Բոսնիա և Հերցեգովինայի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոստարի Հին կամուրջ, 1557, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգություն

Բոսնիա և Հերցեգովինայի մշակույթ, Բոսնիա և Հերցեգովինա պետության ժողովուրդների (բոսնիացիներ, սերբեր, խորվաթներ) մշակույթ նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։

Հնագույն ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նետահարների կողմից հետապնդվող ձին», փորագրություն քարանձավում, Ստոլաց, մ. թ. ա. 14.000

Ներկայիս Բոսնիա և Հերցեգովինա պետությունն ունի մշակութային բազում շերտեր։ Նրանց առաջացումն ու անհետացումը պայմանավորված է այդ տարածքով տարբեր ժողովուրդների գաղթով։

Պալեոլիթի դարաշրջանը Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում նշանավորվել է Հարավարևելյան Եվրոպայի հնագույն հուշարձաններով` Ստոլաց քաղաքի (Հերցեգովինա) մերձակայքի Բադանժ (Badanj) քարանձավի փորագրություններով։ Առավել հայտնի է «Նետահարների կողմից հետապնդվող ձին» փորագրությունը, որը ստեղծվել է մ. թ. ա. 14.500-12.000 թվականներին[1]։

Նեոլիթի ու պղնձե դարի ժամանակաշրջանում Բոսնիա և Հերցեգովինայում տեղի է ունեցել միջերկրածովյան մշակույթների միաձուլում։ Հերցեգովինան գտնվել է արևմտյան միջերկրածովյան մշակույթի ազդեցության տակ, ինչն ակնհայտ է Մոստարի մոտակայքում գտնվող Կանաչ (Čairi), Կոնիցի և Գրուդի մերձակայքի քարանձավներից։ Մարդիկ այդ ժամանակներում ապրել են քարանձավներում կամ լեռների լանջերին։

Մ. թ. ա. 7-րդ դարից բրոնզը փոխարինվում է երկաթով, ի հայտ են գալիս արվեստի բրոնզաձույլ առարկաներ։ Իլլիրիացիների մշակույթը բրոնզի դարում սկսել է զարգանալ ներկայիս Խորվաթիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի տարածքներում։ Իլլիրիական ցեղերը հյուսիսի ժողովուրդների ազդեցությամբ ստեղծել են իրենց մշակութային արժեքները։

Այստեղ ապրած հնագույն ցեղախմբերի կյանքում մեծ նշանակություն է ստացել մահացածների պաշտամունքը, ինչը երևում է հուղարկավորումներից, ոչ խոր գերեզմաններում թաղումներից այն դեպքում, երբ հարավում մահացած մարդկանց թաղել են ավազաթմբերում։ Նրանց չափերը Հերցեգովինայում հասել են հինգ մետր բարձրության և հիսուն մետր լայնության։

Անտիկ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե բապտիստերիա, մ. թ. 4-րդ դար
Արծաթե խաչ, մ. թ. 7-րդ դար, Հերցեգովինա

Ներետվա գետի դելտայի ժողովուրդների արվեստը գտնվել է իլլիրիական դաորս ցեղի հելլենիստական ազդեցության տակ[2]։

Հռոմեացիները իլլիրիացիներին ենթարկել են մ. թ. ա. 1-ին դարում։ Բոսնիա և Հերցեգովինայի հետագա պատմությունը Հռոմեական կայսրության ու Բյուզանդիայի Իլլիրիա նահանգի պատմությունն է։

Բոսնիա և Հերցեգովինայում հռոմեացիները կառուցել են մի քանի ոչ մեծ եկեղեցիներ` զարդարված բարձրաքանդակներով։ Այսպես, Գրադացի եկեղեցական համալիրը (մ. թ. 184 թվական) մարմարե տաճար է, որ կառուցվել է կայսր Մարկոս Ավրելիոսի հիշատակին։

Հռոմեական ուշ շրջանի արվեստի նմուշներից են վիլլաների, քրիստոնեական դամբարանների, տաճարների ու մատուռների շինությունները Չապլինա քաղաքի մերձակայքում (4-րդ դարի սկիզբ)[3]։

Միջնադարը Բոսնիա և Հերցեգովինայի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարազարդում խորվաթական աղոթագրքից, Սպլիտ, 1404

Բոսնիա և Հերցեգովինայում ռոմանական ոճի արվեստը թափանցել է Խորվաթիայի տարածքից, սակայն այստեղ կիրառվել են միայն որոշ տարրեր։ Պահպանված ոչ մեծաթիվ հուշարձանները` ռոմանական ճարտարապետության տարրերով, թվագրվում են ավելի ուշ շրջանի։ Այս ոճին են վերաբերում Բոսնիայի տապանաքարերը, որոնք սկզբում կոչվել են ստեչկի (14-րդ դար), և սուրբ Լուկայի աշտարակի վերին հատվածները Յայցե քաղաքում (15-րդ դար)։

Գոթական արվեստի ազդեցությունը 14-րդ դարում նկատելի է քաղաքների ճարտարապետության մեջ։ Միջնադարյան շրջանում կառուցվել են պարզ ձևերով, խաչաձև գմբեթավոր տաճարներ (Օզրենի տաճար), ինչպես նաև մեկ նավով (Դոբրուն, 1383), ռոմանական (Յայցե), գոթական տաճարներ (Բիխաչե)։ Թուրքական տիրապետության շրջանում (1463 թվականից) այստեղ ձևավորվել է տների մի տեսակ` փակ ներքին բակով և աստիճանով, որը տանում է երկրորդ հարկ։ Փոքր քաղաքներն ունեցել են «սահաթ կուլու»` ժամացույցի աշտարակ։ Միջնադարում կառուցվել են մզկիթներ, մեդրեսե, բակեր, քարվանսարաներ, կամուրջներ, այդ թվում` թուրքական ճարտարապետության այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Հուսրեյ բեկի մզկիթը (1531, ճարտարապետ` Սինան), Ալի փաշայի մզկիթը (Սարաևո), Վիշեգրադի կամուրջը (1571, ճարտարապետ Սինան)։

Հնագույն ժամանակներից Բոսնիայի թագավորության մեծատոհմիկ ազնվականներին թաղել են ճանապարհների հարևանությամբ գտնվող մեծ գերեզմանոցներում։ Տապանաքարերը կոչվել են ստեչկիներ (թարգմանաբար` մարմար)։ Դրանք ունեցել են տարբեր ձևեր, երբեմն բոսնիական այբուբենի տեքստերով։ Շատ տապանաքարերի վրա պատկերված են խաչեր, կիսալուսին և այլ պատկերներ։

Մանրանկարչության արվեստում 12-14-րդ դարերում նկատելի է եղել սերբական և բյուզանդական ազդեցությունը։ Հայտնի են բոգոմիլյան ձեռագրերը` ժողովրդական մտածողության պարզ մանրանկարներով։

Օսմանյան մշակույթը Բոսնիա և Հերցեգովինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարում ամբողջ Բոսնիան մտել է Օսմանյան կայսրության մեջ, ինչի հետևանքով Վերածնունդի ու ուշ բարոկկոյի ազդեցությունը արևմուտքից նվազել է։ Առանձին տեղերում, որտեղ զարգացել է արևմտյան արվեստը, եղել են ֆրանցիսկյան վանքեր։ Նմանատիպ կառույցներ կան Դոյնիկում, Վիսոկոյում, Կրեսևոյում, Կրալիևա Սուտիեսկայում։

Իսլամական արվեստը զարգացել է մինչև 19-րդ դարը։

Այդ ժամանակ ստեղծվել են իսլամական ձեռագրեր` ձևավորված պարսկական ոճով, արաբական ինքնատիպ զարդարվեստով, կառուցվել է Մոստարի կամարակապ նշանավոր կամուրջը Ներետվա գետի վրա։

Բոսնիական իսլամական ճարտարապետության մեջ քարից կառուցվել են միայն կրոնական, հասարակական շինությունները, ամրությունները։ Մասնավոր տները կառուցվել են փայտից, կավից և հարդից։

Թուրքական տիրապետության շրջանում Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում երաժշտությունը զարգացել է արևելյան երաժշտության ազդեցությամբ։

Ավստրո-Հունգարիայի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարաևոյի ազգային գրադարան
Սարաևոյի արվեստի ազգային ակադեմիան Միլյացկա գետի ափին

Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիան նվաճելուց անմիջապես հետո վերջինս վերականդանացել է։ Այս շրջանի ինտենսիվ շինարարությունն ուղղված էր քաղաքների կառուցվածքային վերափոխմանն ու ժամանակակից դարձնելուն։ Ճարտարապետության մեջ զարգանում են էկլեկտիկ ոճը, կլասիցիզմը, նեովերածնունդը, նեոբարոկկոն և նույնիսկ նեոռոմանական ու նեոգոթական ոճերը։ Արևելյան էկլեկտիկա ոճը (նեոմավրիտանյան ոճ) զարգացել է Հարավային Իսպանիայի և Եգիպտոսի մավրիտանական ճարտարապետության հիման վրա։ Այս ոճերն իրենց արտացոլումն են գտել բոսնիական քաղաքների ճարտարապետության մեջ, ինչը հատկապես ակնհայտ է Սարաևոյի կառույցներից (Ազգային գրադարանի, քաղաքապետարանի շենքեր)։ Այս ոճով են կառուցվել Մոստարի և Տրավնիկի (ներկայումս` ծերանոց) գիմնազիաները։

Բոսնիական առաջին նկարիչները կրթություն են ստացել եվրոպական քաղաքների` գեղարվեստի խոշոր կենտրոններում (Վիեննա, Մյունխեն, Պրահա, Կրակով, Բուդապեշտ, Փարիզ)։ Նրանց կրթաթոշակ են հատկացրել այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են «Prosvjeta» և «Napredak» միավորումները։ Աթանասի Պոպովիչի, Բրանկո Ռադուլովիչի, Պետար Չայնի աշխատանքները ստեղծվել են ակադեմիզմի ազդեցությամբ` իմպրեսիոնիզմի, մոդեռնի ու պուանտիլիզմի տարրերով։

Հարավսլավիայի թագավորության ժամանակաշրջանի արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո կազմակերպվել են Հարավսլավիայի թագավորոթյան (խորվաթների, սերբերի ու սլովենների պետություն) նկարիչների միավորումներ։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ ցուցահանդեսներ։ Ցուցահանդեսի մասնակիցներից են եղել Ռոման Պետրովիչը, Յովան Բիյելիչը։

30-ական թվականներին ճարտարապետները գտնվում էին ֆունկցիոնալիզմի, Բաուհաուզի գաղափարների ազդեցության ներքո։ Այդ ուղղությունները կողմնակից էին ձևերի պարզեցման. շինությունները կառուցվում էին առանց ավելորդ տարրերի, պարզ պատուհաններով (Մոստարի Դրագո Իբլերի սոցիալական ապահովության շենք, 1935)։

Հարավսլավիայի սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետության ժամանակաշրջանի արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հարավսլավիայում նկարիչները պատկերում էին հեղափոխության ու պատերազմի թեմաներ։ Ստեղծվել են խոշոր հուշարձաններ` նվիրված պատերազմի ճակատամարտերին (Սուտիեսկա, Կոզարա, Մակլեն)։

Երկրում արտադրական հիմքով զարգանում են ձեռնարկությունները, կառուցվում են բնակելի ու հասարակական շինություններ, մարզահամալիրներ (Գաբրիչևո շրջան, Սարաևոյի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ)։ Ֆունկցիոնալիզմի ավանդույթները 60-ական թվականներին փոխարինվեցին շինությունների ճկուն արտահայտչականությամբ, բրուտալիզմով, տեղի նյութերի դեկորատիվ կիրառումով («Սկենդերիա սպորտկենտրոն, Սարաևոյի Ժողովրդական հեղափոխության թանգարան»)։ 1970-ական թվականներին նկատվում է ազգային գեղարվեստական արժեքների նկատմամբ հետաքրքրության աճ (Մոստարի «Ռազվիտակ» հանրախանութ)։

80-ական թվականների ճարտարապետության օրինակ է «Հոլիդեյ» հյուրանոցը, որը կառուցվել է 1983 թվականին, և Սարաևոյի «Յունիս» երկվորյակ աշտարակները (1986)։

Զարգանում է երաժշտական արվեստը։ 1946 թվականին Սարաևոյում հիմնադրվում է օպերային թատրոն, իսկ 1948 թվականին՝ ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը։ 1955 թվականին իր դռներն է բացել Երաժշտական ակադեմիան։ Ժամանակի կոմպոզիտորների ստեղծագործություններում գերիշխող են դառնում բանահյուսական մոտիվները, նեոկլասիցիզմի ոճով է ստեղծագործել կոմպոզիտոր Դ. Շկերլը։ Բոսիայի մուսուլմանների շրջանում տարածված են եղել սիրային թեմայով երգերը` այսպես կոչված սևդալինկաները[4]։

Արվեստը Բոսնիական պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:SarajevoHolidayInn.JPG
«Հոլիդեյ» հյուրանոցը Սարաևոյում, 1983, ճարտարապետ` Իվան Ստրաուս
Բոսմալ քաղաքի կենտրոնը, 1999

Բոսնիա և Հերցեգովինայում աշխատանքներ են իրականացվում մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։ Դա կարելի է տեսնել Մոստարի Հին կամուրջի և պատմական-մշակութային նշանակություն ունեցող այլ շինությունների վերականգնման օրինակով։ Շատ այլ ծրագրեր, ցավոք սրտի, մինչ օրս մնացել են անտեսված քաղաքական տարաձայնությունների ու ֆինանսների բացակայության պատճառով։

Բոսնիական պատերազմից հետո Սարաևոյում նկատվում է շինարարության աճ։ Այստեղ վերանորոգվել են երկվորյակ աշտարակները, կառուցվել է «Ավազ Թվիսթ» աշտարակը, որը Բոսնիա և Հերցեգովինայի ամենաբարձր աշտարակն է։ Շինությունում է հաստատվել մեծ ճանաչում ունեցող «Ավազ» թերթի շտաբ-բնակարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ivan Lovrenović 2001.
  2. Images of antiquities from Daorson Արխիվացված 2008-12-07 Wayback Machine
  3. Answers.com
  4. Токарев, С. А. и др. Народы зарубежной Европы. — Наука, 1964. — Т. 1. — С. 428.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Малькольм, Ноэль (1994). Босния Краткая история. Нью-Йорк Юниверсити Пресс. ISBN 0-8147-5520-8.
  • Riedlmayer, Андраш (1993). Краткая история Боснии-Герцеговины. Боснийский Рукопись Собирания Проекта.
  • «Umjetničko благо Босне я Hercegovine», несколько авторов, Svjetlost, Сараево, 1987.
  • Искусство стран и народов мира. т. 1, М., 1962.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]