Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան
Դիմանկար
Ծնվել է1925
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2012
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիությունհայ
Մայրենի լեզուհայերեն
ՄասնագիտությունԱրվեստաբան

Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան (1925, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2012, Երևան, Հայաստան), հայ արվեստաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը ծնվել է 1925 թվականին Թիֆլիսում (Թբիլիսի)։ Հայրը՝ Միքայել Տեր-Գաբրիելյանը, եղել է տնտեսագետ, մայրը՝ Լյուբով Տեր-Գաբրիելյանը (Գյոդակյան), մանկավարժ։ Ծնողները սերում էին Շուշիից։ 1926 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան և բնակարան ստացել այժմյան Կողբացի, այն ժամանակ՝ Թումանյան փողոցի նորակառույց շենքում։ Նույն փողոցում է գտնվել այն ժամանակվա կառավարության նստավայրը՝ Ժողկոմխորհը, որի նախագահը՝ Սահակ Տեր-Գաբրիելյանը, հրավիրում է Ալեքսանդրի հայրիկին աշխատելու Պետական բանկում, որպես տնօրենի տեղակալ ֆինանսական հարցով և ավագ տնտեսագետ։ Ալեքսանդրի ավագ քույրը՝ Էլեոնորան, ընդունվում է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի, իսկ Ալեքսանդրը՝ ջութակի դասարան։ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ Ալեքսանդրը ստամոքսի խոցի պատճառով ազատվում է զինվորական ծառայությունից։ 1942 թվականին մեկնում է Մոսկվա և ընդունվում Կինեմատոգրաֆիայի բարձրագույն պետական ինստիտուտ՝ ՎԳԻԿ, սակայն միջոցների բացակայության պատճառով այնտեղ ուսումը չի շարունակում և վերադառնում է Երևան, որտեղ 1943 թ. ընդունվում է Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։

1937 թվականը և ստալինյան բռնաճնշումները խորը հետք են թողել Ալեքսանդրի կյանքում։ Մի շարք ավագ ծանոթներ, բարեկամներ բռնաճնշումների են ենթարկվում, սպանվում։ Ալեքսանդրի ծնողները, և նրանց շնորհիվ ինքը՝ մանուկ հասակից, շփվել է շատ երևելիների հետ՝ Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Իսահակյանի և այլն։ Սպանվում է (կամ ինքնասպան է լինում) ձերբակալված Սահակ Տեր-Գաբրիելյանը (Ստալինի մահից հետո նրան հետմահու արդարացնում են և այն փողոցը, որտեղ գտնվում էր նրա նստավայրը, վերանվանում Տեր-Գաբրիելյան)[1]։ Ալեքսանդրի մեկ այլ ազգական՝ գիտնական, պետական գործիչ, ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանը սպանվում է, աքսորվում է նրա եղբայրը՝ պատմաբան, պետական գործիչ, հետագայում ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը։ Ալեքսանդրի հայրը թեև չի բռնադատվում, սակայն, պաշտոնը թողնելով, ինքնագաղթում է Ղազախստան[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Ալեքսանդրն աշխատում է Ռուսական, ապագայի Գ. Սունդուկյանի անվան և Պատանի հանդիսատեսի թատրոններում որպես դերասան և նվագում նվագախմբերում որպես ջութակահար։ 1953 թվականին, Ստալինի մահից հետո, նրան հրավիրում են աշխատելու նոր կազմավորվող Կուլտուրայի մինիստրություն (Մշակույթի նախարարություն, մինչև 1955 թվականը՝ Արվեստի գծով գլխավոր վարչություն)՝ կերպարվեստի բաժին։ Այդ թվականից սկսած ավելի քան երեք տասնյակ տարի աշխատում է այդ բաժնում, դառնալով Կերպարվեստի և թանգարանների բաժնի / վարչության բազմամյա ղեկավար։

Նախարարությունում իր աշխատանքի ընթացքում Տեր-Գաբրիելյանը կազմակերպում է բազում ցուցահանդեսներ, հիմնադրում թանգարաններ և այլ միջոցներով աջակցում կերպարվեստի գործիչներին։ Նրա շրջապատն այդ տարիներին կազմում են հայ արվեստի շատ երևելի գործիչներ՝ Սարյանը, Մինասը, Ռաֆայել Իսրայելյանը, Ջիմ Թորոսյանը, Երվանդ Քոչարը, Էլիբեկյան եղբայրները, Մարտին Պետրոսյանը, Արտո Չաքմաքչյանը, Առաքել Առաքելյանը, Սերգեյ Փարաջանովը, Անատոլի Պապյանը, Երվանդ Գոջաբաշյանը, Լևոն Լազարևը, Միքայել Մազմանյանը և այլք։ 1950-ականների վերջին մասնակցել է «Ամերիկյան գրաֆիկա» ցուցահանդեսի կազմակերպմանը Երևանում, երբ ստալինյան դարաշրջանից հետո առաջին անգամ ամերիկյան խոշոր ցուցահանդես է ժամանում Երևան։ 1965 թվականին կազմակերպում է Հայաստանի մշակութային օրերը Բուլղարիայում. այստեղ արժանանում է Ռուսսե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման։

Իր գործունեության ընթացքում Տեր-Գաբրիելյանը կարևոր դերակատարություն է ունենում նաև այնպիսի նախաձեռնություններում, ինչպես «Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցահանդեսի կազմակերպումը Լուվրում (1970), աջակցում է իր բազմամյա բարեկամ և գործընկեր Հենրիկ Իգիթյանին Մանկական պատկերասրահի (1970) և Ժամանակակից արվեստի թանգարանի (1972) կազմակերպման գործում, ինչպես նաև՝ Սարդարապատի հուշահամալիրի և թանգարանի, Փայտի թանգարանի, Ռուսական արվեստի թանգարանի (բժիշկ Արամ Աբրահամյանի հավաքածու) ստեղծմանը։ Մասնակցել է Հայաստանի տարածքում մոտ երեսուն թանգարանների և Մշակույթի տների կազմակերպմանը, ներառյալ Ձիթողցյանների տունը Գյումրիում, Հրազդանի պատկերասրահը, Օրբելիների թանգարանը Ծաղկաձորում և այլն։

1972 թվականին դառնում է Նկարիչների միության անդամ։

1986 թվականին, վերակառուցման ժամանակաշրջանի սկզբին, Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի պետական պատկերասրահի տնօրեն։ Այստեղ, հենվելով նվիրյալ աշխատակիցների օգնությանը (Սերգեյ Խաչիկօղլյան - Սարգիս Խաչենց, Հելլեն Գայֆեճյան, Մերի Սարգսյան, Ալիս Բաքրջյան, Ջեմմա Միրզոյան և այլք) իրագործել է մի շարք կազմակերպչական բարեփոխումներ, էքսպոզիցիոն փոփոխություններ։ Առաջին անգամ Պատկերասրահի պատմության մեջ սկսվում է էքսպոնատների գիտական և համապարփակ հաշվառումը, հիմնված ժամանակակից մեթոդաբանության վրա։ Ա. Տեր-Գաբրիելյանը զարկ է տալիս ռեստավրացիոն աշխատանքներին[3], արխիվացիայի նոր սկզբունքներ մշակելուն, հավաքածուների վերականգնմանը և վերակազմակերպմանը, նորոգումներ իրագործում, նկարների համար ավելի համապատասխան կլիմայական պայմաններ ապահովելու նպատակով տեղադրում օդորակիչներ և այլն։ Պատկերասրահի գիտական քարտուղար Սերգեյ Խաչիկօղլյանին աջակցում է, որպեսզի վերջինս հիմնադրի հրատարակումների այն շարքը, որը հետագայում դառնում է «Սարգիս Խաչենց» հրատարակչություն՝ աջակցելով համաշխարհային արվեստաբանական և փիլիսոփայական մտքի հայերեն թարգմանության գործընթացին։ Նույն տարիներին գրում է մի շարք հուշապատմություններ՝ 20-րդ դարի արվեստին, ստալինյան բռնաճնշումներին վերաբերող, և հրապարակում վերակառուցման ժամանակաշրջանի հայաստանյան մամուլում «Տխուր հուշարձաններ» խորագրի տակ։

1990 թվականին հեռացվել է աշխատանքից, բախման մեջ մտնելով ինչպես Խորհրդային Հայաստանի վերջին կառավարության, այնպես էլ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդների հետ։ Այդ պատմությունը համառոտ արտացոլված է Հելլեն Գայֆեճյանի՝ 2019 թվականին լույս տեսած «Ավանգարդ ժամանակաշրջանի ռուսական և հայկական գեղանկարը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում (1900-1930)» ալբոմի վերջաբանում[4] և «Գոլոս Արմենիի» թերթում լույս տեսած հոդվածում[5]։

Իր գործունեության վերջին տարիներին Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, լինելով Հանրապետական նշանակության անհատական թոշակառու, աշխատել է Հուշարձանների պահպանության պետական կոմիտեում՝ իր բազմամյա բարեկամ և համախոհ Լավրենտի Բարսեղյանի ղեկավարության տակ։ Թոշակի անցնելուց հետո աշխատում է «Մուզա» հասարակական կազմակերպությունում, ինչպես նաև որպես փորձագետ՝ արտահանման ենթակա արվեստի գործերի գնահատման հանձնաժողովում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Նելլի Օհանյանը (1937-2018), աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես խմբագիր, մասնակցելով մի շարք ֆիլմերի արտադրությանը՝ «Շեկ ինքնաթիռը», «Զինվորն ու փիղը» և այլն, եղել է Կինեմատոգրաֆիստների միության անդամ։

Իր ժառանգներն են երկու դուստրը՝ Անահիտ և Մարիամ, և որդին՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Անաստված» կինոթատրոնը - Հրապարակված գրքեր - Nouvelle Observatoire Kreatiff 3». www.gtergab.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. «Михаил Тер-Габриелян - Материалы близкого круга - Nouvelle Observatoire Kreatiff 3». gtergab.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. «Александр Тер-Габриелян и Национальная Галерея - Материалы близкого круга - Nouvelle Observatoire Kreatiff 3». gtergab.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. Э.В., Гайфеджян (2019 г.). Русская и армянская живопись эпохи авангарда в собрании Национальной Галлереи Армении (1900-1930). Ереван: Айагитак. էջեր 398 стр., 207 цв. иллюстраций. Послесловие: стр. 398-399.
  5. «ЭЛЛЕН ГАЙФЕДЖЯН. ПОСВЯЩЕНИЕ». golosarmenii.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]