Վաղարշակ Էլիբեկյան
Վաղարշակ Էլիբեկյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1910 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 5, 1994 (83 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Զավակներ | Հենրի Էլիբեկյան և Ռոբերտ Էլիբեկյան |
Վաղարշակ Հարությունի Էլիբեկյան (օգոստոսի 10, 1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 5, 1994, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1968)։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրի և ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանների հայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1925-1927 թվականներին սովորել է Թբիլիսիի Հայարտան գեղարվեստի ստուդիայում, կից՝ նկարիչ Գրիգոր Շարբաբչյանի ղեկավարած գեղարվեստի դպրոցը։ 1936-1956 թվականներին աշխատել է Թբիլիսիի պատանի հանդիսատեսի և դրամատիկական հայկական թատրոններում, եղել է Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոնի տնօրեն, միաժամանակ նաև գեղարվեստական խորհրդի նախագահ և բեմադրող-նկարիչ։
1974 թվականից հանրապետական նշանակության պատվավոր թոշակառու, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ։ 1970 թվականին տեղափոխվել է Երևան[1]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիբեկյանի ստեղծագործության թեման հին Թիֆլիսն է («Թատերական Թբիլիսի», 1976 թվական, «Հավլաբարի հրապարակը», 1978 թվական )։ Էլիբեկյանը կտավները գործածել է իբրև բեմադրավայր, թիֆլիսյան կյանքն ասես բեմականացված է, հին քաղաքի մթնոլորտն արտահայտված է շարժուձևերի, կեցվածքի, դիմախաղի մեջ։ Այս բազմասյուժե ներկայացման գունայնության միջավայրում կենսախինդ պատկերված է առօրյան՝ քաղաքի մարդկանց՝ կինտոների ու դուքանչիների, զուռնաչիների ու հարսանքավորների մասնակցությամբ։ Էլիբեկյանը մնայուն է պահում նաև հին Թիֆլիսի ճարտարապետական նկարագիրը՝ նեղ ու ծուռ փողոցների, կղմինդրե շենքերի զարդանախշ պատերի, ճաղաշար պատշգամբների, զիգզագաձև քիվերի ու աստիճանավանդակների պատկերներով[2]։
Ձևավորել է ներկայացումներ (Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1939 թվական, Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոն)։
Տպագրել է «Ձոներգ հին Թբիլիսիին» ալբոմը («Խելովնեբա», Վրաստան, «Սովետական գրող», Հայաստան)։ 1991 թվականին լույս է տեսել «Վաղարշակ Էլիբեկյան» ալբոմը («Կերպարվեստ», Մոսկվա)։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Վրաստանի ազգային պատկերասրահում (Թբիլիսի), Մոսկվայի և Բաքվի պատկերասրահներում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1976), Թբիլիսիում (1977), Լոնդոնում (1985), Լոս Անջելեսում (1986)։
Մեջբերումներ Վաղարշակ Էլիբեկյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
«Էլիբեկյանի նկարները հիշողություններ են։ Դրանցում հաստատվում են քաղաքի կենսասիրությունն ու կենսուրախությունը, միայն իրեն բնորոշ տոնականությունը»։
Ռուբեն Զարյան,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[3]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վաղարշակ Էլիբեկյան
- Վաղարշակ Էլիբեկյան - Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
- Հին Թիֆլիսը՝ Ջոկոնդա, արև ու ծով... Վաղարշակ Էլիբեկյան (լուսանկարներ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Էլիբեկյան ընտանիքի գեղանկարչական էսթետիկան»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2014-03-12
- ↑ «Մեր սերունդն անցել է շատ դժվարությունների միջով, իսկ դժվարությունները ստեղծագործողի համար ավելի հետաքրքիր մթնոլորտ են ստեղծում»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 36)։ ![]() |