Աջափնյակ (վարչական շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աջափնյակ (այլ կիրառումներ)
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Երևանի վարչական բաժանում |
| Մտնում է | Երևան |
| Շրջանի CEO | Արտակ Ադամյան |
| Բնակչություն | 110,300 մարդ (2024) |
| Տարածք | 25.82կմ² (11․21 %) |
| 40°11′57″N 44°28′14″E / 40.199166666667°N 44.470555555556°E | |
| yerevan.am/en/districts/achapnyak/ | |
Աջափնյակ, Հայաստանի մայրաքաղաք Երևանի 12 վարչական շրջաններից մեկը: Գտնվում է քաղաքի հյուսիսարևմտյան մասում՝ Հրազդան գետի աջ ափին, որտեղից էլ ստացել է իր անվանումը։ Ընդհանուր սահմաններ ունի Արաբկիր, Դավթաշեն, Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հետ։ Արտաքին սահմանագծով հարում է Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերին։
Բնակչությունը` 110,300 մարդ (2024), տարածքը` 25,82 կմ²։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Աջափնյակի տարածքը բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայում են Սիլիկյան թաղամասում հայտնաբերված մ.թ.ա. 2-րդ և 1-ին հազարամյակների դամբարանադաշտերն ու բնակատեղիները։ Այս գտածոները փաստում են, որ Հրազդան գետի աջ ափն ունեցել է ակտիվ կենսագործունեություն բրոնզե և երկաթե դարերում՝ հանդիսանալով պատմական Երևանի հնագույն բնակավայրերի բնական շարունակությունը։
Խորհրդային ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական շրջանի ժամանակակից պատմությունն սկզբնավորվել է 1950-ական թվականներին։ Մայրաքաղաքի կենտրոնական հատվածների գերբնակեցումը թոթափելու և բնակարանային ֆոնդն ընդլայնելու նպատակով՝ ՀԽՍՀ իշխանությունների կողմից որոշում կայացվեց կառուցապատել Հրազդան գետի աջափնյա բարձրադիր հարթավայրը։ Թաղամասի կառուցապատման գլխավոր հատակագիծը մշակվել է ճարտարապետներ Միքայել Մազմանյանի և Հովհաննես Նազարյանի կողմից։ Աջափնյակը հանդիսացել է Երևանի առաջին փորձարարական շրջանը, որտեղ ներդրվել և լայնորեն կիրառվել է արդյունաբերական շինարարության մեթոդը։ Այս մոտեցումը հնարավորություն ընձեռեց իրականացնել տիպային պանելային և բլոկային բնակելի շենքերի զանգվածային ու հոսքային կառուցում՝ հիմք դնելով քաղաքաշինական նոր՝ միկրոշրջանային համակարգին։
1950-1960-ական թվականներին կառուցապատվել են Աջափնյակի բուն թաղամասերը (1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ զանգվածներ), որոնք բնորոշվում էին ցածրահարկ և միջին հարկայնության տիպային շենքերով ու կանաչապատ ներբակային տարածքներով։ 1970-1980-ական թվականներին շրջանն ընդլայնվել է դեպի հյուսիս և արևմուտք, ինչի արդյունքում հիմնադրվել են Նորաշեն, Նազարբեկյան (նախկինում՝ Հարավ-արևմտյան Գ-3 թաղամաս) և Սիլիկյան թաղամասերը։ Հետագա ընդլայնման ընթացքում հիմնադրված 15-րդ և 16-րդ թաղամասերում ներդրվեցին բարձրահարկ պանելային կառուցապատման նոր լուծումներ, որոնք նախատեսված էին մեծաթիվ բնակչության տեղավորման համար։
Հետխորհրդային ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի անկախացումից հետո Աջափնյակի կառուցապատումն ընթացավ նախկինում հաստատված հատակագծային սկզբունքներով, թեև սեփականության իրավունքի փոփոխությունն էական ազդեցություն ունեցավ շրջանի քաղաքաշինական պատկերի վրա։ 1990-ական և 2000-ական թվականներին ավարտվեց մի շարք բազմաբնակարան շենքերի կառուցումը Նազարբեկյան և Նորաշեն թաղամասերում։ Միևնույն ժամանակ, շրջանի սահմանագծին հարող տարածքներն ընդլայնվեցին անհատական բնակելի տների զանգվածային շինարարության հաշվին։
2020-ական թվականներից վարչական շրջանում մեկնարկել է մասնավոր ներդրումներով իրականացվող լայնածավալ բնակարանաշինություն, որն ուղղված է նոր բնակելի թաղամասերի հիմնադրմանը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աջափնյակ վարչական շրջանի տնտեսական կառուցվածքում առաջնային դեր են խաղում շինարարության, սպասարկման և թեթև արդյունաբերության ոլորտները։ Շրջանի տնտեսական ակտիվությունը վերջին տարիներին պայմանավորված է մասնավոր հատվածի կողմից իրականացվող բնակարանաշինական խոշոր ծրագրերով և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդլայնմամբ։ Արդյունաբերական նշանակության ձեռնարկությունները ներկայացված են սննդամթերքի, դեղագործական և շինանյութերի արտադրությամբ։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական շրջանի տարածքում գործում են մշակութային և կրթական բազմաթիվ օջախներ, այդ թվում՝ երկու երաժշտական (Ա. Տեր-Ղևոնդյանի և Մ. Միրզոյանի անվան) և մեկ արվեստի դպրոց, ինչպես նաև համայնքային գրադարաններ։ Շրջանի տարածքում են գտնվում հանրապետական նշանակության խոշորագույն կառույցներ, ինչպիսիք են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտով։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական շրջանի տրանսպորտային ցանցը ներառում է մի քանի տասնյակ փողոցներ և մայրուղիներ, որոնցով անցնում են շուրջ 30 ավտոբուսային և մեկ տրոլեյբուսային (№ 15) երթուղիներ։ Շրջանի հիմնական տրանսպորտային զարկերակներն են Քըրք Քըրքորյան, Հալաբյան, Մազմանյան և Շիրազի փողոցները։ Աջափնյակն ունի տարանցիկ նշանակություն. այստեղով են անցնում դեպի Գյումրի (Մ-1) և Արմավիր (Մ-5) տանող միջպետական ավտոճանապարհները։ Տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման նպատակով նախատեսված է Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, որը կապահովի թաղամասի ուղիղ կապը քաղաքի կենտրոնի հետ՝ Հրազդանի կիրճի վրայով անցնող կամրջի միջոցով։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական շրջանի տարածքում գործում են կրթական տասնյակ հաստատություններ, այդ թվում՝ 20 նախադպրոցական հաստատություն և շուրջ 25 հանրակրթական դպրոց: Մասնավոր կրթական բնագավառում գործում են «Քվանտ» վարժարանը, «Հայ կրթություն» և «Էլիտար» կրթահամալիրները, ինչպես նաև «Լիտլ Էնջելս» միջազգային դպրոցը: Բարձրագույն կրթության ոլորտը ներկայացված է «Հայբուսակ» (հիմնադրված 1990 թ.) և Ագրարային (հիմնադրված 1992 թ.) համալսարաններով: Շրջանի գիտական հենքը 1943 թվականից ներկայացնում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնը: 1993-ից այստեղ գործել է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը, որը հետագայում տեղափոխվել է այլ վայր: 2011 թվականին շրջանում հիմնադրվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որն ապահովում է արտադպրոցական լրացուցիչ ուսուցում:
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աջափնյակ վարչական շրջանում գտնվում են տարբեր մարզաձևերի մասնագիտացված դպրոցներ և համալիրներ։ 1968 թվականից գործում է Աջափնյակի մանկապատանեկան մարզադպրոցը, որտեղ իրականացվում է բասկետբոլի, վոլեյբոլի և շախմատի ուսուցում։ Մարզական կյանքի զարգացման նպատակով 2005 թվականին հիմնադրվել է «ԱրմՖայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի խառը մարտարվեստների դպրոցը, իսկ 2013-ից շրջանում գործում է նաև շախմատի մասնագիտացված դպրոցը։ Վահագնի թաղամասի տարածքում է տեղակայված «Արարատ» մարզահամալիրը, որն ապահովում է պայմաններ տարբեր մարզաձևերով զբաղվելու համար։ Մարզական ենթակառուցվածքների կարևոր մաս է կազմում նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որը հյուրընկալում է միջազգային և հանրապետական նշանակության մրցաշարեր։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աջափնյակ վարչական շրջանի առողջապահական համակարգը բաղկացած է հանրապետական նշանակության բժշկական կենտրոններից և նեղ մասնագիտացված գիտահետազոտական հաստատություններից։ Շրջանի տարածքում է գտնվում 1970 թվականին հիմնադրված «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, որը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բուժհիմնարկներից մեկը։ Ոլորտային ենթակառուցվածքների մաս են կազմում նաև Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը և Մաշկաբանության ազգային կենտրոնը։ Բնակչության առաջնային առողջապահական սպասարկումն իրականացվում է թիվ 15 և թիվ 20 պոլիկլինիկաների միջոցով։ Բացի այդ, շրջանում գործում են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը, ինչպես նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աջափնյակ վարչական շրջանի տեսարժան վայրերն ընդգրկում են պատմամշակութային հուշարձաններ, ճարտարապետական կառույցներ և հանրային կանաչապատ գոտիներ։ Շրջանի տարածքում է գտնվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որը հանդիսանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համազգային նշանակության կոթող։ Դրան հարակից է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որն աչքի է ընկնում իր ինքնատիպ ու մոնումենտալ ճարտարապետական լուծումներով և հանդիսանում է մայրաքաղաքի կարևորագույն հանրային կառույցներից մեկը։ Բնակչության հանգստի և ժամանցի կազմակերպման համար առանցքային նշանակություն ունեն Թումանյանի և Բուենոս Այրեսի զբոսայգիները, որոնք հանդիսանում են շրջանի հիմնական կանաչապատ տարածքները։ Հատկանշական է, որ վարչական շրջանի տարածքում այս պահին գործող եկեղեցի չկա. 2000-ական թվականներից մեկնարկած Սուրբ Խաչ եկեղեցու շինարարությունն առայժմ մնում է անավարտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աջափնյակ (վարչական շրջան) կատեգորիայում։ |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||