Հովհաննես Տավուշեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Տավուշեցի
Ծնվել է1181
Մահացել էմարտի 18, 1251
ԳերեզմանԽորանաշատ վանք
Մասնագիտությունվանական

Հովհաննես Տավուշեցի (1181 - մարտի 18, 1251), հայ վարդապետ, ուսուցիչ, եղել է Մխիթար Գոշի աշակերտներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Տավուշեցին ծնվել է 12-րդ դարի 81 թվականին։ Նունյ դարասկզբին եղել է մեկ այլ Հովհաննես Տավուշեցի վանական, որը եղել է Մխիթար Գոշի ուսուցիչներից։ Որոշ ուսումնասիրություններ թյուրիմացաբար նույնացնում են այդ երկու գործիչներին։

Ստանալ է վարդապետական կոչում Նոր Գետկա վանքի դպրոցում և հիմնադրել Խորանաշատ վանքը, որտեղ էլ կազմակերպել է իր ինքնուրույն դպրոցը։ Խորանաշատ վանքը գտնվում է այժմյան Շամշադինի շրջանի Չինարի գյուղին մոտիկ, անտառի մեջ։

Որոշ բանասերներ վանքի կառուցումը նշում են 1191 թվականը, սակայն վանքի վրա պահպանված շինարարական չորս արձանագրությունները կրում են 1211, 1216, 1220 և 1222 թվականները։ Այդ արձանագրություններից պարզ է դառնում, որ 1220 թվականին դեռ ավարտված չի եղել եկեղեցու շինարարությունը, իսկ 1222 թվականին՝ նաև գավթինը։ Դրանից հետևում է նաև որ Խորանաշատ վանքի կառուցումը 1191 թվականին վերագրելը հակասում է գոյություն ունեցող պատմական փաստերին։ Անհավանական է նաև այն ենթադրությունը, ըստ որի վանքի կառուցումը պետք է սկսված լինի 1191 թվականին, որովհետև այդ ժամանակ Հովհաննես Տավուշեցին դեռ գտնվում էր Նոր Գետկա վանքի դպրոցում։

Խորեզմի շահ Ջալալեդդին դեպի Թբիլիսի կատարած իր արշավանքների ճանապարհին, 1225 թվականի վերջերին ավերել է նաև Խորանաշատ վանքը։ Հովհաննես Տավուշեցին իր մի խումբ սաների հետ փախչել, իրենց հետ տանել վանքի ձեռագիր գրքերն ու թանկարժեք սպասքները։ Նրանք գնացել են վանականի հայրենի գյուղը և Ոլորուտ գյուղի դիմաց, ժայռի մեջ փորել են քարանձավ, որի մեջ նաև եկեղեցի և շարունակել ուսուցումը։ Իսկ երբ ունկնդիրների թիվը շատացել է և քարանձավում նրանք չեն տեղավորվել, նրանք իջել են քարափի ստորոտը և կառուցել իրենց համար բնակելի շենքեր և եկեղեցի[1]։

1235 թվականին, մոնղոլական հսկա բանակը Մուղանի դաշտից շարժվել է Աղվանքի, Վրաստանի և Հայաստանի վրա։ Այդ զորաբանակից մի զորախումբ, Մոլար Նուինի գլխավորությամբ, Շամքոր քաղաքի վրայով առաջ է շարժվել Տավուշ գետի վրայով և 1236 թվականի ամռան սկզբներին գրավել Տաուշ ամրոցը։ Հովհաննես Տավուշեցին իր աշակերտների և գյուղի բնակիչների հետ փախել են թաքնվել ժայռերում։ Մոնղոլ զավթիչները պաշարել են ժայռերը և նրանց գերի վերցրել։ Այդ ամենին մասնակցել է նաև Կիրակոս Գանձակեցին, որը թողել էր Գոշավանքը և եկել աշակերտելու Հովհաննես Տավուշեցու մոտ<ref Կիրակոս Գանձակեցի, էջ 230-231</ref>։

Ըստ Գանաձակեցու՝ Հովհաննես Տավուշեցին հանդիպել է մոնղոլ հրամանատարի հետ՝ գերիներին բաց թողնելու նպատակով, սակայն նա կողոպտվել է և նույնպես գերեվարվել։ Գերիներից որոշներին հաջողվում է փախչել, իսկ որոշներին բռնում են և տանջամահ անում։

Գագա դաշտի բնակիչներին հաջողվում է 80 ոսկու դիմաց ազատել Հովհաննես Տավուշեցուն, իսկ Կիրակոս Գանաձակեցուն հաջողվում է փախչել և ապաստանել Գոշավանքում, իսկ Հովհաննես Տավուշեցին հաստատվում է իր հիմնած Խորանաշատ վանքում և շարունակում իր ուսումնադաստիրակչական աշխատանքը։ Նրա մոտ են աշակերտել Կիրակոս Գանձակեցին, Վարդան Բարձրբերդցին, Մաղաքիա Աբեղան և ուրիշներ։

Հովհաննես Տավուշեցին մահացել է 1251 թվականի մարտի 18-ին և թաղվել իր կառուցած վանքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]