Դեպի «Աջափնյակ» կայարան տանող թունելները փորվել են դեռևս Խորհրդային Միության տարիներին, նախանշված էր նաև կայարանի մուտքը։ Մնում էր միայն կառուցել Հրազդանի կիրճի վրայով անցնող կամուրջը ու անցկացնել գծերը։ Սակայն հսկայական ծախսերի պատճառով այդ նախագիծն առայժմ մնում է չիրագործված։
2014 թվականի հունիսին ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համագործակցության շրջանակներում բրիտանական խորհրդատվական մի ընկերությանը պատվիրված Երևանի մետրոպոլիտենի՝ դեպի Աջափնյակ մոտ 3-կիլոմետրանոց նոր ուղեգծի կառուցման իրագործելիության ուսումնասիրության արդյունքները։ Սակայն դա զուտ ուսումնասիրություն է և շինարարության վերսկսում դեռևս նախատեսված չէ։ Կառուցվելու դեպքում կօգտագործվի այժմ փորված թունելներից միայն մեկը՝ Մերգելյան ինստիտուտից դեպի Հրազդանի ձախ ափ, իսկ աջ ափից պետք է փորվի նոր թունել՝ դեպի Երևանի ֆիզիկայի ինստիտուտ։ Այդ թունելները կկապվեն կամրջով[1]։