Ալբանիայի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ալբանիայի մշակույթ՝ տարիների ընթացքում Ալբանիան եղել է տարբեր տիրակալների, սոցիալական համակարգերի ազդեցության ներքո, ինչն իր ազդեցությունն է թողել ալբանական մշակույթի վրա, սակայն ալբանացիները կարողացել են պահպանել իրենց մշակութային ինքնությունը։ Ալբանիայի մշակույթը մարդկային գործունեության և սիմվոլիզմի օրինակ է, որն ասոցացվում է Ալբանիայի և նրա ժողովրդի հետ։ Այն ձևավորվել է նրա աշխարհագրությամբ և խորիմաստ պատմությամբ։

Kole Idromeno, Dasma Shkodrane.jpg
Ceremonia e Marrjes se Nuses - Valbonë.JPG

Հնուց ի վեր Ալբանիայում տարածված են եղել արհեստները, որոնցից ամենահատկանշականն արծաթի գեղարվեստական մշակումն է։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Երկրում պահպանվել են թուրքական խոհանոցի սովորույթները, մսից պատրաստված ճաշատեսակներ՝ կծու սոուսով։ Ընդունված է արևելյան սուրճը։ Պահպանվում է ազգային տարազը, որի հիմնական գույներն են սպիտակը, սևն ու կարմիրը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի կրթական համակարգը աշխարհիկ է։ Չափահաս մարդկանց գրագիտության տոկոսը 96% է[1]: Տարրական կրթությունը պարտադիր է (1-9-րդ դասարաններ), բայց շատ սովորողներ շարունակում են դասընթացը մինչև միջնակարգ կրթություն (10-12-րդ դասարաններ)։ Սովորողները պետք է քննություն հանձնեն 9-րդ և 12-րդ դասարաններում։ Դասերն սկսվում են սեպտեմբերին և ավարտվում մայիսի կամ հունիսի վերջին։ Կան հանրային կամ մասնավոր համալսարաններ ամբողջ երկրով մեկ և առցանց համալսարաններ՝ նույնպես(WORLDWIDE)` տարբեր մասնաճյուղերով։

Մամուլ, ռադիո, հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Ալբանիայում հրատարակվում էր ավելի քան 50 կենտրոնական թերթ, հանդես։ Կարևորագույն թերթերն են՝ «Զերի ի պոպուլիտ» («Zëri i popullit», 1942 թվականից)՝ Ալբանիայի աշխատանքի կուսակցության Կենտկոմի օրգանը,. «Բաշկիմի» («Bashkimi», 1943 թվականից)՝ դեմոկրատական ճակատի օրգանը, «Պունա» («Puna», 1945- թվականից)՝ Ալբանիայի արհմիությունների կենտրոնական խորհրդի օրգանը, «Զերի ի ռինիսե» («Zëri i rinisë», 1952 թվականից)՝ Ալբանիայի Աշխատավոր երիտասարդության միության օրգանը։ Հանդեսներից են՝ «Ռուգա է պարտիսե» («Rruga e partisë», 1954 թվականից)՝ ԱԱԿ Կենտկոմի օրգանը, «Շկիպտարյա Է ռե» («Shqiptarja e re», 1943 թվականից)՝ Ալբանացի կանանց միության օրգանը, «Հոստենի» («Hosteni», 1945 թվականից)՝ Ալբանիայի Լրագրողների միության օրգանը, «Նենդորի» («Nendori», 1954 թվականից)՝ Ալբանիայի Գրողների և արվեստի աշխատողների միության օրգանը։ Ալբանական հեռագրական գործակալությունը հիմնադրվել է 1944 թվականին։ Գործում է «Ալբանիայի ռադիոհաղորդումներ և հեռուստատեսություն» պետական կազմակերպությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբաներեն առաջին գրավոր հուշարձանը Պ. Էնգելիի «Մկրտության բանաձև»-ն է (1462)։ 1555 թվականին հրատարակվել է ալբաներեն առաջին գիրքը (Գ. Բուզուկու, «Մեշարի»)։

Ալբանիայի նոր գրականության հիմնադիրներից է Ֆրաշերին («Սկանդերբեգի պատմությունը», 1898)։ Թուրքերի դեմ հայրենասիրական գաղափարների քարոզներով հանդես են եկել բանագետ Տ. Միտկոն, հրապարակախոս Ս. Ֆրաշերին, ռեալիստ բանաստեղծներ Ա. Չայուպին, Ն. Միեդան, արձակագիր Մ. Գրամենոն։ 1930–ական թթ. Ալբանիայի գրականության մեջ մուտք են գործել սոցիալական մոտիվները։ Երկրի ազատագրումից հետո Ալբանիայի գրականության հիմնական թեման շարունակել է մնալ ժողովրդական պատերազմը իտալա–գերմանական ֆաշիստների դեմ (Ֆ. Գյաթա, «Երգ պարտիզան Բենկոյի մասին», 1950, Դ. Շուտերիչի, «Ազատարարները», 1952–1955)։ 1950–1960-ական թթ. վերջերին ստեղծվում են Ալբանիայի պատմության տարբեր դեպքեր նկարագրող գրքեր (Վ. Կոկոնայի «Կյանքի ալիքներում», 1961, Չու. Զոձայի «Մեռյալ գետը», 1965 վեպերը և այլն)։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի ճարտարապետական հնագույն հուշարձանները վերաբերում են մ.թ.ա. 1 հազարամյակին (խոշոր անմշակ քարերով շարված իլլիրիական ամրություններ)։ Անտիկ շրջանից (սկսած մ.թ.ա. 7-րդ դարից) պահպանվել են պաշտպանական կառույցների, հասարակական և բնակելի տների հետքեր՝ հունական գաղութների (Բուտրինտ, Դուրես) և հռոմեական քաղաքների (էլբասան) տեղում։ Իսլամի տարածմանը զուգընթաց (15–17-րդ դդ.) Ալբանիայի քաղաքներում երևան են գալիս պալատներ, ծածկած շուկաներ, մզկիթներ։ Մինչև 20-րդ դարի կեսերը Ալբանիայի քաղաքներում գերակշռում էին երկհարկանի քարե տները՝ կղմինդրե ծածկով։ ժամանակակից կառույցները 3–5 հարկանի տներ են պատշգամբներով Ալբանիայի ճարտարապետությունը ամենակարևոր վկայությունն է նրա պատմության, մշակույթի և ինքնության։ Այն վաղնջական ծագում ունի և հարստացել է հնագիտական պեղումների շնորհիվ։ Այն պահել է բնական հատկությունները և հարստացել է Հռոմի, Հին Հունաստանի, Բյուզանդիայի, Վենետիկի, Օսմանյան և Արևմտյան տարրերով։ Նոր ժամանակներում ալբանական ճարտարապետությունը ծաղկում է երկուստեք՝ երկրում և արտասահմանում։ Վերջին տարիներին նույնպես նկատվում է մի քանի ընկերությունների ի հայտ գալը, որոնք համագործակցում են թե' Ալբանիայի հետ, թե' միջազգայնորեն։

Կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի տարածքում պահպանվել են բրոնզի դարի գեղարվեստական մշակույթի նմուշներ, անտիկ քանդակներ, խճանկարներ, խեցեղեն։ Միջնադարյան գեղանկարչության բարձրարվեստ գործերից են՝ Օնուֆրի Նեոկաստրացու, նրա որդի Նիկոլայի (16-րդ դար), Դավիթ Սելենիցացու (18-րդ դար) որմնանկարները, Կոստանդին Շպատարակուի, եղբայրներ Աթանաս և Կոստանդին Կորչացիների (18-րդ դար) սրբապատկերները։

Աշխարհիկ գեղանկարչությունն սկզբնավորվել է 19-րդ դարում (Կ. Իդրոմենի, Ն. Մարտինի)։ Ալբանիայի 20-րդ դարի կերպարվեստագետներից են՝ գեղանկարիչներ Ս. Զեգան, Ա. Ռոտան, Վ. Միոն, Ն. Զայմին, Ս. Կացելին, քանդակագործներ Օ. Պասկալին, Յա. Պաչոն, Բ. Հոշին, Ա. Մանոն և ուրիշներ։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի ժողովրդական երաժշտությանը բնորոշ է տեղական ոճերի բազմազանությունը։ Պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթը սկսել է զարգանալ 1944 թվականից։ Ալբանական առաջին օպերան («Մրիկա», բեմադրվել է 1954) գրել է Պ. Յակովան, իսկ առաջին բալետը («Հալիլ և Հայրիա», բեմադրվել է 1963)՝ Տ. Դային։ Հայտնի երաժիշտներից են՝ կոմպոզիտորներ Ք. Կոնոն, Դ. Լեկին, Կ. Տրակոն, Զ. Զադեին, դիրիժոր Մ. Կրանայան։ Տիրանայում գործում են՝ ֆիլհարմոնիա (1950), օպերայի և բալետի թատրոն (1956), սիմֆոնիկ և փողային նվագախմբեր, երգչախմբեր, անսամբլներ։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայում թատերասերների տված առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1874 թվականին։ Ալբանական դրամատուրգիայի հիմնադիրն է Ս. Ֆրաշերին («Հավատարմության երդում», 1880)։ Թուրքական լծի դեմ ուղղված հայրենասիրական պիեսներ են գրել նաև Ա. Չայուպին, Ֆ. Պոստոլին և ուրիշներ։ Ալբանական առաջին պրոֆեսիոնալ թատրոնը կազմավորվել է 1944 թվականին, Տիրանայում (այժմ՝ ժողովրդական թատրոն)։ Պրոֆեսիոնալ թատրոններ են բացվել նաև Շկոդեր (1949), Կորչա (1950), Դուրրաս (1953) քաղաքներում։ Բեմադրվել են ալբանացի դրամատուրգների (Ս. Պիտարկա, Բ. Լևնյա, Ֆ. Պաչրամի, Ի. Ուրուչի և ուրիշներ) գործերը, համաշխարհային դասական և ժամանակակից պիեսներ։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստագրական կինոժապավեններ նկարահանվել են 1946 թվականից։ «Նոր Ալբանիա» կինոստուդիան կառուցվել է Տիրանայում, 1952 թվականին։ Խորհրդային կինոգործիչների հետ համատեղ նկարահանվել է «Ալբանիայի մեծ զորավար Սկանդերբեգը» (1954, ռեժիսոր՝ Ս. Ի. Յուտկևիչ, գլխավոր դերերից մեկում՝ Վահրամ Փափազյան

Հանդերձանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանական ավանդական հագուստեղենը ներառում է հագուստի 200 տեսակ Ալբանիայում և ալբանացիներով բնակեցված տարածքում։ Ալբանացիների զգեստները հաճախ զարդարված են խորհրդանշական հին ծագում ունեցող տարրերով՝ նման արևի, ասեղի, լուսինների, աստղերի և օձերի[2]։ Ալբանիայի գրեթե ամեն շրջան ունի սեփական ավանդական հանդերձանքը կանացի հագուստի՝ բերելով յուրահատուկ գունագեղ մանրամասներ։ Ավանդական ալբանական հագուստեղենը, պարերը և ֆոլկլորը ցուցադրվել է մի քանի փառատոներում՝ ներառյալ Գջիոքեստրի Ազգային ֆոլկլորի փառատոնը Գջիոքեստրում։ Սոֆրա Դարանդեն՝ ամեն հունիսին Բայրամ Գուրիում, Օդա Դեբրանեն՝ Պեշկոպիում, Լոգու Բջեշկեվեն ամեն օգոստոսին Կելմենտում։ Չամ Պարի փառատոնը Սարանդայում և ուրիշ փառատոներ ալբանական տարբեր քաղաքներում։ Այսօվա ալբանական հագուստեղենը նույնն է, ինչ որ եվրոպական մյուս քաղաքներինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Albania - Statistics". UNICEF. Retrieved 2012-09-17
  2. Leyla Belkaid (2013), "Albania", in Jill Condra, Encyclopedia of National Dress: Traditional Clothing Around the World I, ABC-CLIO, p. 16, ISBN 978-0-313-37636-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png