Ծնվել է 1923 թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-1948) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-1954)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 1961)։ 1962 թվականին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։
Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։
«Վիշտ» (1961) Մանկուց հորը կորցրած, ծանր կյանք ապրած նկարչին մշտապես հուզել է կյանքի հորձանուտում գտնվող, թշվառ, տառապող, ճակատագրի դեմ մաքառող մարդկանց կերպարները։ Աթոռին նստած է մարդը՝ գլուխն առած ափի մեջ։Նա պատկերված է այնպես, որ առաջին հայացքից թվում է, թե գլուխն անջատված է ուսերից։ Երկար դիտում ես ու մտածում ՝ իրավ, միտքն անկարող է օգնել մարդուն ելք գտնելու անելանելի վիճակից։
«Դերձակը» (1959)։ Կարի մեքենաի առջև, ասես մեքենաին ձուլված անձը հայցքը մտախոհ հառել է հեռուն, խորհում է իր դժվար կյանքի մասին, որն սկսվել ու ավարտվելու է այդ մեքենայով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 72)։