Էդուարդ Արծրունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Արծրունյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1929(1929-12-28)
ԾննդավայրԼենինական, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 5, 2010(2010-05-05) (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԳյումրու նկարչական դպրոց (1944), Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1946) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1951)
Մասնագիտություննկարիչ
Ներշնչվել էՎարդգես Սուրենյանց, Սեդրակ Առաքելյան, Ստեփան Աղաջանյան, Ռեմբրանդտ վան Ռեյն, Պոլ Սեզան, Անրի Մատիս և Պոլ Գոգեն
Պարգևներ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Էդուարդ Սիմոնի Արծրունյան (դեկտեմբերի 28, 1929(1929-12-28), Լենինական, ԽՍՀՄ - մայիսի 5, 2010(2010-05-05), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938-1944 թթ. սովորել է հայրենի քաղաքի՝ Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1944-1946 թթ.՝ Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Այնուհետև պատանի նկարիչը տեղափոխվել է Լենինգրադ` ուսանելու։ Սկզբում սովորել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին կից արվեստի դպրոցում` 1947-1951 թթ., այնուհետև՝ 1951-1957 թթ., նույն ինստիտուտում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1963-1974 թթ. Արծրունյանն աշխատել է Մոսկվայի «Պլակատ» հրատարակչությունում, որպես պաստառի առաջատար մասնագետ։ 1974 թ. Արծրունյանը մշտական բնակության է վերադարձել հայրենիք։ 1984 թ. նկարիչն արժանացել է վաստակավոր, իսկ 1990 թ.` ժողովրդական նկարչի կոչման։ Էդուարդ Արծրունյանը կյանքից հեռացել է 2010 թ. մայիսի 5-ին։

Ոճերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Արծրունյան անունը հայ ժամանակակից կերպարվեստում շրջանառվել է դեռևս անցած դարի 60-ականներից, երբ երևան եկան այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Օնիկ Մինասյանը, Աշոտ Մելքոնյանը և այլք։ Այդ տարիներին արևմտյան կերպարվեստի ձեռքբերումները մեզնում տեղայնացնելու փորձերի շնորհիվ հայկական ժամանակակից գեղանկարչությունն աննախադեպ վերելք ապրեց, մինչդեռ Արծրունյանը, հրաժարվելով գայթակղությունից, շարունակեց հայ դասականների` Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի գործը։

Նա, կատարելագործելով թեմատիկ կոմպոզիցիայի ժանրը, հարստացրեց հայ կերպարվեստի գունապնակը արծրունյանական գունամտածողությամբ։ Էդուարդ Արծրունյանը ստեղծագործական երկար ճանապարհ է անցել՝ շուրջ 60 տարի, և այդ ընթացքում շարունակական պրպտումների մեջ է եղել. իրեն փորձել է տարբեր ոճերում և «իզմերում», ինչի արդյունքում մենք տեսնում ենք մի անուն, ով մեծ վարպետությամբ հանդես է եկել ակադեմիական, ռեալիստական, սոցռեալիստական, ռոմանտիկ, իմպրեսիոնիստական, պոստիմպրեսիոնիստական, ֆով, կուբո-վերացական ուղղություններում։ Նկարչի արվեստին առանձնահատկություն են հաղորդում նրա թեմատիկ հետաքրքրությունները, որոնք նրա ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում անփոփոխ մնացին՝ ազգային-պատմական, ազգագրական-կենցաղային և ծիսական։

Էդուարդ Արծրունյանը ստեղծագործել է նաև գրաֆիկայի ժանրում՝ պաստառ, բեմանկարչություն։

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Արծրունյանը ստեղծել է 1000-ից ավելի գեղանկարչական աշխատանքներ, հիմնականում թեմատիկ կոմպոզիցիայի ժանրում, ինչպես նաև դիմանկարներ և բնանկարներ, որոնք պահպանվում են նկարչի ընտանիքի հավաքածուի մեջ, Հայաստանի ազգային պատկերասրահի, Մոսկվայի Տրետյակովյան, Պուշկինի և Արևելյան ժողովուրդների թանգարանների մշտական ցուցադրությունում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։

Որմնանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկարի ժանրին Արծրունյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում մեկ անգամ է անդրադարձել։ Եվ այդ ժանրի նրա միակ ստեղծագործությունը, որն իրականացվել է Խաչիկ Հարությունյանի հետ համատեղ, վերջերս է գտնվել, քանի որ երկար տարիներ շարունակ նկարիչն այն ոչնչացված էր համարում։ «Հայաստան» որմնանկարը տեղակայված է ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի զինվորական զորամասում։ Շնորհիվ Անահիտ Կորյունի ջանքերի, այն ընդգրկվել է ՀՀ մշակութային հուշարձանների ցանկում[փա՞ստ]։ Որմնանկարը ոչ միայն ամրակայման և վերականգնման կարիք ունի, այլև հանրահռչակման[1]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագետն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ հայրենիքում և նրա սահմաններից դուրս՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Կիպրոս, Իրան և այլուր։ Նրա ստեղծագործությունները ներկայացված են մշտական ցուցադրության Մոսկվայի Տրետեկովյան, Պուշկինի, Արևելյան ժողովուրդների թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, մասնավոր հավաքածուներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդուարդ Արծրունյան. Ցուցահանդեսի կատալոգ, առաջաբանը՝ Մարինա Ստեփանյան, 1986, Երևան
  • Эдуард Арцрунян. Каталог выставки, Авт. вступ. ст. М.Г. Степанян, 1989, Москва
  • Ամենանկարիչ նկարիչը. քառալեզու ակնարկաշար, հեղինակ՝ Անահիտ Կորյուն / Մանուկյան/, 2011, Երևան
  • Արծրունյանական գլուխգործոցներ. ալբոմ, կազմեց և առաջաբանը գրեց՝ Անահիտ Կորյուն / Մանուկյան/, 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էդ. Արծրունյանի «Հայաստան» որմնանկարը նորահայտ օբյեկտների ցանկում է | Asparez». www.asparez.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]