թաղված գետնի մեջ։ Գերեզմանոցում կան երեք խաչքարեր, որոնք դրված են բնական ժայռաբեկորի վրա։ Դրանց վրա քանդակված են երկու խաչեր՝ բնորոշ XIII-XIV դարերին, իսկ արված արձանագրություններն այժմ հողմնահարված են և անընթեռնելի։

Գյուղից երկու կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, ձորաբերանին գտնվում է Սուրբ Հակոբ ուխտատեղին, որի ներսում կա մի գերեզման։ Համաձայն գերեզմանի տապանագրության՝ այն պատկանում է ոմն Հակոբի և թվագրված է 1607 թվականին։ Ենթադրվում է, որ այդ պատճառով էլ նրա վրա կառուցված մատուռ-ուխտատեղին կոչվում է Սուրբ Հակոբ։ Այս մատուռից մի քանի քայլ դեպի հարավ-արևելք, սարալանջին կան երեք գերեզմաններ և հարակից մի փոքր քանդակազարդ խաչքար, որն ըստ տվյալների՝ կանգնեցրել են Գրիգորը և իր կինն իրենց որդու՝ Հունան քահանայի գերեզմանի վրա 1222 թվականին։

Գյուղից դեպի հարավ-արևելք գտնվում է Սուրբ Վառվառա բերդ-ամրոցը, որը թվագրվում է Ք.ա. առաջին հազարամյակին։ Ամրոցն ունեցել է մեծապես պաշտպանական նշանակություն։

Ազատեկ գյուղի տարածքում կան շատ մատուռներ, իրենց XIII-XIV դարերին բնորոշ խաչքարերով, որոնցից պատմամշակութային արժեք են ներկայացնում Սուրբ Գևորգ և Սուրբ Շողակաթ մատուռները։ Նշված մատուռները տեղի բնակչության շրջանում հայտնի են հիվանդություններ բուժելու հատկություններով։

Գյուղում պահպանվել են «Սմբատաբերդ» հին բերդի ավերակները, Սբ. Հակոբ եկեղեցին (գյուղից 2 կմ արևմուտք, 1623 թ.), սբ. Գևորգ (3 կմ հյուսիս-արևելք, X դար), սբ. Վառվառա (1,5 կմ հարավ), Սբ. Հովհաննես (2 կմ արևմուտք, XIX դ.), «Բառոժի» (3 կմ հյուսիս-արևմուտք), Շողակաթ (գյուղի արևելյան մասում, XIX դար) մատուռները, 13-14 դարերի խաչքարեր և Սբ. Ենոք սրբատեղին (X դար)[6]։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, վարչական շենք, բուժկետ, կենցաղ սպասարկման օբյեկտներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 37
  4. 4,0 4,1 4,2 4,3 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 41
  6. 6,0 6,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 8» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 26-ին.
  7. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 541

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 127, available online at the website of the Internet Archive: