Ալեքսանդրյան դպրոց
Ալեքսանդրյան դպրոց, գրականության, փիլիսոփայության, բժշկության և բնական գիտությունների ուսումնասիրությունների ընդհանուր անունը, որը ձևավորվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում՝ հելլենական և հռոմեական ժամանակաշրջաններում[1]։ Ալեքսանդրյան դպրոցը գոյություն է ունեցել մ.թ. 3-4-րդ դարերում։ Առավել հայտնի էին նեոպլատոնականություն և ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցները։
Դպրոցը կազմավորվել է մ.թ.ա. 3-2-րդ դարերում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որն այն ժամանակ հելլենական մշակույթի խոշորագույն կենտրոնն էր։ Հիմնական ուղղությունը բանասիրական-տեքստաբանական էր։ Հիմնադիրն էր Արիստարքոսը (մ.թ.ա. 217-145 թվականներ)։ Բանավիճելով ստոիկյան «անոմալիստների» դեմ՝ ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչները պաշտպանում էին «համաբանության» տեսությունը։ Զգալի ուշադրություն են դարձրել լեզվի հնչյունաբանությանը։ Մանրամասն հետազոտել են ձևաբանությունը՝ խոսքի մասերը։ Ականավոր ներկայացուցիչներից է Դիոնիսիոս Թրակացին[2]։
Ալեքսանդրիան դպրոցի կազմավորման ժամանակ հունական և արևելյան ազդեցություն կրող կրթական կենտրոն էր, ուներ բավականին ռեսուրսներ։ Հետազոտությունների մեծ մասը հավաքվում էին Ալեքսանդրիայի գրադարանում։ Այս շրջանում ստեղծվել են շատ էպոպեական բանաստեղծություններ, տարբեր աշխատություններ աշխարհագրությունից, պատմությունից, մաթեմատիկայից, աստղագիտությունից և բժշկությունից։
«Ալեքսանդրյան դպրոց» անվանումը օգտագործվում է նաև 1-ին դարից հետո Ալեքսանդրիայում տեղի ունեցած կրոնական և փիլիսոփայական զարգացումները նկարագրելու համար։
Ալեքսանդրիայի դպրոցում կրթություն է ստացել Դավիթ Անհաղթը, որն աշակերտել նշանավոր փիլիսոփա Օլիմպիադորոս Կրտսերին, երկար տարիներ դասավանդել է նրա դպրոցում, Արևմուտքում հռչակվել որպես «անհաղթ» փիլիսոփա։ Ինչպես Ալեքսանդրյան դպրոցի մյուս ներկայացուցիչների, այնպես էլ Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը համադրական բնույթ ունի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alexandrian school – Merriam-Webster Online
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։