Աղնջաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղնջաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Աղնջաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Համայնքի ղեկավարԱրթուր Ստեփանյան
Այլ անվանումներՏրունք, Դեզպանարտ
ԲԾՄ1610 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն412 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աղնջաձոր (Հայաստան)##
Աղնջաձոր (Հայաստան)
Աղնջաձոր (Վայոց ձորի մարզ)##
Աղնջաձոր (Վայոց ձորի մարզ)

Աղնջաձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 23 կմ հյուսիս։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 17-18 կմ հյուսիս-արևմուտք, Երևանից ունի 140 կմ հեռավորություն։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղնջաձոր գյուղը գտնվում է Եղեգնաձոր քաղաքից ուղիղ գծով 17,2 կմ հյուսիս- արևմուտք։ Ծովի մակերևույթից բարձր է 1630-1675 մետր։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պատմական անունը մոռացության է մատնվել։ Ավանդաբար վկայվել է, որ հնում կոչվել է Դրունք (Տրունք) և Դեզպանարտ։ XIX դարի վավերագրերում հանդիպում է եկվոր թյուրքական ցեղերից ժառանգված օտարոտի՝ Աղքենդ կամ Ենգիջա անվանումով։ Այնուհետև կոչվել է Լեռնանցք, իսկ 1968 թվակական վերանվանվել՝ Աղնջաձոր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չափավոր տաք է և չոր, շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Տարեկան տեղումների քանակը 400-450 մմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիշատակվում է նաև XIII-XIV դարերում։ Նախկինում գյուղն ունեցել է Ենգիչա, Դրունք, Աղքյանդ, Լեռնանցք անվանումները, պայմանավորված իր տեղադիրքով, գտնվում է Սուլեմայի լեռնանցքից հարավ։ Գյուղը վերանվանվել է Աղնջաձոր 1968 թվականին։ Սա պատմականորեն եղել է Օրբելյանների կալվածքը և այս ժամանակահատվածը դիտվում է որպես Վայոց ձորի ամենածաղկուն շրջանը։

Տնտեսական կյանքի, առևտրի զարգացման համար մեծ նշանակություն ուներ ճանապարհաշինությունը, քանի որ երկրի տերերը մեծ շահ ունեին անց ու դարձ անող քարավաններից. բացի մաքսավարձից, նրանք օգտվում էին նաև առևտրից։ Այս տարածքով էին անցնում Դավրեժ-Պարտավ տարանցիկ ճանապարհը։ Ճանապարհի ապահովության, ուղևորների համար բարեկարգ օթևաններ, անասունների համար կեր, գոմեր և այլ հարմարություններ ստեղծելու հարցով մտահոգվում էին կալվածատեր իշխանները։ 1332 թվականին Լիպարիտ Օրբելյանի որդին՝ Չեսար իշխանը կառուցել է Սուլեմայի (Սելիմի) քարավանատունը, որը գտնվում է համանուն լեռնանցքի ամենաբարձր հատվածի վրա։ Այն բաղկացած է սրբատաշ քարերով կառուցված երեք թաղակապ սենյակներից։

Ժողովրդի մեջ էլ տարածված է մեկ այլ ավանդություն, թե իբր Սմբատ Օրբելյանի որդին ձնաբքերի ժամանակ կորել է այդ լեռներում և նա, ի հիշատակ որդու, կառուցել է տվել քարավանատունը այլ ճամփորդների համար, այսինքն ձնաբքերի ժամանակ նրանք կհանգրվանեն այստեղ այնքան ժամանակ, մինչև եղանակը կլավանա և կշարունակեն ճանապարհը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում պահպանված նյութական մշակույթի հուշարձանները վկայում են, որ բնակավայրը ծաղկուն և մարդաշատ է եղել զարգացած միջնադարում, մասնավորապես՝ Օրբելյան իշխանների տիրապետության ժամանակաշրջանում։ Հայաթափ է եղել Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի հետևանքով։ Բնակչությունը ներգաղթել է ռուս-պարսկական պատերազմի տարիներին՝ 1829 թ.-ին, Խոյ, Սալմաստ գավառներից։ 1925-1927 թվականներին գյուղում հաստատվել են հարևան Քարագլուխ և Թառաթումբ գյուղերից փոխադրված հայերը։ Սեռային կազմում կանայք կազմում են 225, իսկ տղամարդիկ՝ 246։ Երեխաները` 0-15 տարեկան կազմում են 100, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 282, իսկ հետաշխատունակները՝ 89 մարդ։

Աղնջաձորի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 670 300 621 577 502 478 384 449 412[4]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 137 տնտեսություն։

Գյուղի մասնագիտացման ճյուղը անասնապահությունն է, զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասունների բուծմամբ։ Գյուղատնտեսական հողահանդակներից 167 հա խոտհարքերն են։ Արոտավայրերը կազմում են 894 հա։ Զբաղվում են նաև դաշտավարությամբ, պտղաբուծությամբ և մեղվաբուծությամբ։ Մշակում են հացահատիկ, կերային բույսեր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտ է կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուլեմայի բերդը, Աղնջաձորի քարավանատունը՝ կառուցված 1332 թ.-ին։

Աղնջաձորից 4 կմ հյուսիսում է գտնվում “Կապույտ” բերդի ավերակները, խաչքարեր (IX-XIV դարեր) և կամուրջներ (XIII-XV դարեր, XVIII-XIX դարեր)։

Աղնջաձորում և նրա մերձակայքում առկա են երկու իջևանատուն, գյուղատեղի, խաչքարերով գերեզմանոց, եկեղեցատեղի։

Եկեղեցատեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19-րդ դարերում գյուղում հաստատված մուսուլմանները, նախքան հեռանալը, հասցրել էին իսպառ անհետացնել երբեմնի եկեղեցին, և այժմ տեղացիները եկեղեցատեղին մատնանշում են ոչ թե տեղում պահպանված նյութական մշակույթի մնացորդների, այլ պարզապես ըստ ավանդված վկայությունների։ Այնտեղ, որտեղ տեղորոշվում է երբեմնի եկեղեցին, ներկայումս պահպանվել են միայն մի քանի տեղահան և կոտրատված խաչքարեր։

Խաչքարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է գյուղի կենտրոնից ուղիղ գծով 1,2 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղում հազիվ նշմարվող տնատեղերից զատ պահպանվել են միջնադարյան գերեզմանոցի մնացորդները՝ XIII-XVI դարերի. կանգուն կամ տեղահան, նաև բեկորված մի քանի խաչքարերով։Այդ իսկ պատճառով տեղանքը անվանվել է Խաչքարեր։

Իջևանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Աղնջաձորից 2,2 կմ հյուսիս։ Ունի միանավ հորինվածք, որի կիսաշրջանաձև թաղը ներքուստ պահում են 6 զույգ որմնասյուների վրա հենված թաղակիր կամարները։ Միակ մուտքը բացված է դեպի հարավ-արևմուտք նայող վաղուց ի վեր փլուզված ճակատից։ Ամբողջովին կառուցված է սրբատաշ բազալտ քարով։ Արտաքին չափերն են 23,3 × 10,6 մետր։ Աղոտ լուսավորությունն ապահովել են զույգ երդիկները։ Որմերի պահպանված հատվածները վիմագրեր չեն պարունակում, սակայն շինարարական առանձնահատկությունները հուշում են, որ իջևանատունը կառուցվել է XIII դարի վերջին XIV դարի սկզբին։

Խաչքարերով գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջևանատնից ընդամենը 140 մետր հարավ-արևելք հարավարևմտահայաց բլրակողին տարածված միջնադարյան գերեզմանոցում առկա են շուրջ մեկ տասնյակի հասնող գեղաքանդակ, սակայն անարձանագիր խաչքարեր, որոնց ոճական և գեղարվեստական առանձնահատկությունները բնորոշ են XII-XIV դարերին։

Կապույտ բերդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս անվամբ հայտնի ժայռազանգվածի վրա, որը գտնվում է գյուղից 3 կմ հյուսիս, համաձայն գյուղաբնակների վկայության, 1960-70-ական թվականներին նշմարվել են պարսպապատերի հիմնահատվածներ, որոնք անցած տասնամյակների ընթացքում շարունակաբար քայքայվելով, իսպառ անհետացել են։

Օրբելյանների իջևանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Աղնջաձորից ուղիղ գծով 5,4 կմ հյուսիս՝ Վարդենյաց լեռնանցքի հարավային կողմում՝ նրանից 380 մ հեռու և գրեթե 70 մ ցած։ Բաղկացած է միմյանց կից երկու կառույցներից, որոնցից ավելի ընդարձակն ունի եռանավ բազիլիկ հորինվածք։ Վերջինիս երկլանջ ծածկի ներքո առնված տանիքը ներքուստ պահում են 7 զույգ սյուներին հանգչող թաղակիր կամարները։ Միակ մուտքը բացված է արևելյան ճակատից՝ նույն կողմից կցված միանավ սրահի մեջ, որի հարավային որմում էլ գտնվում է իջևանատան գլխավոր մուտքը՝ արաբերեն շինարարական արձանագրությամբ բարավորով հանդերձ։ Լուսամուտներ չկան, դրանց փոխարեն առկա են այդ խնդիրը կարգավորող 11 երդիկներ։ Վերջիններիցս 3-ը բացված են կենտրոնական, իսկ 4-ական՝ եզրային նավերի թաղերի մեջ, ընդ որում, առաջիններն ունեն ութանիստ բացվածք և հարդարված են ստալակտիտներով, իսկ երկրորդները պարզ քառանկյուն բացվածքներով են և չեն կրում հարդարանքի որևէ տարր։ Սրահի արևմտյան ծայրում առկա են ընդհանուր մակերեսից խուլ որմերով զատված երկու միանման սենյակներ։ Չափերով շատ ավելի սահմանափակ նախասրահի ծածկը ևս երկլանջ է, որը կենտրոնական մասում նույնպես մի երդիկ ունի։ Նախասրահի ներսում՝ արևելյան որմի՝ դեպի թաղ ձգվող կորության երկու շարք քարերի վրա, առկա է հայերեն շինարարական 12 տողանի արձանագրությունը, որը վկայում է իջևանատան 1332 թվականը, Օրբելյան իշխանների նախաձեռնությամբ և ջանքերով կառուցված լինելու մասին։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 4-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղնջաձոր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 129